7 քաղաքացիները` Ալեն Սիմոնյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:03, 31-03-2014

2013թ. դեկտեմբերին Երեւանում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան եւ  Արսեն Խարատյան:

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

«Այլընտրանքը` արտագաղթն է կամ բռնությունը, որոնք անընդունելի քայլեր են»

- Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: 

-Այնպես ստացվեց, որ ակամայից ակտիվացա քաղաքականության մեջ: Երկրում իրադարձություններ եղան, որոնց չէի կարող չարձագանքել: Հետո այդ արձագանքը լայն տարածում գտավ եւ ես հասկացա, որ իմ կարծիքը շատ քաղաքացիների շրջանում համակիրներ է գտնում: 

Հետո առաջարկ եղավ մասնակցել ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի հետ, թեպետ որեւէ կուսակցության անդամ չէի: Քաղաքական գործընթացներին մասնակցելը, դրանց վերաբերյալ կարծիք, քննադատություն կամ վերլուծություններ ներկայացնելը տրամաբանական շարունակություն է պահանջում: «Քաղաքացիական պայմանագիրը» այդպիսի հարթակ հանդիսացավ ինձ համար:

- Ինչո՞ւ միացաք հենց այս նախաձեռնությանը:

- Հասունացել էր որեւէ թիմի հետ ինչ-որ բան փոխելու ցանկությունը: Նախ եւ առաջ ինձ գրավեց «Քաղաքացիական պայմանագրի» տեքստը: Միգուցե այդ փաստաթուղթը հասարակության լայն զանգվածներին չի կարող ներգրավել, բայց որպես մանիֆեստ շատ ընդունելի է: Երբ եղավ հրավերը, հասկացա, որ այդ նախաձեռնությունը հոգեհարազատ է եւ փաստաթղթի դրույթները շատ ընդունելի են: 

-Պայմանագրի բոլոր անդամներն ընդգծում են փաստաթղթի կարեւորությունը, որի բոլոր դրույթները առաջին հայացքից իդեալական են թվում: Ինչպե՞ս եք պատրաստվում կյանքի կոչել այդ փաստաթուղթը:

- Այդ փաստաթուղթն իդեալական չէ եւ ենթակա է փոփոխությունների բոլոր հետաքրքրված անձանց կողմից: Չեմ ուզում դրան վերաբերվել որպես կուսակցության ծրագրի, այն մանիֆեստ է: Եթե մեզ հաջողվի ի կատար ածել այնտեղ ամրագրված դրույթների առնվազն 30%-ը, ես շատ գոհ կլինեմ: Սակայն վստահ եմ, որ փորձելու ենք անել շատ ավելին: Եթե չանենք, ապա ի՞նչ լուծում կարելի է գտնել այս  իրավիճակին, որը դուրս է բոլոր կանոններից: Այլընտրանքը` արտագաղթն է կամ բռնությունը, որոնք ինձ համար անընդունելի քայլեր են:

Այսօր շատ դժվար է զբաղվել քաղաքականությամբ: Մարդկանց մոտ կորել է հավատը «քաղաքականություն» բառի նկատմամբ, քանի որ միշտ խաբված են եղել: Մեզ մոտ մեծ հաշվով քաղաքականությամբ ոչ ոք չի զբաղվում: Երբ միայն մեկ գործիչ է միանձնյա որոշումներ կայացնում, «քաղաքականություն»  բառն օգտագործելն անտեղի է: 

Հանրության շրջանում կա ագրեսիա, որը անկանխատեսելի հետեւանքների կարող է հանգեցնել: Սովորաբար երկրի խնդիրներին անդրադառնալիս ականատես ենք լինում երկու տեսակի արձագանքի` հուսահատության կամ ագրեսիայի: Հուսահատված մարդկանց մեծ մասը լքում է երկիրը, մյուս մասն էլ պատրաստ է ագրեսիայի: Խնդիրը նրանում է, որ ագրեսիան անկառավարելի է եւ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մեր երկրի համար: Մեր խնդիրն է գրագետ լուծումներ առաջարկել: 

-Ինչպե՞ս եք պատրաստվում ձեռք բերել համակիրներ: 

- Ճիշտ խոսքով եւ անելիքներով: Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց անհաջողությունների համար սովոր են մեղադրել ժողովրդին: Սա մեզ համար անընդունելի է: Եթե ընդդիմությունը հաջողություն չի ունեցել, ուրեմն քաղաքական գործիչն է մեղավոր, որ չի կարողացել ժողովրդին տանել մինչեւ վերջ: Ժողովուրդը միշտ ճիշտ ընտրություն է կատարում: 

Մեր տեսլականը հետեւյալն է` պետք է ձեւավորվի համակարգ, որը կհակադրվի գործող իշխանական համակարգին: Մենք ունենք լավ ընդդիմադիր գործիչներ, եւ չունենք լավ ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել գործող իշխանությանը: Մենք կենտրոնացած ենք խնդիրների լուծման վրա: 

Ինչքան շատ մարդ միանա մեզ, այնքան կավելանա մեր պատասխանատվությունը: Կարող է, որոշակի ճանապարհ անցնելուց հետո դադարեմ այսպես խոսել, բայց այս պահին ես անկեղծ ասում եմ, որ մեր նպատակն է ազդել երկրում տիրող իրավիճակի վրա: Մեզանից յուրաքանչյուրին էլ գրկաբաց կընդունեին այլ քաղաքական ուժերում, քնաի որ մարդկային ռեսուրսների խնդիր կա: 

- Պայմանագրի անդամները նշում են, որ թիմում առաջնորդ չկա: Թիմի անդամների միջեւ դերերի որոշակի բաշխո՞ւմ էլ չկա: 

- Մենք բոլորս տարբեր ենք, բայց ունենք հավասար լիազորություններ: Երբ գա, օրինակ, որեւէ թեկնածու առաջադրելու պահը, հաշվի կառնենք այն հանգամանքը, թե ով է ավելի «ընտրովի»: Բնական է, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի թեկնածությունն առաջադրելն ավելի նախընտրելի է, քան, օրինակ, իմ թեկնածությունը:

Կառավարման խորհրդում դերերի հստակ բաշխում չկա: Անկախ նրանից, որ ունենք ավելի երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է կամ մեծ սեր եւ հարգանք վայելող գործիչ, ինչպիսին Սասուն Միքայելյանն է, կան հարցեր, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք ես կամ Արայիկը, կամ մյուսները: 

Ինձ դուր է գալիս մեր աշխատաոճը: Սկզբում մեզանից որեւէ մեկը ներկայացնում է օրակարգը, որից հետո տեղի են ունենում քննարկումներ: Եթե յոթ անդամներից որեւէ մեկը դեմ լինի որոշմանը եւ կիրառի վետոյի իրավունքը, ապա այն չի ընդունվի: 

-Մի՞շտ է, որ որոշումների կայացումը հարթ ու խաղաղ է անցնում: Հնարավոր է արդյո՞ք, որ գալով իշխանության ձեր թիմը չդիմանա ճնշումներին եւ պառակտվի: 

-Մեր նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում ինչ-որ բան փոխելը: Իշխանության գալով` մենք մոտենում ենք մեր նպատակին: Ավագանու անդամներ չլինելով` ես եւ իմ ընկերները կարողացանք հասնել նրան, որ արդեն 6 ամիս է, ինչ մեր քաղաքացիները տրանսպորտի համար ավել գումար չեն վճարում: Մենք իշխանություն չէինք, բայց մենք պայքարեցինք եւ հաջողության հասանք:

Միգուցե մեզ չհաջողվի հասնել մեր բոլոր նպատակներին, բայց մենք բացառում ենք մեր քաղաքացիներին հիասթափեցնելու տարբերակը: Հիասթափվողները միայն ու միայն մենք կարող ենք լինենք: Միգուցե որոշ ժամանակ հետո մեզանից ինչ-որ մեկը որոշի, որ քաղաքականությունից հոգնել է եւ ուզում է զբաղվել այլ գործով, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Ալեն Սիմոնյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան: