Ռոմանոս Պետրոսյանի ելույթը՝ Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովում
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:06, 01-06-2015

Կառավարման խորհրդի հարգելի անդամներ, գաղափարակից ընկերներ և բարեկամներ,

Ահավասիկ եկավ այն պահը, որ մեկուկես տարիների բուռն քննարկումների, քաղաքական բանավեճերի և հաճախ՝ ծայրահեղ հակասական թվացող տեսակետների բախման, հղկման ու սրբագրման արդյունքում հասանք մի հանգրվանի, որ այլևս ժամանակն է մեր ընդհանուր ասելիքին հաղորդելու իրավական կարգավիճակ և այն վավերացնելու Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության դրոշմով:

Թե ինչ է ասում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն իր հետագա քայլերի ու քաղաքական նոր օրակարգի վերաբերյալ, քաջատեղյակ եք բոլորդ կամ առնվազն կարող եք ծանոթանալ մեր կուսակցության Ծրագրից, որն այսօր դրված էրձեր սեղաններին վավերացման, սակայն այդ Ծրագրի մասին չէ, որ ցանկանում եմ ես հիմա խոսել: Խոսքս ուզում եմ կառուցել Հայաստանյան իրականություն - Սփյուռք նոր որակի հարաբերությունների անհրաժեշտության շուրջ, որը մեր պետականաշինության այս փուլում այլևս օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել:

Քաղաքական արդի իրողություններին մեր ակտիվ մասնակցությունից և քաղաքական նոր օրակարգ թելադրելուց զատ, մեր կուսակցության Ծրագրային հիմնադրույթներից ամենաառանցքայինն, ըստ իս, հանդիսանում է մեր այն տեսլականը, որ առաջիկա 20-տարիներին Հայաստանի Հանրապետության բնակչությունն առնվազն պետք է կրկնապատկվի: Դա մեզ անհրաժեշտ է՝ վերականգնելու մեր երկրի ու ժողովրդի զարգացման բնականոն ընթացքը, ադեկվատ արձագանքելու արտաքին աշխարհից եկող նորօրյա մարտահրավերներին ու ինքնաբավ կերպով ապահովելու մեր անվտանգությունն ու կենսունակությունն արդի աշխարհում:

Բոլորս ենք գիտակցում, որ դա անհնար է միայն երկրում մոլեգնող արտագաղթի կասեցմամբ ու ծնելիության բնական աճի խթանմամբ: Այդ հավակնոտ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մեր գործունեության առաջին իսկ փուլից  մեկնարկել Մեծ հայրենադարձության ծրագիրը, որըվերջնարդյունքում թույլ կտա մեզ Հայաստանը դարձնել համայն Հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական և մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնատեղին. որն է և մեր գործունեության հեռահար հիմնական նպատակը՝ ամրագրված կուսակցության Ծրագրի համապատասխան դրույթով: 

Իսկ ինչպե՞ս պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում հարուցենք հայրենադարձության հանդեպ նոր հետաքրքրություն, եթե այսօր իսկ քիչ չեն այն հայաստանցիները, որոնք լքում են հայրենի հողն՝ առկա սոցիալական, իրավական ու բարոյական բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված: Արդի հայաստանյան իրողությունների ֆոնին, իհարկե, դա իրատեսական չի թվում: Սակայն կա մեկ լուծում, որն ընդունակ է տրամագծորեն փոխելու իրավիճակը՝ կապված ահագնացող արտագաղթի և անիրական թվացող ներգաղթի հետ: Դա հնարավոր է Հայաստան երկրի ու աշխարհասփյուռ հայության միջև փոխհարաբերությունների նոր ֆորմատի ներդրմամբ:

Դա հայկական Սփյուռքի ներգրավվումն է Հայաստանի պետականաշինության գործերին, նրանց հասու դարձնելն է քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներին, երկրի համար կարևորագույն որոշումների կայացմանը՝ որպես լիարժեք շահառուներ, Հայաստանիօրենսդրությամբսահմանված ընտրական գործընթացներին: Չէ՞ որ սա նաև իրենց Հայրենիքն է, որի նկատմամբ Սփյուռքը ևսունի իրավունքներ: Բայց և միաժամանակ՝ Սփյուռքին պետք է օժտել նույնքան պարտավորությամբ: Իսկ ինչու՞պետք է  Հայաստանի ներքին կյանքի բարելավման, իրավական միջավայրի ստեղծման, օրվա իշխանությունների վարած, մեղմ ասած, «սխալ» սոցիալական քաղաքականության զսպման պարտավորությունները մնան միայն հայաստանաբնակների ուսերին, որոնց թիվը նաև գնալով նվազում է:

Բոլորս, այդ թվում նաև համաշխարհային հանրությունն է ականատես այն իրողության, թե ինչերի է ընդունակ հայկական լոբբին՝ արտաքին քաղաքական ճակատում իր համակարգված աշխատանքով՝ Հայաստան պետության հետ միասին: Այս պարագայում՝ ինչու մենք չփոխանցենք  մեր Սփյուռքին Հայաստանյան զարգացումների մշտադիտարկման մանդատ, որը դամոկլյան սրի պես կճոճվի օրվա իշխանությունների գլխին և զսպաշապիկի դերում վերջիներիս կուղղորդի ավելի ճիշտ և հավասարակշռված քաղաքականություն վարել կյանքի բոլոր ոլորտներում:

Չէ որ մեզանից ոչ ոք չի կարող վիճարկել այն պարզ ճշմարտությունը, որ օտար երկրներում ցանկացած տեսակի հայապահպանության ձեռնարկ ու ջանք հավասար է զրոյի, եթե վերջնարդյունքում այն միտված չէ դեպի Հայրենիք հայրենադարձությանը: Պետք չէ կառուցել փոքրիկ Հայաստաններ Հայաստանից դուրս: Իրական Հայաստանն է պետք շենացնել, և շենացնել է պետք ոչ թե Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունով ինչ-որ գումար փոխանցելով և պարտքը կատարած համարելով այդ տարվա համար, այլ այցելելով Հայրենիք, զավակներին կապելով Հայրենիքի հետ, հարազատներին ուղղորդելով Հայրենիքև իրենցիսկառջևխնդիր դնելով. եթե ոչ՝ ես, ապա իմ զավակը պետք է հասակ առնի Հայաստանում:

Սիրելի աշխարհասփյուռ հայրենակիցներ.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր Ծրագրով նոր երկխոսության կոչ է անում բոլորիդ, ուղղեք Ձեր հայացքները Հայաստանին. Հայաստանն է համայն հայության գենետիկ, ֆիզիկական, տնտեսական, ֆինանսական, մտավոր ու բարոյական անվտանգության միակ ուբացառիկերաշխավորը: Մենք պատրաստում ենք ձեր վերադարձը: Մենք ձեզ սպասում ենք ոչ թե ավանդատուի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով, դուք մեզ պետք եք՝ տանտիրոջ իրավունքով: Եկեք, հիմնվեք, պայքարեք մեզ հետ միասին վաղվա օրվա համար, որպեսզի միասին էլ կերտենք մեր երազանքների Երկիրը՝ հիրավի ԱԶԱՏ, ԻՆՔՆԻՇԽԱՆ և ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Շնորհակալություն: