Լենա Նազարյանը մասնակցել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր ն
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 11:10, 18-10-2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 18-ին  մասնակցել է Երեւանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Իր ելույթում ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր 20 տարի շարունակ իրենց ջանքն ու եռանդն են ներդրել լրագրողի մասնագիտությունն ընտրած ուսանողներին մասնագիտական գիտելիքներ եւ փորձ փոխանցելու համար:

Լենա Նազարյանի խոսքով` այսօր Հայաստանում մեդիայի ազատությունը 100 տոկոսով ապահովված է: Եվ չնայած  «ֆեյքնյուզերին», իրադարձությունների միակողմանի մեկնաբանություններին, տեղեկությունների նենգափոխումներին ու զրպարտություններին, որ հաճախ մի քանի ժամով հայտնվում են էկրաններին եւ մեզ տանում ծուռ հայելիների աշխարհ, խոսքի ազատությունը ոչ մի դեպքում չպետք է տուժի ու սահմանափակվի: «Խոսքի ազատությունն անվիճարկելի նվաճում է, անառարկելի արժեք: Եվ միայն գիտելիքահենք հանրության, պրոֆեսիոնալ ու էթիկական սկզբունքներով առաջնորդվող լրագրության պայմաններում է, որ մարդիկ կարող են դուրս գալ ծուռ հայելիների աշխարհից, ճիշտ կողմնորոշվել ու պաշտպանել իրենց իսկ նվաճած ժողովրդավարությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը»,-նշել է խորհրդարանի փոխնախագահը:

Լենա Նազարյանը հույս է հայտնել, որ յուրաքանչյուր լրագրող չի օգտագործի իր խոսքի ուժը ի չարս, չի չարաշահի հանրության կողմից իրեն վերապահված հավատը, չի մոլորեցնի, չի նենգափոխի, չի վնասի: Նա  խիզախություն, տոկունություն ու բարի երթ է մաղթել բոլորին, ով բռնել է լրագրության ճանապարհը: