Կուսակցությանը ծրագիրը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 13:06, 19-06-2019

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովում 2019 թվականի հունիսի 16-ին
 

 

Նախաբան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:
Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արդյունք: Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների եւ կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին եւ Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:
Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Իր ծրագիրն իրագործելու համար Կուսակցությունը մտադիր է զարգանալ որպես ինստիտուցիոնալ հանրային-քաղաքական կառույց, համախմբելով նշյալ նպատակներին, կուսակցության ծրագրին համախոհ ՀՀ քաղաքացիների, որոնք մասնակից կլինեն Հայաստանի Հանրապետության՝ առաջիկա 20 տարիների զարգացման ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Կուսակցությունն առաջնային է համարում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը, որպես մշտական քաղաքական իրողություն:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն՝
- Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Իշխանության մարմինների ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
- Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը` աշխատանքի եւ կրթության քաջալերման միջոցով: 
- Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

——————

1․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ձգտում են հասնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման,  Հայաստանի՝ Հայ ժողովրդի բնակության եւ զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա: Կուսակցության անդամները եւ աջակիցները համաձայն են համատեղել ջանքերը սույն Ծրագրում ամրագրված նպատակների եւ խնդիրների իրագործման համար:

2․ Կուսակցության անդամներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն գործոն է։ Կուսակցությանն իրենց անդամագրվելու պահը համարում են մի զրոյական-հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակին միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Կուսակցությանն անդամագրվելն ինքնահայեցման, հանրային եւ սեփական-անհատական արատների պատճառահետեւանքային կապը դիտարկելու, սեփական-անհատական արատները զննելու եւ դրանցից ձերբազատվելու, հանրային արատներն արմատախիլ անելու համար համատեղ պայքարելու պատրաստակամություն է: Կուսակցության անդամը սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը դիտարկում է իբրեւ հանրային բարեփոխումների զարգացման կարեւորագույն բաղադրիչ:

3. Կուսակցության անդամը հռչակում է իր հետեւյալ պարտավորությունները.

3․1․ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը,
  
3.2․ առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել 2008թ. մարտի 1-ի սպանությունների եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը,

3.3․ առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատմանը,

3.4․ առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել երբեւէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, կառավարության անդամի, ԱԺ պատգամավորի, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, դատախազության եւ այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց, դատավորների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրությանն ու վերլուծությանը, դրանց հրապարակմանը եւ սրանից բխող օրենսդրական քայլերի ձեռնարկմանը, որ կներառեն նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան ընթացիկ վերահսկողության տակ պահել պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու եկամուտները:

4. Կուսակցության անդամները համաձայն են, որ`

4.1․ Հայաստանի Հանրապետության, որպես պետության հիմնական ազգային գործառույթն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

4.2․ Իր քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության եւ բարեկեցության ապահովումն է:

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.
- պաշտպանություն արտաքին ագրեսիայից,
- պաշտպանություն ապօրինի , այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից,
- պաշտպանություն բնական եւ տեխնածին աղետներից,
- պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից,
- բնական պաշարների խելամիտ օգտագործումը, վայրի բնության պահպանությունը, նրան հասցված վնասի վերականգնումը:

Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.
- յուրաքանչյուրի առաջ սոցիալական պատասխանատվությունը,
- կրթության, առողջապահության հանրամատչելիությունը,
- ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը,
- հանրահռչակ ազատությունների լիակատար կիրառման հնարավորությունը,
- հոգեւոր, մշակութային պահանջների բավարարումը,
-հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ նրանց սոցիալական ներառման ապահովումը,
- քաղաքային, մերձքաղաքային կանաչ գոտիների պահպանումը եւ բազմապատկումը,քաղաքաշինական միջավայրի մարդակենտրոն կազմակերպումը, 
- Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի մասսայականացումը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի տարածումը

4.3․ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից է: Բանակի մարտունակության ապահովման կարեւորագույն պայմաններից է Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը, սպայական եւ զինվորական անձնակազմի կրթական մակարդակը: Բանակի կարեւորագույն գործառույթներից մեկը պետք է դառնա սպայական եւ զինվորական անձնակազմի ոչ միայն ռազմական գիտելիքների զարգացումը, այլեւ ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումը:

4.4․ Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարեւոր գործոն է: Անհատի գործունեության բնագավառում պետության հիմնական գործառույթը սեփական քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման եւ իրացման հնարավորություն ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում. գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն եւ այլն: Օրենքով չարգելված ցանկացած գործունեություն պետք է լինի հանրամատչելի: Յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին պետք է արժանանա օբյեկտիվ-ստեղծարար ընդունակությունների իրացմամբ:

4.5․ Քաղաքական ասպարեզում պետությունը գործադրում է անառարկելիորեն մրցակցային-ազատ ընտրական համակարգ, երբ երկրի քաղաքական կառավարման գործառույթները բաշխվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ինչը ստեղծում է հավասար հնարավորություններ՝ երկրի կառավարման հավակնորդների համար: Ազատ քաղաքական մրցակցությունը կարեւոր երաշխիք է, որ երկիրը կունենա առավել արդյունավետ կառավարություն: 

4.6․ Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ համախառն ազգային արդյունքի ձեւավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում՝ գործարար հմտություններ ունեցող առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, գործարար դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն՝ գործարար հմտությունների անաչառ մրցակցության, հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ սեփական շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում:

4.7․ Առաջնային խնդիր է տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, սահմանամերձ տարածաշրջանների եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը: 

4.8․ Դատարանների անկախությունը՝ ինչպես գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններից, այնպես էլ դատական իշխանության մարմինների համակարգում այլ դատական ատյանների և դատական պաշտոնյաների ազդեցությունից կենսական նշանակություն ունի ոչ միայն ժողովրդավարության կայացման, այլ նաև տնտեսական զարգացման համար: Այս առումով դատարանների նկատմամբ վստահության վերականգնումը առաջին հերթին իրենց` դատարանների եւ դատավորական համայնքի հոգածության խնդիր պետք է լինի, իսկ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները դրան ամեն գնով օժանադակելու եւ աջակից լինելու դերն ունեն։ Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է։

4.9․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրը բնակչության թվի աճն է. ըստ այդմ, առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

4.10․  Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է լինի նախաձեռնողական, բազմավեկտոր և հայաստանակենտրոն: Այն պետք է միտված լինի տարածաշրջանային կայունությանը և համագործակցությանը։ Գործընկերների հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն ինքնիշխանության վրա։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական շահերի, իսկ ներքին կյանքը՝ ժողովրդավարության վրա, և այս երկու սկզբունքները երաշխավորում են միմյանց: Հայաստանը չպետք է կատարի ընտրություն արևելքի և արևմուտքի միջև։ Փոխարենը Հայաստանը պետք է դառնա երկխոսության և համագործակցության օրինակ և միջնորդ:

- Հայաստանը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար: 

- Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի եւ Վրաստանի հետ. այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհաքաղաքական հանգամանքների ազդեցությունից:

- Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է: 

- Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

4.11․ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Միայն խաղաղ բանակցային ճանապարհը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծման։ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատման գործընթացում։ Արցախի կարգավիճակը, տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը մեզ համար առաջնահերթություն են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է՝ հիմնված բոլոր հասարակությունների կարիքների բավարարման վրա:

4.12․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում:

4.13․ Ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացումն է, համաձայն ձեւակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանապարհով եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Ուղիղ ժողովրավարության կառավարման մշակույթը պետք է ինստիտուցիոնալիզացվի համապատասխան գործիքակազմով, ինչպիսիք են համապետական և համայնքային հանրաքվեները: Կուսակցությունների ներքին ժողովրդավրությունը նույնպես կարևոր կարևոր մեծանիզմ է ուղիղ ժողովրդավարության գործիքակազմում: 

4.14․ քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի, ինտերնետի եւ եթերի ազատության։ Հանրային, պետական հարցերի վերաբերյալ քաղաքական, հանրային բանավեճը անընդհատ գործընթաց է եւ չպետք է դադարի՝ դառնալով հանրային էներգիայի հարաճուն աղբյուր. այսօրինակ բանավեճի կարեւորագույն հարթակն ազատ լրատվամիջոցներն են, հեռուստատեսային ազատ եւ բազմազան միջոցները, որոնց գոյության երաշխավոր լինելը ժողովրդավարական իշխանության առաջնային պարտավորությունն է: Այս ինստիտուտները պետք է դառնան հասարակական կարծիքի արտահայտման հարթակ, ինչը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում երկրի կառավարմանը ժողովրդի անմիջական մասնակցության կարեւորագույն նախապայման է: Քաղաքացիական հասարակության ինքնավարության ու ինքնակազմակերպման բարձր աստիճանը կարող է հասունացած խնդիրների արագ լուծման գրավականը լինել։ Պետությունը պետք է վստահելի գործընկեր լինի քաղաքացիական հասարակության համար։ Պետության ու քաղաքացիական հասարակության համագործակցության հիմքում պետք է լինեն փոխշահավետությունն ու փոխլրացումը։

4.15․ Օրենքները պետք է դառնան հանրային, անձնային, խմբային հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձեւավորման առանցք։ Հարաբերությունների կարգավորման եղանակները, որ լայնորեն փոխ են առնվում հանցագործ աշխարհից՝ պետք է արմատախիլ արվեն հանրային հարաբերությունների բոլոր մակարդակներից. ոստիկանություն, դատարան դիմելը պետք է դառնան իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքներ, հանցագործությունները կանխելը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մասին հայտնելը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորություն: Կարևոր է նաև քաղաքացի-իրավապահ մարմիններ վստահության և համագործակցության նոր մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը։ Մեր երկրի անվտագությունը լայն իմաստով փոխկապակցված է նաև ժողովրդավարության կայացման և տնտեսության զարգացման հետ։ 

4.16․ Իշխանությունը պետք է ստանձնի հստակ քանակական պարտավորություններ: Պարտավորությունների կատարման ընթացքը պետք է լինի թափանցիկ եւ հանրության համար վերահսկելի: Իշխանությունը ստանձնած անձինք պարտավոր են քաղաքական պատասխանատվություն կրել հանրության առաջ ստանձնած պարտավորությունների չկատարման համար: 

4․17․ Կուսակցության նպատակներից է Հայաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազգային ինքնության եւ ավանդույթների պահպանման համար պայմանների ապահովումը:

4․18․ Ոչ ոք չպետք է դառնա խտրականության կամ ատելության խոսքի թիրախ։ Տարձայնությունները և բազմակարծությունը պետք է լինեն հանրային լայն երկխոսության առիթ՝ հանգելով համերաշխության և հանրային փոխվստահության։ 

4․19․ Կրթությունն անձի երջանիկ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի բանալին է։ Այն նաև հասարակության խնդիրներից շատերի երկարաժամկետ և համակարգային լուծման ուղին է։ Կրթությունը սոցիալական արդարության հասնելու կարևորագույն գործիք է, որն ինքը պետք է լինի արդար։ Կրթության բովանդակությունն ու ուսուցման մեթոդները պետք է համահունչ լինեն հանրահռչակված արժեքներին և սովորողներին տան ոչ միայն գիտելիքներ, այլև հմտություններ և կարողություններ՝ հետևելու և հասնելու այդ արժեքներին՝ արդարություն, ազատություն, իրավահավասարություն, սոցիալական պատասխանատվություն, համերաշխություն, սեր և երջանկություն։ Այդ նպատակով կրթությունը նպաստելու է ստեղծագործ, լայնախոհ, նախաձեռնող, քննադատական մտածողությամբ օժտված, համալիր խնդիրներ ու հասարակական գործընթացներ վերլուծելու ունակ, խնդիրների լուծման համար համագործակցող, մարդու իրավունքներն ու ազատությունները հարգող, սոցիալապես պատասխանատու և ֆիզիկապես կրթված քաղաքացիների ձևավորմանը: 

5. Կուսակցությունը գործում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների հիման վրա:

6. Կուսակցության անդամները կարեւոր են համարում, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման աղբյուրները լինեն թափանցիկ եւ ջանքեր են գործադրում Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսական թափանցիկության մեխանիզմներ ձեւավորելու համար: