Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան «Խաղաղության հռչակագրով» հաստատվել է խաղաղություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցում է Ձեր վստահության քվեն՝ այդ խաղաղությունը պահպանելու, այն անշրջելի ու հարատև դարձնելու համար:
Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է:
Պաշտպանունակ բանակը ևս խաղաղության պահպանման էական գործոն է և մեր անկախության առանցքային բաղադրիչը:
Վերջին տարիներին բանակի զարգացման նպատակով իրականացվել են ընդգրկուն բարեփոխումներ. ձեռք են բերվել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հայրենական արտադրության: Զգալիորեն զարգացել է ռազմարդյունաբերական համալիրը, իրականացվել են մեծածավալ ամրաշինական աշխատանքներ, ստեղծվել են տասնյակ ամրացված շրջաններ:
Մենք շարունակելու ենք ՀՀ բանակի բարեփոխումները՝ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի հիման վրա: Այս գործընթացի նպատակը Հայաստանի երկարաժամկետ անվտանգության և պաշտպանունակության հուսալի ապահովումն է:
Ձեր երեխայի կրթությունն ու ապագան պետության առաջնահերթություններից են:
2026 թվականին կավարտվի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը: Առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել ևս 100 մանկապարտեզ, ինչպես նաև խոշորացված համայնքներում ապահովել 0-ից 2 տարեկան երեխաների խնամքի հասանելիությունը:
Կառուցվելու կամ վերակառուցվելու է ևս 300 դպրոց՝ հագեցած ժամանակակից լաբորատորիաներով, մարզադահլիճներով և նոր գույքով: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա օժտված է տաղանդով, և այդ տաղանդները զարգացնելու նպատակով ձեր համայնքներում կկառուցվի 100 արվեստի և մարզական դպրոց:
Մինչև 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը շարունակվելու է վճարվել պետական բյուջեից:
Մենք նախատեսում ենք երեխայի ծննդյան պահից սկսած ծնողի հետ միասին պետական համաֆինանսավորմամբ խնայողություններ կուտակել նրա կրթության համար:
Ձեզ համար խաղաղ պայմաններում որակյալ կրթություն ստանալու և արժանապատիվ աշխատանք գտնելու հնարավորությունն ապահովելը մեր առաջնային առաջնահերթությունն է:
Արդեն 2 տարուց ավելի է, ինչ Ադրբեջան-Հայաստան սահմանին հրաձգությունից զոհ կամ վիրավոր չի եղել:
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է 6 ամսով:
«Ակադեմիական քաղաքը» դառնալու է միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական միջավայր:
Առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել տարեկան առնվազն 25000 նոր աշխատատեղ: Ձևավորելու ենք «Հայաստանի բնակարանային բորսի» բնակարանային քաղաքականության գաղափարախոսությունը և ապահովելու ենք դրա ներդրումը:
Մեզ համար կարևոր է, որ աշխատելով՝ Դուք ապրեք բարեկեցիկ:
2018-2026 թվականներին ստեղծվել է ավելի քան 280 հազար գրանցված աշխատատեղ, և Հայաստանի տնտեսությունը դարձել է տարածաշրջանի ամենաարագ աճողներից մեկը: 2026-2031 թթ. ժամանակահատվածում հարկային օրենսգիրքը փոփոխության կենթարկվի տարեկան առավելագույնը մեկ անգամ՝ հարկային միջավայրը դարձնելով առավել կանխատեսելի և կայուն:
Հանրապետության ամբողջ տարածքում կներդրվի միասնական տրանսպորտային համակարգ, որը կապահովի կանոնավոր կապ բոլոր բնակավայրերի միջև:
Կկառուցվեն Քաջարանի, Դիլիջանի, Բարգուշատի և Պուշկինի թունելները, ինչպես նաև կհիմնանորոգվի 2500 կմ ճանապարհ՝ երաշխավորելով անվտանգ և արագընթաց տեղաշարժ:
Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ արդեն իսկ կառուցվել է 2400 տուն: Ծրագիրը շարունակական է. ևս 3000 տուն կկառուցվի սահմանամերձ և նոր դպրոցներով գյուղերում:
Ձեր առողջությունն ու անվտանգությունը մեր ամենաբարձր առաջնահերթություններից են:
Վերջին տարիներին կենսաթոշակները գրեթե եռապատկվել են: Առաջիկայում դրանք շարունակաբար կաճեն՝ նվազագույն սպառողական զամբյուղի գնին համապատասխան, որպեսզի ապահովվի մեր քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակը:
Առողջապահության ոլորտում կկառուցվի կամ կվերազինվի 50 բժշկական կենտրոն, որոնցից 20-ը կունենան միջազգային չափանիշներին համապատասխանող որակավորում: Առողջության համապարփակ ապահովագրությունը կլինի շարունակական՝ ապահովելով բժշկական ծառայությունների բարձր որակ և հասանելիություն բոլորի համար:
Մենք երաշխավորել և երաշխավորում ենք ազատ մրցակցություն և թափանցիկ գործարար միջավայր:
Մենք ապահովելու ենք ՀՆԱ-ի տարեկան առնվազն 6% միջին աճ: Պետական աջակցության ծրագրերով տնտեսության մեջ կներդրվի 20000 միավոր նորագույն մեքենասարքավորում, իսկ գյուղատնտեսության ոլորտում՝ 3000 տրակտոր և 2000 միավոր վերամշակող սարքավորում: Նախատեսվում է կառուցել 150 հա տեխնոլոգիապես հագեցած ջերմատնային տնտեսություններ և հիմնել 7500 հա ինտենսիվ այգի: Բացի դրանից, կստեղծվի 50 «խելացի» անասնաշենք, ինչը զգալիորեն կբարձրացնի մսի և կաթի արտադրության ծավալներն ու որակը:
Կստեղծվեն բերքահավաքի ժամանակակից կենտրոններ և 25 նոր սառնարանային տնտեսություն: Հայաստանի արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կհասնի 8.9 մլրդ դոլարի:
Արդյունաբերության ծավալը կհասնի 5 տրիլիոն դրամի՝ բիզնեսի զարգացման համար ստեղծելով նոր հնարավորություններ:
Հայաստանի տարբեր քաղաքներում կձևավորվի 7 զբոսաշրջային կլաստեր, զբոսաշրջիկների տարեկան թիվը կհասնի 3 միլիոնի: Միկրոբիզնեսի շեմը էականորեն կբարձրացվի:
Ձեր աշխատանքը արժևորված և պաշտպանված է:
Վերջին տարիներին կամավոր ատեստավորման շնորհիվ բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձն էականորեն բարձրացել է: Գիտության ֆինանսավորումն աճել է աննախադեպ տեմպերով, գիտաշխատողների աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է:
Ատեստավորման երկրորդ փուլով ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 300.000 դրամ, որին կգումարվեն ատեստավորման և տարակարգի հավելավճարները: «Ուսուցչի կարգավիճակի մասին» նոր օրենքով կներդրվեն նաև բնակարանային աջակցության մեխանիզմներ: Քոլեջների դասախոսների ու վարպետների համար կներդրվի կամավոր ատեստավորման համակարգը, իսկ թանգարանների և գրադարանների աշխատողների վարձատրությունը ատեստավորման միջոցով կկրկնապատկվի:
Նախատեսում ենք գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1%-ի և ապահովել հայերենի ամբողջական թվայնացումը: Միաժամանակ, մշակույթը կդառնա տարածքային զարգացման հիմնասյունը՝ հիմնված «ավելի՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա:
Մենք կառուցում ենք ժամանակակից և զարգացող Հայաստան:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնահերթ ռազմավարություն է: Նախատեսվում է կառուցել 10 ջրամբար և վերականգնել 350 կմ ջրային ցանց՝ ապահովելով 10.000 հա հողատարածքի ոռոգումն ու 8.000 հա-ում ջրախնայող համակարգերի ներդրումը:
Երևանում, Գյումրիում և Վանաձորում կհաստատվի 24-ժամյա ջրամատակարարման ռեժիմ:
Մայրաքաղաքում կհիմնվի 230 հա նոր կանաչապատ գոտի (այգի): Կմեկնարկի վթարային շենքերը նոր շենքերով փոխարինելու ծրագիրը:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում կվերագործարկվեն տարածաշրջանային երկաթուղիները, կկառուցվի «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալը, իսկ «Սյունիք» օդանավակայանը կստանա միջազգային կարգավիճակ:
TRIPP նախագիծն ու ապաշրջափակումը զարկ կտան ներդրումային նոր հնարավորություններին և Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Ավելին՝ առաջիկա տարիներին մենք կներդնենք երդվյալ ատենակալների ինստիտուտը, որպեսզի արդարադատությունն իրականացվի Ձեր անմիջական վերահսկողությամբ:
Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առջև: