7 քաղաքացիները` Լենա Նազարյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:03, 30-03-2014

2013թ. դեկտեմբերին Երեւանում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան եւ  Արսեն Խարատյան:

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

«Ուզում եմ ունենալ ընտրություն, որը չի լինի «չարյաց փոքրագույնը»

-Ինչպե՞ս ստացվեց, որ միացաք «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը:

- Ակտիվ քաղաքացիները միշտ փնտրում են քաղաքական, տնտեսական, մշակութային իրավիճակ փոխելու հնարավորություններ. ոմանք կուսակցության մեջ են համախմբվում, ոմանք տեղավորվում են քաղաքացիական տիրույթում, ոմանք այլ ձեւաչափեր են ստեղծում: «Քաղաքացիական պայմանագրին» իմ միանալն այս որոնողական տրամաբանության մեջ էր. միացա, որովհետեւ շատ կոնկրետ փոփոխություն եմ ակնկալում քաղաքական դաշտում: Ուզում եմ, որ արտահերթ կամ հերթական ՏԻՄ, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ես՝ որպես քաղաքացի ունենամ ընտրություն, որը չի լինի «չարյաց փոքրագույնը», որը կառաջարկի ծրագրային լուծումներ, այլ ոչ թե իրավիճակային եւ պոպուլիստական ճառեր:

-Կարծում եք,  «Քաղաքացիական պայմանագիրն» ի վիճակի՞ է դառնալ այնպիսի ուժ, որին մարդիկ կվստահեն:

- Մարդիկ պետք է իրատես լինեն եւ պահանջեն անհնարը, ոչ թե վստահեն եւ հավատան:  Դրա համար հարկավոր է, որ նրանք մասնակից լինեն բոլոր կարեւոր գործընթացներին, տեսնեն իրենց ներդրումը կայացվող որոշումներում եւ վարվող քաղաքականության մեջ, այսպիսով` վստահեն սեփական ուժերին ու հավատան իրենց իսկ պատասխանատվությամբ արվող փոփոխություններին:

- Դուք Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խմբի անդամ եք: Կարելի՞ է ասել, որ «Թեղուտի» նախաձեռնությունում ներգրավվածությունը Ձեզ դրդեց մասնակցություն ունենալ նաեւ այլ քաղաքացիական նախաձեռնություններին:

- Հիմնականում այս նախաձեռնությունից սկսվեց իմ ներգրավվածությունն այլ քաղաքացիական խմբերում: «Փրկենք Թեղուտի անտառը» մոտ երկու տարվա ընթացքում փոխակերպվեց «Թեղուտի քաղաքացիական պաշտպանության», քանի որ իր մեջ ներառեց ոչ միայն անտառի փրկությունը, այլ նաեւ սոցիալական արդարության, այլընտրանքային տնտեսության, օրինավորության, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պահպանության հարցերը: 

Թեղուտում մարդիկ մտածում են, որ հանքում աշխատանքը կլուծի իրենց սոցիալական հարցերը, մինչդեռ աշխարհում եւ Հայաստանում փորձը ցույց է տվել, որ հանքերի շրջակայքում ապրող բնակչությունն աղքատ է, նրանք քիչ են վարձատրվում: Ընդ որում, աղքատության ցուցանիշներից է նաեւ աղտոտված շրջակա միջավայրը, քանի որ աղտոտված տարածքում բերքը եւ տունը տնտեսապես արժեզրկված են: Թեղուտում գյուղացիներից խլեցին հողը եւ արդյունքում նրանք զրկվեցին ինքնուրույն կամ համագյուղացիների հետ տնտեսական սուբյեկտ լինելու հնարավորությունից: Նրանցից վերցրեցին հողը եւ տվեցին հանքում խոշոր կապիտալի համար չնչին աշխատավարձով աշխատելու «շնորհը»: Ես հասկացա, որ սա ոչ թե տեղային խնդիր է Թեղուտ գյուղում, այլ՝ համակարգային:

- Շատերը Ձեզ հիշում են 2013թ. նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ մամուլի ասուլիսից, երբ մի խումբ ակտիվիստներ ընդհատեցին ասուլիսը եւ ներկայացրեցին իրենց բողոքը խախտումների վերաբերյալ:

- Այդ քայլը նախապատմություն ունի: 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ես եւ ընկերներս դիտորդ էինք Աշտարակ քաղաքում: Ամբողջ օրը ՀՀԿ հանձնաժողովականները հայհոյում, սպառնում եւ վիրավորում էին մեզ (համացանցում տեսագրություններ կան), իսկ գործընկերս կողքի տեղամասում լուսանկարել է քվեաթերթիկներով լցոնված արկղը:

Ակնհայտ էր, որ ընտրությունները կեղծված են: Առավոտյան, երբ տեղամասից վերադարձա տուն, «Բեկում» խմբից իմ ընկերներից մեկն առաջարկեց միասին գնալ «Մարիոթ» հյուրանոց եւ ընդհատել ԵԱՀԿ-ի հերթական լղոզված գնահատականները ընտրություններում «մեկ քայլ առաջ»-ի մասին եւ, ընթերցել ընտրությունների իրական գնահատականը: Իհարկե, եթե չլինեին դահլիճում մեզ միացած մարդիկ, ոչինչ չէր ստացվի: 

-Ասացիք, որ Հայաստանում ընտրական մեխանիզմը չի գործում,  սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխության միակ ընդունելի տարբերակ է համարում ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը: Այդ դեպքում ինչպե՞ս է դա հնարավոր:

- Իշխանափոխության համար ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը միակ ընդունելի տարբերակը չէ: «Քաղաքացիական պայմանագրի» տեքստում նշված է նաեւ թավշյա հեղափոխության մասին: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Սա տեղի կունենա այն դեպքում, երբ երկրում կստեղծվի այնպիսի քաղաքական իրավիճակ, որի պայմաններում ոստիկանը կանցնի քաղաքացու շարքերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Լենա Նազարյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան: