7 քաղաքացիները` Սասուն Միքայելյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:03, 31-03-2014

2013թ. դեկտեմբերին Երեւանում ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան եւ  Արսեն Խարատյան:

Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին ու ներկայացնել այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

«Ցանկացած գիտակից քաղաքացի պետք է իր ուսերին վերցնի իր բաժին բեռը»

- Ինչպե՞ս առաջացավ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության գաղափարը:

- Քաղաքացիական պայմանագրի գաղափարն առաջ եկավ հանրապետությունում տիրող բացասական մթնոլորտի պատճառով: Նիկոլ Փաշինյանի եւ մնացած մասնակիցների հետ քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն կա:

1988թ.-ից սկսած մենք երկար ու դժվարին ճանապարհ ենք անցել, մշտապես ձգտելով արդարության հասնել: Մենք այս Հայաստանը չէինք ուզում:  Հաղթանակած ժողովրդին նման ապրելակերպ վայել չէ: 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո մեր երկիրն այլ ուղղությամբ ընթացավ: Եկավ մի ժամանակ, երբ հասկացանք, որ լիովին խաբված ենք, քանի որ երկրի ղեկին կանգնած քաղաքական որոշ ուժեր այլ նպատակներ էին հետապնդում: 

Որպես նոր ձեւավորվող եւ երիտասարդ ուժ, որի մասնակիցները բոլորն էլ քաղաքացիական կամ քաղաքական հարթակներում պայքարի մեջ են, պետք է փորձենք հայանպաստ գործունեություն ծավալել: Ճիշտ է, դեռեւս քաղաքական ուժ չենք, բայց եթե առաջիկա համաժողովի ժամանակ որոշվի, որ կուսակցական ուղղությամբ ենք ընթանալու, կփորձենք մտնել արդար քաղաքական պայքարի մեջ: 

Մեր գործունեությունն ուղղված է լինելու հայրենիքի եւ  պետականության ամրապնդմանը: Մեր ձեւաչափը տարբերվում է , քանի որ մենք կարեւորում ենք ժողովրդի որոշումները եւ լսում ենք ժողովրդի ձայնը: Մենք պետք է կարողանանք ժողովրդի մեջ հավատ ներշնչել մեր հանդեպ:

- Ինչպե՞ս եք պատրաստվում ներշնչել այդ հավատը:

- Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի բոլոր անդամներն էլ ճանաչված են` ոմանք քաղաքական դաշտում, ոմանք էլ քաղաքացիական հարթակում: Մեզանից յուրաքանչյուրն էլ որոշակի ժամանակահատվածում պայքարի մեջ է եղել` հանուն արդարության: Ես հավատում եմ մեր հնարավորություններին: 

Երկրում պետք է նմանատիպ մի շարժում ծնվեր, այլ տարբերակ չկար, քանի որ գործող բոլոր ուժերը հուսախաբ են արել հասարակությանը: Յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո ժողովուրդը հայտնվում է ավելի վատ վիճակում, քան առաջ էր: 

Խնդիրն այն է, որ հավատ ու վստահություն չկա, քանի որ իշխանությունները իրենց «խարխուլ շինությունը» կառուցել են կեղծիքի հիման վրա: Մենք կփորձենք հավատ ներշնչել մեր նոր ձեւաչափով: Իմ կարծիքով, այսօր հանրությունն ավելի պատրաստ է ընդունել մեզ, քան 2008թ. մարտին: 

-Ինչո՞ւ եք կարծում, որ հանրությունն այսօր ավելի պատրաստ է փոփոխությունների: Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում:

- Ցանկացած գիտակից քաղաքացի պետք է իր ուսերին վերցնի իր բաժին բեռը` կին, թե տղամարդ, ծեր, թե երիտասարդ, քանի որ վիճակը օրհասական է: Երկրի ապագայի եւ իր ընտանիքի մասին մտածող ցանկացած մարդ պետք է պատասխանատվություն ստանձնի իր երկրի համար: Միայն համախմբվածության միջոցով կարելի է հասնել մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: 

- Վերջերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Ազատամարտիկների միություն ստեղծելու նպատակ ունեք: Այդ միությունը «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության հետ որեւէ կապ ո՞ւնի:

- Ես չեմ ստեղծում այդ միությունը, ես պարզապես ազատամարտիկներից մեկն եմ: Ազատամարտիկների միությունը ձեւավորվում է «դաշտային հրամանատարների» կողմից: Մենք պարզապես համախմբվել ենք ազատամարտիկներով եւ ուզում ենք ավելի հզորացնել մեր կառույցը: Ազատամարտիկները պատմություն են կերտել, հաղթանակ են պարգեւել ժողովրդին, ազատագրել են երկրի սահմանները: Չի կարելի արհամարհել երկրի պատմությունը կերտողներին: 

Այդ միությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ ոչ մի կապ չունի: Պարզապես այսօր ցանկացած հայ պետք է պայքարի իշխանափոխության համար: 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Սասուն Միքայելյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան: