Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյանի ուղերձը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 13:05, 28-05-2019

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

1918֊ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց֊մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ֊Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը։

 

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։

 

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար։

 

100֊ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում։

 

Շնորհավոր տոնդ, Հայաստան։

 

Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»։