Արայիկ Հարությունյանի ելույթը՝ Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովում
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:06, 01-06-2015

Հարգելի պատվիրակներ,

Քաղաքական ուժերի ղեկավար մարմինների պատասխանատվության հարցը Հայաստանում քաղաքական առողջ, մրցակցային միջավայրի ձևավորման հիմնական խոչընդոտներից մեկն է:

Տասնամյակներ շարունակ իշխանությունը միշտ հայտարարել է, որ իբր ստանձնում է երկրի կառավարման պատասխանատվությունը, բայց ամեն անգամ խափանել է ակնհայտ ձախողումների համար իրեն պատասխանատվության ենթարկելու գլխավոր մեխանիզմը`համապետական ընտրությունները:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ընդդիմադիր դաշտում: Մենք հաճախ ենք ականատեսը դառնում մի իրողության, երբ իրենց քաղաքական ուժերի ղեկավարումը ստանձնած ընդդիմադիր գործիչը կամ գործիչների խումբը որևէ պատասխատավություն չեն կրում կուսակցության ծրագրերի տապալման, չկատարման դեպքում:

Եվ այս պարագայում ի՞նչ պետք է անենք մենք հաջողության հասնելու համար: Պատասխանն ակնհայտ է: Յուրաքանչյուր քաղաքական կարևորագույն իրադարձության համար այս կառույցի ղեկավարությունը պետք է կրի ուղիղ պատասխատավություն: Ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության «Ապագա Հայաստանի» նախագծի դեպքում մեր քաղաքացին պետք է ունենա հաշվելի ու չափելի առաջարկներ, նույնքան հաշվելի ու չափելի պետք է լինի կուսակցության ղեկավարության պատասխատավությունը տվյալ ժամանակահատվածի համար ստանձնած պարտավորությունների համար:

Նոր բան հնարելու կարիք չկա: Շատ երկրներում կուսակցությունների ղեկավարությունը համապետական ընտրություններից կամ համապետական նշանակություն ունեցող իրադարձություններից հետո հաշվետվություն է ներկայացնում իր կատարած աշխատանքի համար: Հաջողության դեպքում այդ ղեկավարությունը շարունակում է աշխատանքը, իսկ ահա ձախողումների դեպքում դա ավարտվում է կա՛մ քաղաքական ուժի ղեկավարների հրաժարականով և համաժողովի կողմից նոր ղեկավար մարմինների ընտրությամբ, կա՛մ առնվազն համաժողովի կամ կուսակցական համապատասխան մարմնի կողմից այդ քաղաքական ուժի ղեկավարին կամ ղեկավար մարմնին վստահություն նոր քվե տալով:

Ինչպես ցանկացած օրինական իշխանություն հաշվետու է իր ժողովրդի առաջ` իբրև այդ իշխանության միակ աղբյուրը, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմինները պետք է հաշվետու լինեն համաժողովի առաջ: Այս մեխանիզմն անշեղորեն պետք է գործի «Քաղաքացիական պայմանագրում»:

Մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք մասնակցել առաջիկա համապետական` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում ակնհայտ է, որ ընտրություններից մոտ մեկ տարի առաջ համաժողովը պետք է հստակ խնդիրներ դնի կուսակցության վարչության և քաղաքական խորհրդի առջև: Այս խնդիրներին համապատասխան ձևավորի այդ մարմիները, իսկ հաջորդ համապետական ընտրություններից հետո լսի հաշվետվություն:

«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմիններում չպետք է լինեն մշտական անդամներ կամ ղեկավարներ: Մենք մեր պատմության ընթացքում համոզվել ենք, որ անսխալական, ընտրություններից առաջ իր ձախողումների մասին նախապես տեքստ պատրաստած անփոփոխ ղեկավարություն ունեցող ընդդիմադիր կուսակցություններն անկենսունակ են և դատապարտված, վերածվում են փոքրիկ խմբակների` հաջորդ համապետական ստուգատեսում հաջողության հասնելու առանց որևէ հնարավորության:

Բայց սա չի նշանակում, որ իրենց առջև դրված խնդիրները չլուծած կուսակցականները հրաժարականից հետո պետք է հեռանան, լքեն քաղաքական ուժի շարքերը: Ամենևի՛ն: Մենք պետք է ներդնենք մի նոր մշակույթ, երբ հրաժարական տված կուսակցական պատասխանատուն մնա քաղաքական ուժի շարքերում: Ֆրակցիոնիզմի մեր հայտարարած սկզբունքի հիման վրա նրանք պետք է հնարավորություն ունենան մնալ կուսակցության ներսում, անել համապատասխան հետևություններ իրենց ձախողումներից, կատարելագործել իրենց կողմից առաջ քաշված ծրագրերը: Սա թույլ կտա հաջորդ ներկուսակցական ընտրություններում կրկին առաջ քաշել իրենց ծրագրերը, վստահության քվե ստանալու դեպքում` կրկին ստանձնել կուսակցության ղեկավարումը:

Ակնհայտ է, որ այս մեխանիզմի գործարկումն անհրաժեշտ է ինչպես շարքային կուսակցականին կամ «Քաղաքացիական պայմանագրի» համակրին, այնպես էլ կուսակցության ղեկավար մարմիններին, սա է քաղաքական ուժերի հաջողության հիմնական գրավականներից մեկը և այս մեխանիզմի գործարկումը միայն կուժեղացնի այսօր մեր կողմից ձևավորվող քաղաքական ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Շնորհակալություն ուշադրության համար