Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովում
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:06, 01-06-2015

Հարգելի գործընկերներ


Արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհում նոր բաժանարար գիծ է ձևավորվում: Երկրները, քաղաքական ուժերը, նույնիսկ հասարակ մարդիկ սկսել են վիճել և միմյանց բաժանել եվրոպամետների, ռուսամետների, ամերիկամետների։ Մեր համար անընդունելի է նման բաժանումը. չկա ամերիկյան, եվրոպական, չինական կամ ռուսական միանշանակ ճշմարտություն: Մեր համար չկա տարբերություն Տոլստոյի և Ստենդալի միջև, նրանք երկուսն էլ հանճար էին: Մեր համար չկա տարբերություն Հիտլերի և Ստալինի միջև, նրանք երկուսն էլ մարդկության դեմ հանցանք են գործել:

Այսօր էլ չկա և չի կարող լինել արժեքային համակարգ ըստ տարածաշրջանի, ըստ ազգության, հավատքի։ Կան միայն համամարդկային արժեքներ, իրավունքներ և ազատություններ, որոնք չեն ճանաչում ո՛չ սահման, ո՛չ ազգություն: Ինչ վերաբերվում է մեր երկրի արտաքին քաղաքականությանը, սեպտեմբերի 3-ի տխրահռչակ միանձնյա որոշումը մեր երկիրը մեկ գիշերվա մեջ գցեց այդ բաժանարար գծի մեկ կողմը՝ հակառակ կողմում թողնելով մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր տնտեսական, քաղաքական և մշակութային բևեռ: Այդ քայլը փորձեցին հիմնավորել մեր անվտանգությանբ՝ Արցախի անվտանգությամբ: Արդյունքում մեր ռազմական դաշնակիցը շարունակեց ուսանել մեր թշնամու զինվորներին և միլիարդավոր դոլարների հարձակվողական զենք վաճառել:

Բոլորս գիտենք, թե միայն այս տարվա առաջին ամիսներին մեր զինվորներից քանիսը զոհվեցին, քանի գյուղեր գնդակոցվեցին այդ չակերտավոր «անվտանգության» շրջանակներում, որի դիմաց մենք համաձայնեցինք թողնել Արցախը ԵՏՄ սահմանի հակառակ կողմում: Միևնույն ժամանակ փաստ չէ, որ այդ զոհերը, այդ հարձակումները չէին լինի, եթե Հայաստանը իրեն գցեր Եվրոպական տնտեսական-քաղաքական կառույցի գիրկը՝ հրաժարվելով եվրասիական տնտեսական միությունից, և իր դաշնակցի քաղաքական և ռազմական օգնությունից: Փաստ չէ նաև, որ այդ պարագայում նույն Եվրոդիտորդները մեր հերթական՝ անգամ կեղծված ընտրությունները չէին անվանի ձանձրացնող «մեք քայլ առաջ» բնորոշմամբ: Բայց միևնույն ժամանակ փաստ է, որ քանի դեռ վերջնականորեն լուծված չէ Արցախի անկախության հարցը մենք նույնիսկ լեգիտիմ իշխանության պարագայում միանձնյա նման կտրուկ շրջադարձային որոշում կայացնելու իրավուքն չունենք:

Յուրաքանչյուր նման բանակցությանը Հայաստանը ներկայանալու է խոցելի դիրքերից: Յուրաքանչյուր նման հանդիպմանը մենք լինելու ենք ոչ թե գործընկերոջ, այլ խնդրողի դերում: Ուստի առաջ քաշված «արևմտամետ», «ռուսամետ», «ամերիկամետ», «և-և», «կամ-կամ» թեզերին մենք, ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ ասում ենք` «ՈՉ,ՈՉ», քանի դեռ չենք կարող բանակցությունների ներկայանալ վստահության քվե ստացած և հայ ժողովրդին ներկայացնող պաշտոնյայով:
«ՈՉ,ՈՉ», քանի դեռ հնարավոր է թեկուզ 1 տոկոսով կասկածի տակ դնել մեր որոշումների կայացման ինքնուրույնությունը: «ՈՉ,ՈՉ», քանի դեռ մենք ունենք չլուծված Արցախի խնդիր, որը փորձելու են խաղարկել բանակցությունների ժամանակ և ճնշում գործադրել մեզ վրա։ Սա է այսօրվա իրողությունը, որը մենք պետք է փոխենք, որպեսզի Հայաստանը կարողանա արտաքին աշխարհի հետ բանակցել գործընկերոջ դիրքից:
Շնորհակալություն