Ազատ, երջանիկ քաղաքացի
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 05:06, 01-06-2018

Պետության և կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և ազատությունների ապահովումը, նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելը, մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։
    
    Քաղաքացու երջանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել նրա ներգրավվածությունը հանրային կյանքին՝ աշխատանքային, տեղական ինքնակառավարման և համապետական մակարդակում։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքը հանրային կյանքի վրա ազդելու կոնկրետ և գործուն հնարավորություն ունի, և այդ հնարավորությունն առաջին հերթին պետք է ապահովվի իշխանության ձևավորման համակարգի նկատմամբ բարձր վստահությամբ։
    
    Քաղաքացին պետք է գիտակցի նաև քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը, ընդ որում, նա պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված միջոցներով վերահսկողություն իրականացնելու ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այլև ուղղակի մասնակցություն ունենալ հանրային հարաբերությունների մշակույթի զարգացմանն ու հղկմանը։ Լայնորեն տարածված հակամարտության, հարկադրանքի, ուժի դիրքերից հարաբերվելու մշակույթը պետք է փոխարինվի հանրային և համայնքային խնդիրները ուժերի մեկտեղման և համագործակցության եղանակով լուծելու մշակույթով։
    
    Օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն
    
    Հայաստանի զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ։
    
    Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար և չկա որևէ օրենսդրական խոչընդոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով Հայաստանի քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում իր վճռականությունը և խնդիրը լուծելու իր կարողությունը։
    
    Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ դատական համակարգի գոյությունն է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններից իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական վճիռների համար, որովհետև այդ վճիռներն, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։ Կառավարությունը համոզված է, որ այս երկու հիմնական, ինչպես նաև դատարանների անկախությանը նպաստող այլ պայմանների ապահովումը բնականորեն կհանգեցնեն դատական անկախ համակարգի գոյությանը և իշխանության ճյուղերի իրական տարանջատմանը։
    
    Դատական և իրավապահ համակարգի գործունեության բարձր որակի պոտենցիալ արդյունքը նաև հանցավորության ցածր մակարդակն է, ինչը ևս էական նշանակություն ունի մարդու անվտանգության և երջանկության զգացումի համար։
    
    Մարդու իրավունքների ոլորտի կարևորագույն խնդիր է մարդու ազատության սահմանափակման օրենսդրական հնարավորությունների կամայական կիրառումը։ Կառավարությունը պետք է քաջալերի ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը։ Բացի դրանից, պետք է բացառել այն իրավիճակը, երբ կալանքի ենթարկված որևէ անձ քրեակատարողական հիմնարկում չունի օրենքով նախատեսված քնելատեղ։ Կալանավորված և ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ։
    
    Քաղաքացիների արժանապատվությունը և իրավունքները պետք է հարգանքի արժանանան և պաշտպանված լինեն նաև կյանքի մյուս ոլորտներում։ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետական հիմնարկներում և մասնավոր ընկերություններում քաղաքացիների սպասարկման մակարդակն էականորեն և շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ։ Պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների և քաղաքացիների շփման մշակույթն էականորեն պետք է բարելավվի։ Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում։
    
    Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն
    
    Արժանապատվության և երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս առումով կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։
    
    Այս իմաստով կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները. անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը։ Կառավարությունն այս իմաստով շարունակում է հանդես գալ սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում։
    
    Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թվում՝ դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։
    
    Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումների իրականացում, մասնավորապես, ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները:
    
    Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը, իրավունքների պաշտպանության առարկայական ապահովումը, «ընտանիքից դուրս» գտնվող երեխաներին հասարակության լիարժեք ինտեգրումը, երեխաների հետագա կյանքի կազմակերպմանն ուղղված քայլերը լինելու են կառավարության առաջնահերթություններից:
    
    2018 թ.-ին լրանում է 1988 թ.-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, և մինչև այժմ մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է: Կառավարությունն սկսելու է ծրագիր՝ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետևանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին:
    
    Առողջապահություն
    
    Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարևորագույն գործոններից մեկն առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը և մատչելիությունն է, և դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին սպասարկումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:
    
    Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը։
    
    Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները:
    
    Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման բարելավումը:
    
    Կրթություն և գիտություն
    
    Քաղաքացու՝ իրեն արժանապատիվ և երջանիկ զգալու կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ձևավորեն այնպիսի միջավայր, որտեղ կարևորվելու են կրթության որակը և արդիականությունը, կրթության մատչելիությունը և հասանելիությունը, կրթությունը որպես իրավունք, քաղաքացիական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև դպրոցի աշակերտակենտրոն, իսկ բուհի` ուսանողակենտրոն լինելը։
    
    Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։
    
    Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների և բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղինակազրկելով դպրոցը, բուհը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին։
    
    Իբրև կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝    

  • Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
  • Ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։   
  • Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
  • Որպես աշխատաշուկայում կադրերի ապահովման հիմնական օղակ դիտարկել միջին մասնագիտական կրթությունը՝ նախապես ներդնելով աշխատաշուկայի կարիքների գնահատման և կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ։
  • Բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։  
  • Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող համակարգ:

Մշակույթ

Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնը նրա մշտական հաղորդակցությունն է մշակույթի և մշակութային կյանքի հետ։ Ըստ այդմ, կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնկացությունն ապահովելուն, մշակութային միջոռացումների լայն քարոզչություն իրականացնելուն և դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն։

Միաժամանակ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ստեղծագործական կարողությունների արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Մշակույթի և ստեղծարարության ազատության ապահովման նպատակով կխրախուսվեն դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերը։ Կապահովի արվեստին և մշակույթին հատկացվող պետական միջոցների և դրամաշնորհների հատկացման թափանցիկությունն ու մրցակցայնությունը, արդարացիությունն ու արդյունավետությունը:

Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիության ապահովումը ՀՀ մարզերում: Կարևոր ենք համարում նաև հայկական մշակույթի ճանաչելիության ընդարձակումը ՀՀ սահմաններից դուրս:

Կառավարությունը նաև պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ. հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը և հարաբերությունների մակարդակն իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը:

Սպորտ և երիտասարդություն

Առողջ ապրելակերպի և սպորտի քաղաքականությամբ կառավարությունը նպատակ է ունենալու ապահովել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումն ու առողջ ապրելակերպի ձևավորումը, ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցումը, հանրային կյանքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ֆեդերացիաների գործունեությանն աջակցումը:

Երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականությունը կնպաստի երիտասարդության ներուժի լիարժեք իրացմանը և զարգացմանը, երիտասարդների ինքնադրսևորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների ստեղծմանը` կարևորելով քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության աստիճանի բարձրացումը, նրանց սոցիալական կայացումը, հասարակական-մասնագիտական գործունեությանն աջակցությունը։

Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի քաղաքականության նպատակն է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ռիսկային ոլորտների վերահսկողությանը, շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին: