Կուսակցության կանոնադրությունը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 13:06, 19-06-2019

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՔՊԿ 5-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
16 հունիսի, 2019 թ.

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ամրությունն ու հայ ժողովրդի խաղաղ արարումը իր հայրենիքում, ապահովելու համար սոցիալական արդարությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հիմք ընդունելով Կուսակցության ծրագրում առաջադրված նպատակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ընդունում է սույն Կանոնադրությունը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն») Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
2. Կուսակցության կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք»), ինչպես նաև սույն կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն») և Կուսակցության ծրագրով (այսուհետ` Ծրագիր»):
3. Կուսակցության անվանումն է`
հայերեն լրիվ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
հայերեն հապավումը՝ ՔՊԿ,
ռուսերեն լրիվ՝ Партия Гражданский договор»,
ռուսերեն հապավումը՝ ПГД,
անգլերեն լրիվ՝ Civil Contract Party,
անգլերեն հապավունը՝ CCP:
4. Կուսակցության խորհրդանիշն է՝ ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին: Ձեռքսեղմման պատկերը շրջանակված է «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» գրությամբ (տես՝ հավելված 1):
5. Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, 29 շենք, թիվ 15 բնակարան:

 

II. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Կուսակցության գործունեության նպատակներն են.
1) հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ դրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը.
2) 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն.
3) Հայաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազգային ինքնության և ավանդույթների պահպանման համար պայմանների ապահովումը:
7. Կանոնադրությամբ և Ծրագրով ամրագրված նպատակներն իրագործելու համար Կուսակցությունը շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (կազմավորմանը) մասնակցելու միջոցով:
8. Կուսակցության խնդիրներն են.
1) Հայաստանից արտագաղթի կասեցումը.
2) Մեծ հայրենադարձության հարուցումը.
3) Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանների ապահովումը:

 

III. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Կուսակցությունը ստեղծված է համարվում Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Պետական գրանցման պահից Կուսակցությունը ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:
10. Կուսակցությունն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահից ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
11. Կուսակցությունն իրավունք ունի Օրենքով սահմանված կարգով`
1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.
2) Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից.
3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ.
4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները.
5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ).
7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ.
8) կազմակերպելու հավաքներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և հանրային միջոցառումներ.
9) իրականացնելու Օրենքով, Կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ միջոցառումներ։
12. Կուսակցությունն ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները:
13. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ։
14. Կուսակցությունն այլ պետություններում կարող է ունենալ ներկայացուցչություններ:
15. Կուսակցության պարտականություններն են`
1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:
3) ընտրություններին մասնակցելիս կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:

 

IV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական: Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները:
17. Սույն գլխի պահանջներին համապատասխանող անձը կարող է անդամակցել Կուսակցությանն իր դիմումի հիման վրա: Դիմումի ձևը հաստատում է Կուսակցության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն»):
18. Դիմումը քննարկում և որոշում է կայացնում Վարչությունը՝ Կանոնադրությամբ սահմանաված կարգով: Վարչությունն իրավասու է դիմումի քննարկմանը հրավիրել դիմումատուին: Վարչությունն իրավասու է դիմումատուի համար սահմանել փորձաշրջան:
19. Վարչությունն իրավասու է դիմումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
20. Կուսակցությանն անդամակցելու պայմաններն են`
1) բացակայում են կուսակցությանն անդամագրելու Օրենքով նախատեսված արգելքները.
2) դիմումատուն ծանոթ է Կանոնադրության և Ծրագրի դրույթներին.
3) դիմումատուն չի հանդիսանում այլ կուսակցության անդամ։
21. Կուսակցության անդամը հաշվառվում է Տարածքային ստորաբաժանումներից (այսուհետ` Տարածքային կազմակերպություն») որևէ մեկում:
22. Կուսակցությանն անդամակցությունը դադարում է.
1) Օրենքով նախատեսված դեպքերում.
2) Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրւա.
3) Կուսակցությունից հեռացվելու դեպքում.
4) Կուսակցության լուծարման դեպքում.
5) եթե անձը դադարել է համապատասխանել Կանոնադրությամբ սահմանված՝ Կուսակցության անդամին ներկայացվող պահանջներին:

 

V. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Կուսակցության անդամն իրավունք ունի`
1) ընտրել Կուսակցության Վարչության անդամներին և նախագահին, Կուսակցության Տարածքային կազմակերպությունների խորհուրդների (այսուհետ` Խորհուրդ») անդամներին, Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմինների անդամներին.
2) ընտրվել Կուսակցության Վարչության, դրա Տարածքային կազմակերպությունների և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կամ ղեկավար.
3) ներկա գտնվել Կուսակցության համաժողովին (այսուհետ` Համաժողով»).
4) ծանոթանալ Կուսակցության մարմինների արձանագրություններին և ստանալ այդ մարմինների ընդունած որոշումների պատճենները.
5) տեղեկատվություն ստանալ Կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ.
6) Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ.
7) մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր անձին վերաբերող հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.
8) կասեցնել, վերականգնել կամ դադարեցնել իր անդամակցությունը Կուսակցությանը.
9) ստանալ փաստաթղթերի պատճեններ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
10) բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները.
11) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
24. Կուսակցության անդամը պարտավոր է՝
1) գործել Կանոնադրության և Ծրագրի շրջանակներում, չիրականացնել Կանոնադրությանն ու Ծրագրին հակասող գործողություններ.
2) Վարչության որոշմամբ սահմանած կարգով, չափով և ժամկետներում կատարել վճարումներ (անդամավճար).
3) քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք ունենալու իրավունքը.
4) կատարել Կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:

 

VI. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

25. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
26. Կուսակցության մարմիններն են`
1) Համաժողովը.
2) Վարչությունը.
3) Կուսակցության նախաձեռնող խումբը (այսուհետ` Նախաձեռնող խումբ»).
4) Կուսակցության վերահսկող հանձնաժողովը (այսուհետ` Վերահսկող հանձնաժողով»).
5) Տարածքային կազմակերպությունը:

 

VII. ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Համաժողովն է, որի բացառիկ իրավասություններն են`
1) Կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը՝ բացառությամբ Օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.
2) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի կազմավորումը, այն է` անդամների թվի հաստատումը և ընտրությունը.
3) Վարչության նախագահի (այսուհետ` Վարչության նախագահ») ընտրությունը.
4) Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը.
5) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը.
6) Օրենքով և Կանոնադրությամբ Համաժողովին վերապահված այլ լիազորությունները:
28. Կուսակցության Համաժողովն իրավասու է քննարկել իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքն Օրենքով կամ Կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
29. Համաժողովին մասնակցող պատվիրակները (այսուհետ` Պատվիրակ») ընտրվում են`
1) Տարածքային ստորաբաժանման ընդհանուր ժողովի (այսուհետ` Ընդհանուր ժողով») կողմից` Վարչության սահմանած կարգով և համամասնությամբ.
2) Վարչության որոշմամբ:
30. Պատվիրակ կարող է ընտրվել բացառապես Կուսակցության անդամը: Պատվիրակների ցուցակը հաստատում է Վարչությունը:
31. Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:
32. Հերթական Համաժողովը հրավիրվում է Վարչության որոշմամբ` առաջարկված օրակարգով: Հերթական Համաժողովը գումարվում է ոչ պակաս, քան չորս տարին մեկ անգամ:
33. Համաժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի (վայրի) մասին ծանուցումը հրապարակվում է Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում՝ ոչ ուշ, քան Համաժողովի անցկացման օրվանից 20 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 10 օր առաջ՝ այլ հարցերով: Սույն կետում նշված ծանուցումն ուղարկվում է Կուսակցության անդամի՝ անդամակցության դիմումում նշած էլեկտրոնային հասցեին:
34. Կուսակցության արտահերթ Համաժողով կարող է գումարվել նաև Խորհուրդների առնվազն կեսի պահանջով, որը ներկայացվում է Վարչության նախագահին: Արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ժամկետում, գումարում է Վարչության արտահերթ նիստ: Վարչությունը սույն կետում նշված հիմքի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Համաժողով` պահանջում նշված օրակարգով:
35. Համաժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և ներկա է Պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 Պատվիրակ:
36. Համաժողովը նախագահում է Վարչության կողմից որոշված Վարչության անդամը: Համաժողովը նիստն արձանագրելու համար իր կազմից ընտրում է քարտուղար, իսկ ձայների հաշվարկի համար` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` Ժամակավոր հաշվիչ հանձնաժողով»)` յոթ անդամի կազմով: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ:
37. Համաժողովի որոշումները, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են Համաժողովին ներկա Պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
38. Կանոնադրության նախագծի հաստատման և Ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ բացառությամբ Օրենքի փոփոխմամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների, Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության, Վարչության նախագահի ընտրության, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված Պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
39. Համաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ Վարչության անդամների և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության: Վերջիններս ընտրվում են գաղտնի քվեարկությամբ:
40. Համաժողովի նիստերը բաց են, եթե Վարչությունը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել:
41. Ազգային ժողովի հերթական ընտրությունների համամասնական ցուցակը կազմվում է Վարչության սահմանված կարգով Համաժողովում՝ թեկնածուների վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա:
42. Համաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
43. Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները հրապարակում է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իսկ սույն կետով չնախատեսված քվեարկությունների արդյունքները հրապարակում է Համաժողովի նախագահողը:
44. Համաժողովի որոշումները տեղադրվում են Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում:
45. Համաժողովի արձանագրությունները պահպանվում են Կուսակցությունում՝ անժամկետ:

 

VIII. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները և Կուսակցության ընդհանուր ղեկավարումը:
47. Վարչության անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
48. Վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վարչության կազմը չի համալրվում:
49. Եթե Վարչության անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վարչության նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վարչության անդամների լիազորությունները շարունակում են գործել մինչև Վարչության նոր անդամների ընտրվելը:
50. Վարչության անդամը չի կարող լինել Վերհսկող հանձնաժողովի ու Խորհրդի անդամ կամ Տարածքային կազմակերպության վերահսկող (այսուհետ` Վերահսկող»):
51. Վարչությունը`
1) իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը․
2) հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն.
3) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը.
4) Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
5) ընդունում է Օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ Կանոնադրության և Ծրագրի փոփոխությունները և լրացումները.
6) իր կազմից ընտրում և Համաժողովի քվեարկությանն է ներկայացնում Վարչության նախագահի թեկնածուին.
7) Վարչության նախագահի առաջարկությամբ նշանակում է Վարչության նախագահի երկու տեղակալներին.
8) սահմանում է անդամավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները.
9) որոշում է կայացնում հերթական և արտահերթ Համաժողով հրավիրելու մասին և հաստատում է Համաժողովի օրակարգի նախագիծը.
10) որոշում է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը և դրույքաչափերը.
11) որոշում է ընդունում Տարածքային կազմակերպություններ ստեղծելու և լուծարելու մասին, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնակարգերը.
12) որոշում է ընդունում Կուսակցությանն անդամակցելու, Կուսակցության անդամակցությունը դադարեցնելու և Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին.
13) ընդունում է որոշումներ Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ՝ բացառությամբ նրանց, որոնք Համաժողովի կամ այլ մարմինների բացառիկ իրավասությունն են.
14) Կուսակցության անունից հանդես է գալիս հայտարարություններով.
15) հաստատում կամ մերժում է Խորհրդի նախագահի թեկնածուի վերաբերյալ առաջարկությունը.
16) ընդունում է որոշում Խորհրդի նախագահի պաշտոնանկության վերաբերյալ.
17) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության թեկնածուներին և ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները.
18) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակը.
19) հաստատում է Համաժողովի Պատվիրակների ցուցակը.
20) հաստատում է Խորհրդի անդամների թեկնածուների ցուցակը.
21) հաստատում է Վերահսկողի թեկնածուներին.
22) իրականացնում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:
52. Վարչության հերթական նիստը գումարվում է Վարչության սահմանված օրերին և ժամերին՝ Վարչության նախագահի առաջարկած օրակարգով: Վարչության հերթական նիստերի անցկացման ժամանակացույցի կամ վայրի փոփոխության դեպքում Վարչության անդամները պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում:
53. Վարչության արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վարչության նախագահի կամ Վարչության անդամների առնվազն 1/5-ի պահանջով: Վարչության անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Վարչության նախագահին: Արտահերթ Վարչության նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Վարչության նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Վարչության նիստ` պահանջում նշված օրակարգով: Վարչության անդամը ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում է արտահերթ նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին:
54. Վարչության նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով և նիստին մասնակցում է Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
55. Վարչությունը որոշումներն ընդունում է Վարչության նիստին մասնակցող Վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Վարչության նախագահի ձայնը վճռորոշ է:
56. Վարչության նիստի ժամանակ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ Վարչության նախագահի թեկնածուի ընտրության: Վերջինս ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:
57. Վարչության նիստերը փակ են, եթե Վարչությունը բաց նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: Վարչության նիստերին կարող են ներկա գտնվել Վարչության կողմից հրավիրված և Կանոնադրությամբ նախատեսված անձինք:
58. Վարչության որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման հաջորդ օրը, եթե այլ ժամկետ չի նախատեսվում Վարչության որոշմամբ:
59. Վարչության նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ, որը ստորագրվում է Վարչության նախագահի կողմից:
60. Վարչության որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանում է Վարչությունը:
61. Նորընտիր Վարչության առաջին նիստը գումարվում է ընտրվելուց անմիջապես հետո՝ մինչև Համաժողովի ավարտը, որի ժամանակ Վարչության անդամների կազմից ընտրվում է Վարչության նախագահի թեկնածուն և ներկայացվում Համաժողովի քվեարկությանը: Վարչության անդրանիկ նիստը վարում է տարիքով ավագ անդամը:
62. Վարչության նախագահն ընտրվում է Համաժողովի կողմից` առավելագույնը երեք տարի ժամկետով:
63. Եթե Վարչության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց Վարչության նոր նախագահը դեռ չի ընտրվել, ապա գործող Վարչության նախագահը շարունակում է իր պարտականությունները կատարել մինչև նորի ընտրվելը:
64. Վարչության նախագահը`
1) ներկայացնում է Կուսակցությունը.
2) հարվիրում և վարում է Վարչության նիստերը.
3) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագիր.
4) սահմանված կարգով կնքում է պայմանագիր.
5) բանկում բացում է Կուսակցության հաշվարկային հաշիվ.
6) ընդունում է որոշում Կուսակցության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին.
8) սահմանում է Կուսակցության աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
9) Կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
10) կազմում է և Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն և ֆինանսական հաշվետվությունը.
11) Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը.
12) իրականացնում է Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև Կուսակցության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
65. Վարչության նախագահի բացակայության ընթացքում նրա հանձնարարությամբ Վարչության նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը:
66. Վարչության անդամը պարտավոր է մասնակցել Վարչության նիստերին:
67. Վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության:
68. Վարչության անդամի լիազորությունները դադարում են`
1) նրա մահվան.
2) հրաժարականի.
3) Կուսակցության անդամությունը դադարելու դեպքում.
4) երեք ամիս անընդմեջ անհարգելի Վարչության նիստերից բացակայելու դեպքում:
69. Վարչության անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Խորհուրդների նիստերին:

 

IX. ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

 

70. Կուսակցության Նախաձեռնող խումբը խորհրդատվական մարմին է:
71. Նախաձեռնող խմբի նիստերին կարող են մասնակցել Կուսակցության անդամները:
72. Նախաձեռնող խմբի նիստը գումարվում է Վարչության որոշմամբ սահմանված օրերին և ժամերին, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
73. Նախաձեռնող խմբի նիստերին Վարչության անդամների առնվազն 1/3-ի, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամների առնվազն 1/5-ի մասնակցությունը պարտադիր է:
74. Նախաձեռնող խումբը քննարկում է ընթացիկ, քաղաքական, առաջիկա ընտրություններին Կուսակցության մասնակցությանը վերաբերող և այլ օրակարգային հարցեր:
75. Նախաձեռնող խմբի նիստերը վարում է Վարչության նախագահը կամ նրա հանձնարարությամբ Վարչության մեկ այլ անդամ:

 

X. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

76. Վերահսկող հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև Կուսակցության մարմինների անհատական որոշումների դեմ բողոքները քննող և լուծող մարմին է:
77. Վերահսկող հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
78. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վերահսկող հանձնաժողովի կազմը չի համալրվում:
79. Եթե Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վերահսկող հանձնաժողովի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունները շարունակում են գործել մինչև Վերահսկող հանձնաժողովի նոր անդամների ընտրվելը:
80. Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Վարչության ու Խորհրդի անդամ կամ Վերահսկող։
81. Վերահսկող հանձնաժողովը՝
1) քննարկում է Կուսակցության անդամին հեռացնելու մասին Վարչության որոշման դեմ ներկայացված բողոքը և կայացնում վերջնական որոշում.
2) Կուսակցությունում անցկացնում է ստուգումներ.
3) տալիս է եզրակացություն Կուսակցության գործունեության, ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ.
4) քննարկում և որոշում է Վարչության անդամի՝ նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը.
5) հաշվետվություն է ներկայացնում Համաժողովին.
6) պահանջում է Վարչության անդամներից, այդ թվում՝ Վարչության նախագահից, Կուսակցության ցանկացած անդամից ու աշխատողներից հնգօրյա ժամկետում իրեն ներկայացնել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկություն.
7) օգտվում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններից:
82. Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, ով համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները:
83. Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Վերահսկող հանձնաժողովի նախագահի կողմից՝ առաջադրված օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
84. Վերահսկող հանձնաժողովի անդամները ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են նիստի տեղի, օրվա ու ժամի մասին:
85. Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վերահսկող հանձնաժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Վերահսկող հանձնաժողովի նախագահին: Արտահերթ Վերահսկող հանձնաժողովի նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վերահսկող հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Վերահսկող հանձնաժողովի նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է 3 օրվա ընթացքում հրավիրել Վերահսկող հանձնաժողովի նիստ` պահանջում նշված օրակարգով:
86. Վերահսկող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վերահսկող հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
87. Վերահսկող հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
88. Վերահսկող հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել Վերահսկող հանձնաժողովի կողմից հրավիրված և Կանոնադրությամբ նախատեսված անձինք:
89. Վերահսկող հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման հաջորդ օրը:
90. Վերահսկող հանձնաժողովի նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Վերահսկող հանձնաժողովի նիստերի արձանագրումը կազմակերպվում և ստորագրվում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի կողմից:
91. Վերահսկող հանձնաժողովի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Վերահսկող հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով:
92. Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Վարչության և Խորհուրդների նիստերին։
93. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են`
1) նրա մահվան.
2) հրաժարականի.
3) Կուսակցության անդամությունը դադարելու դեպքում:

 

XI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

94. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում:
95. Տարածքային կազմակերպությունների մարմիններն են`
1) Ընդհանուր ժողովը.
2) Տարածքային կազմակերպության նախաձեռնող խումբը (այսուհետ՝ Տարածքային նախաձեռնող խումբ»).
3) Խորհուրդը.
4) Վերահսկողը:
96. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում և լուծարվում են Վարչության որոշմամբ:

 

XII. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

97. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինն Ընդհանուր ժողովն է, որի բացառիկ իրավասություններն են`
1) Խորհրդի անդամների ընտրությունը՝ Վարչության հաստատած թեկնածուների ցուցակից.
2) Խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության հաստատումը` Խորհրդի գործունեության և դրամական միջոցների օգտագործման մասին.
3) Վերահսկողի ընտրությունը՝ Վարչության հաստատած թեկնածուների ցանկից.
4) Օրենքով և Կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորությունները:
98. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է Խորհրդի որոշմամբ` առաջարկված օրակարգով: Հերթական Ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ:
99. Ընդհանուր ժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի մասին ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամները` Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 5 օր առաջ` այլ հարցերով:
100. Տարածքային կազմակերպության Ընդհանուր ժողով կարող է գումարվել Վարչության կամ Խորհուրդի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Խորհրդի նախագահին: Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում գումարում է Խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը սույն կետում նշված հիմքի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Ընդհանուր ժողով` պահանջում նշված օրակարգով:
101. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և ներկա է Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
102. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին ներկա Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
103. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ Խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրության ժամանակ: Վերջիններս ընտրվում են գաղտնի քվեարկությամբ:
104. Ընդհանուր ժողովի նիստերը փակ են, եթե բաց նիստ անցկացնելու որոշում Խորհուրդը չի ընդունել:
105. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
106. Ընդհանուր ժողովի արձանագրությունները պահպանվում են Տարածքային խորհրդում` անժամկետ:
107. Խորհուրդը Տարածքային կազմակերպության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Տարածքային կազմակերպության անունից իրականացնում է նրա լիազորությունները և Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը:
108. Խորհուրդն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ երկու տարի ժամկետով:
109. Եթե Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Խորհրդի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Խորհրդի անդամների լիազորությունները շարունակում են գործել մինչև Խորհրդի նոր անդամների ընտրվելը:
110. Խորհրդի անդամը չի կարող լինել Վարչության ու Վերահսկող հանձնաժողովի անդամ և Վերահսկող:
111. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Խորհրդի կազմը չի համալրվում:
112. Խորհուրդը`
1) իրականացնում է Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը.
2) իր կազմից ընտրում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու և ներկայացնում Վարչության հաստատմանը.
3) Վարչության որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցությանն անդամակցելու դիմում.
4) ընդունում է որոշումներ Տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի կապակցությամբ՝ բացառությամբ այն հարցերի, որոնք Կանոնադրությամբ վերապահված են Ընդհանուր ժողովի և Վարչության բացառիկ իրավասությանը.
5) Վարչությանն առաջարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուների և ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները.
6) Վարչությանն է ներկայացնում Խորհրդի նախագահի պաշտոնանկության հարցը.
7) օգտվում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններից:
113. Խորհրդի նիստերը հրավիրվում են Խորհրդի նախագահի կողմից՝ առաջադրված օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
114. Խորհրդի անդամները նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում:
115. Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վարչության կամ Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի պահանջով: Վարչությունը կամ Խորհրդի անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Խորհրդի նախագահին: Արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Խորհրդի նիստ` պահանջում նշված օրակարգով:
116. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
117. Խորհուրդը որոշումներն ընդունում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։
118. Խորհրդի նիստի ժամանակ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Խորհրդի նախագահի ընտրության ժամանակ: Վերջինս ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:
119. Խորհրդի նիստերը բաց են, եթե Խորհուրդը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել:
120. Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման հաջորդ օրը:
121. Խորհրդի նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ, որը ստորագրվում է Խորհրդի նախագահի կողմից:
122. Խորհրդի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:
123. Խորհրդի նախագահը՝
1) ղեկավարում է Խորհրդի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
3) ներկայացնում է Տարածքային կազմակերպությունը.
4) իրականացնում է Տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը.
5) երեք ամիսը մեկ անգամ գրավոր տեղեկություններ է հաղորդում Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների անդամավճարների գանձման և գույքի օգտագործման վերաբերյալ.
6) հրավիրում և վարում է տարածքային նախաձեռնող խմբի նիստերը.
7) օգտվում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններից:
124. Տարածքային կազմակերպությունները ձևավորում են Տարածքային նախաձեռնող խմբեր: Տարածքային նախաձեռնող խմբի նիստերին կարող են ներկա գտնվել նաև տվյալ Տարածքային կազմակերպությանը կցված՝ Կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացրած անձինք (Համակիրները):
125. Վերահսկողը Տարածքային կազմակերպության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձն է:
126. Վերահսկողն ընտրվում է Վարչության հաստատած թեկնածուների կազմից Ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով:
127. Վերահսկողի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Ընդհանուր ժողովը ընտրում է նոր Վերահսկող:
128. Վերահսկողը չի կարող լինել Վարչության, Վերահսկող հանձնաժողովի կամ Խորհրդի անդամ:
129. Վերահսկողը`
1) Տարածքային կազմակերպությունում անցկացնում է ստուգումներ.
2) տալիս է եզրակացություն Տարածքային կազմակերպության գործունեության, ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ.
3) հաշվետվություն է ներկայացնում Ընդհանուր ժողովին.
4) օգտվում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններից:

 

XIII. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

130. Կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում Կուսակցության անդամները կարող են Կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
131. Կուսակցության անդամը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչության որոշման հիման վրա:
132. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Վարչության նախագահն ընգրկում է օրակարգում սեփական նախաձեռնությամբ կամ Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա:
133. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն ինչպես դիմում ներկայացրած անձը, այնպես էլ Կուսակցության այն անդամը, ում վերաբերյալ հարցը քննարկվում է: Վերջիններս իրավունք ունեն տալ բանավոր բացատրություններ և ներկայացնել հիմնավորումներ:
134. Վարչությունը, քննարկելով Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը, իրավասու է որոշում կայացնել վարույթը կարճելու կամ Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու մասին:
135. Վարչությունը, կայացնելով Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, կարող է սահմանել հետևյալ տուժերից մեկը`
1) նկատողություն․
2) խիստ նկատողություն․
3) Կուսակցությունից հեռացում:
136. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Վարչության որոշումը կարող է բողոքարկվել Վերահսկող հանձնաժողով:

 

XIV. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ԳՈՒՅՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

137. Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, անդամավճարները, Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, Օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։
138. Սույն գլխում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են Կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։
139. Կուսակցության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։
140. Վարչության նախագահը, Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Կուսակցության գույքը տնօրինում են Կանոնադրությամբ և Վարչության որոշմամբ սահմանված կարգով:
141. Կուսակցության գույքը վաճառելու կամ ձեռք բերելու կամ այլ գործարք կատարելու դեպքում, եթե գույքի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա Վարչության նախագահը պետք է նախապես ստանա Վարչության համաձայնությունը (որոշումը): Այլ անձինք Կուսակցության անունից իրավասու չեն գույք ձեռք բերել կամ վաճառել կամ այլ գործարք կատարել:
142. Վարչության նախագահը Կուսակցության ֆինանսական միջոցները կարող է օգտագործել միայն Վարչության կողմից հաստատված բյուջեին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Վարչության նախագահը կարող է դիմել Վարչությանը` բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար:

 

XV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

143. Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվելը, միանալը, բաժանվելն ու անջատվելը) կատարվում է Համաժողովի որոշմամբ՝ Օրենքով սահմանված կարգով։
144. Կուսակցության լուծարումը կատարվում է Համաժողովի որոշման հիման վրա` Օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև Օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։
145. Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
146. Լուծարման դեպքում Կուսակցության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: