Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովում
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:06, 01-06-2015

Հարգելի բարեկամներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել կառավարման խորհրդին մինչ այս պահը կատարած փայլուն կազմակերպչական աշխատանքների համար:

Չեմ ուզում անդրադառնալ ծրագրային դրույթների կարծում եմ, որ գործընկերներս հանգամանորեն անդրադարձան այդ հարցերին:

Ավելի շատ կցանկանայի անդրադառնալ պահի խորհրդանշական կարեւորությանը:

Արձանագրենք հետեւյալը.

Վերջին 20 տարիներին Հայաստանում ակտիվ քաղաքական ուժերը՝ թե ընդդիմադիր եւ թե, առավել եւս, իշխանական՝ կազմավորվելով անձերի շուրջ եւ անձերի համար, իրենց փտած եւ իրավիճակային մտածողությամբ ուղղակի տապալել են ՀՀ բարգավաճման եւ ժողովրդավարացման գործընթացը եւ հուսալքման հասցրել ժողովրդի ստվար զանգվածների:

Հասունացել է այս ամենին վերջ դնելու եւ համակարգային փոփոխություններ բերելու պահը:

Սրա համար, ըստ իս, անհրաժեշտ է ապահովել 3 նախապայման.

      երկրի զարգացման հստակ տեսլական ունեցող պարկեշտ քաղաքացիների միավորում ժողովրդավարական սկզբունքով եւ ժողովրդավարական արժեքների շուրջ՝ ստեղծելով անհրաժեշտ ներքին հակակշիռներ այս սկզբունքներից չհեռանալու համար;

      երկրի առջեւ ծառացած խնդիրների հստակ ձեւակերպում եւ դրանց լուծման կոնկրետ առաջարկների ներկայացում;

      վերոնշյալ լուծումները գործնականում իրագործելու կարողության ապահովում:

Այն, որ ձեր առջեւ այսօր  նաեւ ելույթ  ունեցան ընգրկուն քաղաքական անցյալ չունեցող ու դեռեւս ոչինչ չասող անուններով երիտասարդներ, վկայությունն է այն փաստի, որ սկսվել է Հայաստանի Հանրապետության կայացման սկզբունքորեն նոր եւ վճռորոշ այս փուլը:

Փուլ, որում մենք հրաժեշտ կտանք այսքան տարի մեզ հուսախաբ արած բոլոր ուժերին ու նրանց ստեղծած համակարգին եւ մեր ձեռքը կվերցնենք մեր երկրի ապագան:

Փուլ, որում քաղաքական հարթակը կզբաղեցնեն երիտասարդներ, ովքեր հստակ պատկերացում ունեն իրենց երազած ապագայի եւ դրան հասնելու ուղիների վերաբերյալ:

Փուլ, որում կվերաիմաստավորվեն նախկին քաղաքական ուժերի թեթեւ ձեռքով իմստազրկված՝ հայրենիք, արդարություն, ժողովրդավարություն բառերը:

Ուրախ եմ եւ հպարտ, որ հենց Քաղաքացիական Պայմագրին է վիճակվել դառնալ այս գործընթացի նախաձեռնողն ու առաջամարտիկը:

Սակայն վերջնական հաջողության հասնելը կախված կլինի բոլորիս սկզբունքայնությունից, հետեւողականությունից եւ ինքնակատարելագործումից՝ առաջին հերթին հենց ներքին կուսակցաշինության գործում:

Համոզմունքս է, որ քաղաքականության մեջ լինում են ոչ թե լավ կամ վատ մարդիկ, այլ լավ կամ վատ համակարգ: Հենց այս սկզբունքորեն նոր համակարգի կայացման գործին այս պահից սկսած եւ ամեն օր պետք է լծվենք բոլորս՝ թե կուսակցության ներսում, եւ թե դրանից դուրս:

Այս համաժողովին նախորդած երկարատեւ քննարկումների արդյունքում ՔՊ-ում ձեւավորվել է երիտասարդների մի թիմ, որի անդամները ովքեր այլեւս չեն պատրաստվում հաշտվել մեր գորշ իրականության հետ:

Ովքեր չեն ճանաչում եւ ոչ մի հեղինակություն սեփական խղճից բացի:

Ովքեր ունեն հստակ պատկերացում արդարությամբ եւ ժողովրդավարությամբ ղեկավարվող Հայաստանի մասին եւ պատրաստ են պայքարել դրա համար եւ իրենց վրա վերցնել երկրի ղեկավարման պատասխանատվությունը:

 

Չգիտեմ` ինչպես դուք, բայց ես արդեն հոգնել եմ տարիներ շարունակ ժողովրդի մեջ շրջանառվող “Էս երկրի վերջն ինչ ա լինելու” եւ “էս երկիրը երբ ա երկիր դառնալու” հարցերից:

Սակայն ուրախ եմ, որ, ՔՊ-ին անդամակցելով, այժմ կարող եմ դրանց պատասխանել.

Լա՛վ ա լինելու, հենց հիմա՛, եւ մենք շուտով կներկայացնենք, թե ինչպես: