Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկուն
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:11, 07-11-2018

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:

Պարոն Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ, որը 25 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ ուղղված ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ անցումային այս շրջանում կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է նախաձեռնել գրեթե բոլոր ոլորտներում, և բարեփոխումների օրակարգին աջակցությունը ողջունելի է: Պարոն Միրզոյանը անդրադարձել է պետական կառավարման համակարգի բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական, մաքսային և հարկային բարեփոխումներին, ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ընտրական համակարգի երկարաժամկետ աջակցության ծրագրին:

Զրուցակիցները կարևորել են ԱՄՆ – Հայաստան համագործակցությունն աջակցությունից փոխշահավետ առևտրային հարաբերությունների վերածելու երկկողմանի ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը գալիք ընտրություններին, ինչպես նաև նշել Հայաստանին օժանդակելու հնարավորությունների ընդլայնման մասին: Պարոն Սոկոլովսկին հստակ ընդգծել է, որ իրենք կիսում են ՀՀ կառավարության՝ ժողովրդավարական Հայաստանի տեսլականը և պատրաստ են շարունակել աջակցությունը կառավարության բարեփոխումներին: