Թավշյա Հեղափոխություն
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 14:07, 24-07-2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց «Իմ քայլը» անունը կրող բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները։

«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը

  • Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին։
  • Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողություններին, փակել է Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը։
  • Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականության բռնությանը փակեց Երևան - Սևան - Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի արագաչափերից երկրորդը։
  • Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի ամբիոնի մոտից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ։

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2018 թվականի մարտի 1-ին: Նախաձեռնությունն առաջին ակցիան իրականացրել է մարտի 24-ին, երթն սկսվել է Կասկադից և ավարտվել Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ:

Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա էր կազմակերպել և գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար։

  • Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին։
  • Ապրիլի 9-ին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ իրականացրեց Երևանի կենտրոնական փողոցներով։
  • Ապրիլի 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը «Հանուն Հայաստան պետության» ճակատի աջակցությամբ մոտ կես ժամով փակել էին Տիգրան Մեծ - Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը:

2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս: Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան

Շուրջ 30 րոպե հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն ու համակիրները ավտոերթով մոտեցել են Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը: Խցանումների հետևանքով ամբողջությամբ կաթվածահար են լինում Բաղրամյան, Մաշտոց պողոտաները և Սայաթ-Նովայի պողոտան ու հարակից փողոցները: Որոշ ժամանակ ոստիկանությունը փակել էր Բաղրամյան պողոտայի՝ Մաշտոցի պողոտան, որի բացվելուց հետո ավտոերթի մասնակիցները շարժվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանինու նրա համախոհներին ընդառաջ, ովքեր Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով շարժվում էին դեպի մայրաքաղաք Երևանի ուղղությամբ: Ավտոերթի մասնակցիները ավտոմեքենաներով կրկին վերադառնում են Երևան:

 2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները: Երկու նախաձեռնությունների տասնյակ անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի ղեկավարության կողմից ուսանողների կողմից հնչեցրած դասադուլի կոչեր անելուն խոչընդոտելու դեմ: Չնայած սկզբում պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր բուհի անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի մոտ: «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ:

2018 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակը դեռևս ցուցարարների հսկողության ներքո է գտնվում:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն ու ուժերը նախօրոք նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածության առաջադրումը: Համաձայն բողոքի գործողություններ իրականացնող ուժերի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք անհնազանդության գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխել են Ծաղկաձոր քաղաք: Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին: Մինչև ավտոերթի մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել է, որի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին:

Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները, տեղեկանալով, որ իշխող կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսում են բողոքի երթեր և ավտոարշավներ՝ պարբերաբար փակելով փողոցներ:

Բողոքի քայլերթ իրականացնող հազարավոր քաղաքացիները, հասնելով Հայաստանի Հանրային ռադիոյի շենք, այն շրջապատել և ներս են մտել: Ցուցարարները, բարձրանալով Հանրային ռադիոյի շենքի վերին հարկեր, պահանջել են ուղիղ եթեր տրամադրել: Սակայն ռադիոտան աշխատակիցները անջատել են շենքի էլեկտրականությունը, ինչի հետևանքով Հանրային ռադիոյի հեռարձակումը դադարեցվել է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց անհնազանդության այդ քայլը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»:Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների այս գործողությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որակել է որպես խմբակային հարձակում պետության կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտ:

Ապրիլի 15-ին երեկոյան 18։00-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց գործողությունները սկսել 08:15-ից։ Անհնազանդության քայլերից պետք է լինեն Երևանի կամուրջների արգելափակումը, տրանսպորտային ցանցի խափանումը, դասադուլները, գործադուլները։

Ապրիլի 16-ին քաղաքացիական անհնազանդության և փողոցներ փակելու գործողություններն ինչպես պլանավորված էին, սկսեցին առավոտյան 08։15-ին։ Փակված փողոցներում ակտիվիստները որպես բարիկադ օգտագործում են նստարաններ և աղբամաններ։ Բողոքի գործողություններ են տեղի ունեցել Գյումրի քաղաքում:Ապրիլի 16-ի ուշ երեկոյան ցուցարարների առանձին խմբեր փակում Երևանի մի շարք փողոցներ:

Ապրիլի 17-ի առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի միջոցառումները։

Առավոտյան ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում մեկնարկեց ՀՀ վարչապետի ընտրության ազգային ժողովի նիստը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, 91 պատգամավոր:
Ֆրանսիայի հրապարակում սկսված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսում են թավշյա հեղափոխություն, և պետք է արգելափակեն պետական հաստատությունները:Երեկոյան ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ::

Ապրիլի 18-ի առավոտյան բողոքի գործողությունները վերսկսվում են մայրաքաղաք Երևանում, Գյումրիում, Արմավիրում, Վանաձորում, Գավառում: Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը, որի ավարտին ցուցարարներն իրականացրին երթ դեպի ՀՀ վարչապետի նստավայր: 

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը, Human Rights Watch միջազգային կազմակերպությունը:

Ապրիլի 19-ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի զանգվածային գործողությունները: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների միջև, որի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք ցուցարարներ:Առավոտյան Գյումրիում ևս սկսվել են բողոքի գործողություններ: Ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ մի նշարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել: Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք:

Ապրիլի 20-ին Երևանի տարբեր վայրերում սկսվել են բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից սկսել է մասայաբար բերման ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին: Վաղ առավոտյան փակվել է նաև Վաղարշյան փողոցը, որտեղից ոստիկանությունը հատուկ տեխնիկայով հեռացրել են փողոցը փակած ավտոմեքենաները: Վաղ առավոտյան դասադուլ են սկսել մի շարք դպրոցների աշակերտներ, այդ թովւմ՝ Արշալույս գյուղի դպրոցականները: Բողոքի գործողություններ են տեղի ունենում Գյումրիում, Վանաձորում, Եղվարդում, Հրազդանում: Երեկոյան հանրահավաք Հանրապետության հրապարակում, ըստ լրատվամիջոցների, ամենաբազմամարդն էր մինչև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների շարքում: Ելույթներով հանդես եկան մի շարք քաղաքացիներ և հասարակական գործիչներ: Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Հայաստա՜ն», «Միացում»: 

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Ավան թաղամասում «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» նախաձեռնությանը մասնակցող վարորդները հարձակումների և ծեծի են ենթարկվել Երևանի Ավան թաղամասում:

Ապրիլի 21-ի առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ դադարեցնել ցույցերը և նստել երկխոսության սեղանին: 

Բողոքի գործողություններ են տեղի ունենում Հանրապետության մի շարք համայնքներում՝ Վաղարշապատում, Ապարանում, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, Հանրապետության երրորդ խոշոր քաղաք Վանաձորում, Սպիտակում, Հրազդանում, Գյումրիում:

2018 թվականի ապրիլի 22-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները: Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում: Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ: Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները: ՀՀ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ: Բողոքող քաղաացիները տարբեր բնակավայրերում օրվա ընթացքում իրականացրեցին բազմահազարանոց երթեր, փողոցների և ճանապարհների արգելափակում: Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ: Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ: Ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը:

2018 թվականի ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանի Հանրապետությունում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի միջոցառումները: Բողոքի գործողություններն ընդգրկել են մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները: Կեսօրին ազատ են արձակվում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և մնացած ձերբակալվածները: Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս:Հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:

Ապրիլի 24-ի կեսգիշերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան - Կարեն Կարապետյան հանդիպումը չի կայանա, քանի որ իրենց կողմից առաջադրված պահանջները չեն բավարարվել: Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իշխանության խաղաղ փոխանցման,, ԱԺ արտահերթ ընտրությունների կայացման հարցերի շուրջ, իսկ իշխող ՀՀԿ կուսակցությունը չպետք է ներկայացված լինի անցումային կառավարությունում:

Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանք քննարկել են Հյաստանում առկա ներքաղաքական խնդիրները:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակման ձևաչափով տեսաուղերձում հայտարարել է, որ եթե իրեն չզանգահարեն Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, ապա իրենք վաղ առավոտից սկսում են բողոքի գործողությունները: Նա նաև ասել է, որ իր հանդիպումը պետք է լինի 3+3 ձևաչափով, որին իշխող կուսակցությունից պետք է մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդարասյանը, իսկ օրակարգը լինի բացառապես իշխանության խաղաղ փոխանցումը, իսկ բանակցային գործընթացը պետք է լուսաբանվի այն ձևաչափով, ինչպես լուսաբանվել է իր և Սերժ Սարգսյանը հանդիպումը:

Ապրիլի 25-ից մեկնարկեց Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության երկրորդ փուլը. ցուցարարները փողոց դուրս եկան ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի հեռացման պահանջով: Կարապետյան-Փաշինյան բանակցությունները չկայացան: «Հրապարակում կան հավաքված մարդիկ, որոնք դժգոհ են ստեղծված իրավիճակից, բայց ինչպե՞ս որոշենք՝ ով է վարչապետի նրանց թեկնածուն», - հայտարարել էր Կարապետյանը: Երկրում այդ օրը շարունակվեցին դասադուլները, գործադուլները բազմահազարանոց երթերը, և ոչ ոք բերման չենթարկվեց:Աժ «Ելք» խմբակցության գումարած նիստում դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում  առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ապրիլի 26-ին ակտիվորեն շարունակվում են բողոքի ակցիաները: Թավշյա հեղափոխության առաջնորդները չեն զիջում իրենց դիրքերը. նրանց պայմաններն ու պահանջները նունն են:

Ապրիլի 27-ին տեղի է ունենում հարյուրավոր մեքենաներով երթ դեպի Գյումրի: Գյումրու ժողովուրդը մեծ շուքով, միջոցառումներով  դիմավորում է Նիկոլ Փայինյանին: Տեղի է ունենում հանրահավաք: Վերջին տարիներին Գյումրիում այդպիսի հանրահավաք տեղի չէր ունեցել:

Տաշիրում տեղի ունեցող բողոքի ակցիան ցրվում է տեղի իշխանությունների կողմից:

Ապրիլի 28-ին Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզով այցելում է Իջևան, Դիլիջան, Վանաձոր:

Ակտիվիստները Տաշիրում նույնպես կազմակերպում են երթ նախորդ օրվա վախի մթնոլորտը ցրելու համար: Նրանք ավտոերթով ցուցարարներին ուղեկցում են Վանաձոր:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Ծառուկյանը հայտարարում է, որ իրենք մեկ մարդու պես իրենց ձայնը տալու են ժողովրդի թեկնածուին:

Մայիսի 29-ին բոլոր գործողությունները սկվսել են կրկնակի թափով, որպեսզի նախապատրաստվեն մայիսի 1-ի ընտրություններին: Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր:

Ապրիլի 30-ին  Նիկոլ Փաշինյանը  «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվում է որպես ՀՀ վարչապետի թեկնածու:

Մայիսի 1-ին տեղի է ունենում ՀՀ վարչապետի արտահերթ ընտրությունները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ է տեսնում առաջիկայում: 45 կողմ և 56 դեմ ձայներով նա չի ընտրվում: Ցուցարարերը Հանրապետության հրապարակում սպասում են Նիկոլ Փաշինյանին:

Մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունուն հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ. փակվում են փողոցները, կամուրջները մետրոն և օդանավակայանը:ՀՀԿ-ն հայտարարում է, որ  խորհրդարանի 1/3ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը օդանավակայանից դիմավորում է Սերժ Թանկյանին, Միասին գնում են Հանրապետության Հրապարակ:

Մայիսի 8-ին  59 կողմ և  42 դեմ ձայներով որոշումն ընդունվում է. Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետ: «Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության մի փառավոր էջ: Եվ , ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»-ԱԺ ամբիոնից հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: