Արտաքին քաղաքականություն
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 05:06, 01-06-2018

Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը և դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։

Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
  • Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը և կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։

    Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։
  • Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
  • Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ։
  • ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
  • ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
  • Իրանի և Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին և որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհքաղաքական ազդեցություններից։ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ։
  • Ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ:
  • Զարգացնելու համագործակցությունն Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ:
     

Բազմակողմ հարթակներում կառավարությունը կարևորում է՝

  • ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և ՀՀ շահերի պաշտպանությունը,
  • ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը,
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպումը, 2018-2020 թթ. ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը,
  • ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը,
  • Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը կարևորում է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման, Հայաստանի զագացման համար բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ: