Արմեն Փամբուխչյանը ողջունել է միջազգային համաժողովի մասնակիցներին
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 19:11, 05-11-2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում՝ իր ելույթում Փամբուխչյանն անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որն ունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միությունը միջազգային բեռնափոխադրումների զարգացման բնագավառում։

«Հայասատանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարևոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը։ Այն օգնում է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերում բազմաթիվ խնդիրներ լուծում ստանան։ Բացի այդ, ոչ պակաս ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. հունիսի 25-ին տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա, Ադրբեջանի Հանրապետություն) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: 2004թ-ից, որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է նաև Սերբիայի Հանրապետությունը։