Կուսակցության ծրագիր
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 01:06, 01-06-2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն՝
-Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: - Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը: - Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը: - Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։ - Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: