«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 23:11, 26-11-2018

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2018

Նախաբան

 

«Իմ քայլը» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու եւ իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն ժողովրդին վերադարձնելու համար։

«Իմ քայլը» դաշինքը ձեւավորված է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն առաջնորդած քաղաքական թիմի ներկայացուցիչներից եւ նրանց աջակցած ուժերից։

Դաշինքի քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։

1. Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումը իշխանությունից. պարտավորությունը լիարժեք կատարված է։

2. Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձեւավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով. 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է։

3. Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է։

4. Մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները: Այսօր որեւէ շուկայում մուտքի խոչընդոտներ եւ այլ սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս եւ կգան նոր խաղացողներ. պարտավորությունը լիարժեք կատարված է։

5. Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալներ եւ կապահովվի բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առաջ. պարտավորությունը լիարժեք կատարված է: 

6. Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պարտավորությունը լիարժեք կատարված է։

Այսպիսով, Հայաստանի հանրապետությունում իշխանությունը վերադարձված է ժողովրդին եւ իսկապես պատկանում է ժողովրդին, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով որոշելու է երկրի հետագա ճակատագիրը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում մենք վստահության քվե ենք ակնկալում ձեզանից՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։

Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաեւ բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

- Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը,

- աշխատանքի եւ ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի եւ կրթության միջոցով,

- օրենքի գերակայության ապահովումը,

- բարեկեցության շարունակական բարձրացումը,

- պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը: 

Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Իմ քայլը» դաշինքը։

 

«Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

 

 

«Իմ քայլը» դաշինքի գաղափարական թեզեր

 

«Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել` հասնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի  առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի անօտարելի լծակներով օժտելու, Հայաստանի՝ հայ ժողովրդի բնակության եւ զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա:

Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն գործոն է. յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց` այդ նպատակին միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Յուրաքանչյուր քաղաքացի սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը պետք է դիտարկի իբրեւ հանրային բարեփոխումների զարգացման կարեւորագույն բաղադրիչ: Պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար:

Մենք մերժում ենք բռնությունը՝ որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ՝ ընդունելով քաղաքացու, հանրության եւ պետության անհրաժեշտ պաշտպանությունը, օրինականությունը, հասարակական կարգը, հանրային անվտանգությունն ապահովելու իրավունքը:

Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության` որպես պետության հիմնական ազգային գործառույթն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:  Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Սեփական քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության եւ բարեկեցության ապահովումն է:

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

- պաշտպանություն արտաքին ագրեսիայից,

- պաշտպանություն ապօրինություններից, այդ թվում` կոռուպցիայից եւ քաղաքական հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից,

- պաշտպանություն բնական եւ տեխնածին աղետներից,

- պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից,

- բնական պաշարների խելամիտ օգտագործումը, վայրի բնության պահպանությունը, նրան հասցված վնասի վերականգնումը:

Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

- աշխատանքի, ձեռներեցության, ստեղծարարության քաջալերումը եւ անհրաժեշտ սոցիալական պատասխանատվությունը,

- կրթության քաջալերումը, որակյալ կրթության եւ առողջապահության մատչելիությունն ու հասանելիությունը,

- տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը,

- հանրահռչակ ազատությունների լիակատար կիրառման հնարավորությունը,

- հոգեւոր, մշակութային պահանջների բավարարումը, ստեղծագործական միջավայրի զարգացումը,

- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ նրանց սոցիալական ներառման ապահովումը,

- կանաչ գոտիների պահպանումը եւ բազմապատկումը, քաղաքաշինական միջավայրի մարդակենտրոն կազմակերպումը:

Անվտանգության եւ բարեկեցության ապահովման պետական գործառույթի իրականացումը բավարար պայմաններ կստեղծի անհատի եւ ողջ հանրության երջանկության համար, իսկ իրավունքի եւ օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը կդառնա այն գործոնը, որը կամբողջացնի  անհատի եւ հանրության երջանկության համար անհրաժեշտ պայմանները:

Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարեւոր գործոն է: Անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման եւ իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում` գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն եւ այլն: Ըստ այդմ` օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է հանրամատչելի: Յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին արժանանալու է օբյեկտիվ-ստեղծարար ընդունակությունների իրացմամբ:

Քաղաքական ասպարեզում սա ենթադրում է անառարկելիորեն մրցակցային եւ ազատ ընտրական համակարգի գործադրում, երբ երկրի քաղաքական կառավարման գործառույթները բաշխվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ինչը ստեղծում է հավասար հնարավորություններ երկրի կառավարման հավակնորդների համար: Ազատ քաղաքական մրցակցությունն է միակ երաշխիքը,   որ երկիրը կունենա առավել արդյունավետ կառավարություն:

Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձեւավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում գործարար հմտություններ ունեցող առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար առաջնային է ոչ միայն Զինված ուժերի մարտունակության, հատուկ ծառայությունների ու դիվանագիտական կորպուսի գործունակության շարունակական բարձրացումը, այլեւ Հայաստանի բնակչության թվի աճը. ըստ այդմ` առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հին եւ նոր սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

Ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը անշրջելի ժողովրդավարության հաստատումն է: Համաձայն ձեւակերպման` ժողովրդավարությունն իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից խաղաղ, ընտրական ճանապարհով, եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած ժողովրդի ազատ կամարտահայտման:  

Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի եւ համացանցի ազատության: Հանրային, պետական հարցերի վերաբերյալ քաղաքական, հանրային բանավեճն անընդհատ գործընթաց է եւ չպետք է դադարի՝ դառնալով հանրային էներգիայի հարաճուն աղբյուր: Այսօրինակ բանավեճի կարեւորագույն հարթակը ազատ լրատվամիջոցներն են, ազատ եւ բազմազան հարթակները (ժողովրդավարական ինստիտուտները), որոնց գոյության երաշխավոր լինելը ժողովրդավարական իշխանության առաջնային պարտավորությունն է: Այս ինստիտուտները պետք է դառնան հասարակական կարծիքի արտահայտման հարթակ, ինչը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում երկրի կառավարմանը ժողովրդի անմիջական մասնակցության կարեւորագույն ինստիտուտ է:

Օրենքները դառնալու են անձնային, խմբային, հանրային  հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձեւավորման առանցք: Հարաբերությունների կարգավորման եղանակները, որ լայնորեն փոխ են առնվում հանցագործ աշխարհից, կոռումպացված հարաբերություններից, պետք է արմատախիլ արվեն հանրային հարաբերությունների բոլոր մակարդակներից: Ոստիկանություն, դատարան դիմելը դառնալու է իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք, հանցագործությունները կանխելը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մասին հայտնելը լինելու է յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորություն:

Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է. հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, առավել արդյունավետ քաղաքական եւ տնտեսական կառավարման արդյունքում պետք է ձեւավորվի բավարար ազգային արդյունք՝ արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, կրթության եւ գիտության՝ միջազգային չափանիշերին համապատասխանող ֆինանսավորման, մշակույթի, սպորտի, զարգացման համար:

Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում:

 

50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն

 

  1. Զարգացնելու ենք հայրենական ռազմական արդյունաբերությունը:
  2.  Հետեւողական ենք լինելու բանակցային գործընթացում Արցախը` որպես հակամարտության  հիմնական կողմ ներգրավելու հարցում:
  3. Վերացնելու ենք սփյուռքի ներկայացուցիչներին ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքները:
  4. Նվազեցնելու ենք շահութահարկի, եկամտային հարկի եւ շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը:
  5. Լրամշակելու ենք «Շքեղության հարկի մասին օրենքը», ընդլայնելու եւ հանրայնացնելու ենք շքեղության հարկի օբյեկտ եւ շքեղության հարկ վճարողների ցանկը:
  6. Հասցեական հարկային քաղաքականությամբ եւ տարբերակված մոտեցումների կիրառմամբ նպաստելու ենք Երեւանից դուրս՝ հատկապես սահմանամերձ գոտիներում գործարար համայնքի կայացմանը:
  7. Տարեկան մինչեւ 20 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ազատելու ենք հարկերից:
  8. Ներդնելու ենք ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանտարտներին համապատասխանող համակարգ, ճանապարհների պահպանման եւ ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգ:
  9. Ներդնելու ենք ուղեւորափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգ եւ համացանցով ապահովելու ենք մեկնարկային/ժամանման ժամանակացույցի հասանելիությունը բոլոր քաղաքներում:
  10. 2023 թվականին մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների 70 եւ ավելի տոկոսը լինելու են բարեկարգ վիճակում: 
  11. Զարգացնելու ենք վերականգնվող էներգետիկ եւ էներգախնայող համակարգերը:
  12. Մշակելու ենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն եւ իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր:
  13. Բարձրացնելու ենք սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:
  14. Օժանդակելու ենք կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը եւ սահմանելու ենք կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ:
  15. Ներդնելու ենք գյուղատնտեսության ապահովագրական համակարգ:
  16. Աջակցելու ենք հակակարկտային ցանցերի ներդրմանը:
  17. Աջակցելու ենք հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձեւավորմանը եւ ապահովելու ենք միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացումը։
  18. Աջակցելու ենք մարզերում նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծմանը:
  19. Աջակցելու ենք «ՏՏ գյուղ» ծրագրի իրականացմանը` Հայաստանը միջազգային ՏՏ մասնագետների համար ցանկալի ապրելու վայր դարձնելու նպատակով:
  20. Բարձրացնելու ենք պետական աշխատողների աշխատավարձերը, վարելու ենք աշխատավարձերի բարձրացումը խրախուսող քաղաքականություն:
  21. Պետական համակարգում ամրապնդելու ենք արժանիքների հիման վրա պաշտոն ստանձնելու սկզբունքը:
  22. Անցում ենք կատարելու ռազմավարական պլանավորման եւ փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի:
  23. Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական եւ համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով:
  24. Ստեղծելու ենք հանրային ծառայությունների մատուցման մեկ միասնական կենտրոն եւ էլեկտրոնային հարթակ՝ ծառայություններ մատուցելով «միայն մեկ անգամ» սկզբունքով:
  25. Հանրային ֆինանսները տնօրինելու ենք նպատակային եւ խնայողաբար՝ սահմանված նպատակին նվազագույն միջոցներով հասնելու տրամաբանությամբ:
  26. Ներդնելու ենք պետական գնումների արդար եւ թափանցիկ էլեկտրոնային համակարգ:
  27. Բացահայտելու ենք պետական գնումների ոլորտում իրականացված չարաշահումները, վերականգնելու ենք պետությանը պատճառված վնասները:
  28. Վերանայելու ենք գնումների կազմակերպման եւ իրականացման կանոնակարգերը` ապահովելով մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում:
  29. Ստեղծելու ենք կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հակակոռուպցիոն ծրագրերի համակարգման միասնական անկախ մարմին:
  30. Բեռնաթափելու ենք դատական համակարգը, ներդնելու եւ գործարկելու ենք վեճերի լուծման այլընտրանքային հնարավորություններ:
  31. Գործարկելու ենք անցումային արդարադատություն առնվազն հետեւյալ ուղղություններով՝ անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատման համար, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ:
  32. Ճանապարհային ոստիկանության հենքի վրա ստեղծելու ենք պարեկային ծառայություն, որը կատարելու է երթեւեկության եւ հանրային անվտանգության ապահովման գործառույթներ: 
  33. Երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքների առավելագույն չափ է սահմանվելու 29 հազար դրամը, փոխարենը ներդրվելու է խախտումների համար վարորդի միավորների նվազեցման, վարորդական իրավունքից զրկելու համակարգ:
  34. Ներդնելու ենք համընդհանուր բժշական ապահովագրության համակարգ:
  35. Բարձրացնելու ենք նախադպրոցական կրթության որակը,  հասանելիությունը եւ մատչելիությունը` ապահովելով 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական կրթական հաստատություններում: 
  36. Հանրակրթության ոլորտում արդիականացնելու ենք ուսումնական ծրագրերը, ապահովելու ենք բնական եւ տեխնիկական առարկաների եւ օտար լեզուների խորացված ուսուցում, զարգացնելու ենք քաղաքացիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կրթությունը եւ մեդիագրագիտությունը:
  37. Ապահովելու ենք ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացում եւ աշխատավարձի աստիճանական բարձրացում:
  38. Բարձրագույն կրթության ոլորտում ապահովելու ենք անցումը երրորդ աստիճանին (PhD): Կենտրոնացնելու եւ ուժեղացնելու ենք բուհական համակարգը:
  39. Խրախուսելու ենք գիտության, նորարարության եւ իրական հատվածի միջեւ համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը:
  40. Մինչեւ 2023 թվականը գործազրկությունը նվազեցնելու ենք 5 տոկոսային նիշով:
  41. Մշակելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն ապահովող քաղաքականություններ:
  42. Մշակելու ենք երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր:
  43. Մինչեւ 2023 թվականը վերացնելու ենք ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով:
  44. Բարձրացնելու ենք կենսաթոշակները:
  45. Իրականացնելու ենք բարեփոխումներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում:
  46. Իրականացնելու ենք «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է մասամբ ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
  47. Ներդնելու ենք աղբի վերամշակման ժամանակակից համակարգ:
  48. Զարգացնելու ենք վերամշակող եւ կայուն բնօգտագործումը, հանքարդյունաբերության ոլորտում սահմանելու ենք ամենաբարձր բնապահպանական չափանիշներ:
  49. Բարձրացնելու ենք Սեւանա լճի մակարդակը, ինչպես նաեւ գործուն քայլեր ենք ձեռնարկելու լճի աղտոտվածության մակարդակը կտրուկ նվազեցնելու համար:
  50. Զարգացնելու ենք ստեղծագործական արդյունաբերությունը, ապահովելու ենք հայկական արվեստի «արտահանում» եւ միջազգայնացում:

 

 

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: