7 քաղաքացիները` Արայիկ Հարությունյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:03, 31-03-2014

2013թ. դեկտեմբերին Երեւանում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան եւ  Արսեն Խարատյան:

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

«Պայմանագիրը կարող է համախմբման հարթակ դառնալ ընդդիմադիր դաշտում»

-Դուք մասնագիտությամբ արեւելագետ եք, ժամանակին եղել եք նաեւ սպորտային կայքի խմբագիր, 2013թ. դեկտեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ: Ինչպե՞ս են համատեղվում գործունեության այդ տեսակները:

- Մասնագիտությամբ արեւելագետ եմ եւ, անշուշտ, իմ առաջին եւ գլխավոր աշխատանքը ԵՊՀ-ում դասավանդելն է, ուսանողների հետ շփվելը, նրանց սովորեցնելը եւ նրանցից սովորելը: Բայց ինչպես եւ շատերը, սպորտով այս կամ այն կերպ հետաքրքրվում եմ: Սպորտը իմ հոբին է: Վերջին տարիներին սերտ առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ, եղել եմ 1in.am կայքի հիմնադիրներից մեկը: Իսկ սպորտային կայքը հիմնադրեցինք ընկերներիս հետ, քանի որ դաշտում նման բովանդակությամբ կայքի կարիք կար, սակայն, ցավոք սրտի, այն երկար կյանք չկարողացավ ունենալ ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով: 

Ուսանողական տարիներից սկսած տարբեր հասարակական-քաղաքական նախաձեռնությունների անդամ եմ եղել եւ աջակցել եմ որոշ քաղաքական շարժումների: Քաղաքական կառույցներին չեմ անդամակցել, դա շատ լուրջ պատասխանատվություն համարելով: Բայց միշտ զգացել մի այնպիսի քաղաքական ուժի կարիք, որտեղ կարող եմ ընդգրկվել եւ որոշակի ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Այս պահին լինելով «Քաղաքացիական պայմանագրի» մասնակից, որոշում եմ կայացրել ստանձնել այդ պատասխանատվությունը: 

Նիկոլին ճանաչում եմ 2008թ. շարժումից: Ավելի սերտ սկսեցինք շփվել եւ համագործակցել 2012թ.-ից, իսկ 2013թ. առաջարկ ստացա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդում: Ծանոթանալով Պայմանագրի տեքստին` հասկացա, որ այդ մեխանիզմի օգնությամբ հնարավոր է շեշտակի փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: 

-Ասացիք, որ ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական շարժումների, բայց չեք անդամակցել: Ինչո՞ւ հենց այս պահին զգացիք դրա անհրաժեշտությունը: 

- Անցյալում էլ էի գիտակցում դրա անհրաժեշտությունը, բայց չկար այնպիսի մի կառույց, որի հիմքում ընկած մեխանիզմները թույլ կտային ազդել որոշումների կայացման վրա եւ փորձել լուծում տալ երկրում առկա խնդիրներին: Այս որոշումը կայացնելիս «Քաղաքացիական պայմանագրի» մեջ տեսել եմ բոլոր նախադրյալները, որոնք կարող են նպաստել խնդիրների լուծմանը:

- Փաստորեն, այս նախաձեռնությունը Ձեզ կարողացել է գրավել իր հիմքում ընկած մեխանիզմներով: Ի՞նչ եք կարծում, այն ի զորո՞ւ է արժանանալ նաեւ հանրության ուշադրությանը:

- Կարծում եմ, քաղաքական կառույցներն արժանանում են հանրության ուշադրությանը, երբ հասկանալի լեզվով խոսում են նրանց հուզող խնդիրների մասին եւ առաջարկում են ճիշտ լուծումներ: Հասարակությունը միանգամից զգում է սուտը եւ կեղծավորությունը քաղաքական հայտարարություններում: 

Հիմա չեմ կարող ասել, թե ինչ հաջողություններ կգրանցի «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական դաշտում, սակայն այն ունի բոլոր հիմքերը դառնալու այն քաղաքական ուժը, որը կարող է հատկապես ընդդիմադիր դաշտում համախմբման հարթակ դառնալ: 

Պայմանագրի հիմնարար փաստաթուղթը բավականին ճկուն է եւ թույլ է տալիս տարբեր մարդկանց ընդգրկվել դրա քննարկմանն ու մասնակցել համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Սա մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր գործը:

- Իսկ ինչպիսի՞ն են հանրային արձագանքները նախաձեռնության վերաբերյալ:

- «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է: Կառավարման խորհրդի հայտարարությունից եւ ասուլիսից հետո մենք լուրջ հետաքրքրվածություն ենք տեսնում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Մեզ հետ կապվում են տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական ուղղվածությունների մարդիկ, որոնք առաջին հերթին հարցեր են ուղղում եւ փորձում են ստանալ պատասխաններ, հետո նաեւ միանալ «Քաղաքացիական պայմանագրին»:  

Այս փուլում կառավարման խորհրդի առջեւ դրված է այդ մարդկանց համար առավելագույն հնարավորություններ ստեղծելու հարցը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր գործն ունենա «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում եւ հնարավորություն ունենա այս կամ այն ձեւով ազդել որոշումների կայացման վրա:

-Պատրաստվում եք արդյո՞ք PR-ակցիաներ անցկացնել ձեր մասին հասարակությանն իրազեկելու համար:

- Կարծում եմ, հասարակության ակտիվ շերտերում գրեթե բոլորը տեղեկացված են: «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներին հասարակության լայն զանգվածները գիտեն, եւ յուրահատուկ միջոցառումներ այս առումով չենք նախանշել: 

Կարծում եմ, դեռեւս դրա լուրջ կարիքը չունենք: Անշուշտ, օգտվելու ենք բոլոր այն գործիքներից, որոնք քաղաքական եւ քաղաքացիական կառույցները կիրառում են: 
Բավականին ակտիվ ենք սոցիալական ցանցերում: 

Հետագայում ավելի ակտիվ գործողություններ ենք պատրաստվում իրականացնել. առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա ինտերակտիվ կայք: Սոցիալական ցանցերը կարեւորում ենք նաեւ այնքանով, որ միտված ենք սփյուռքահայերին ներգրավվել մեր աշխատանքներում: Այս պահին բազմաթիվ արձագանքներ ունենք, թե՛ Սփյուռքի տարբեր կառույցներից, եւ թե՛ անհատներից: 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Արայիկ Հարությունյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան: