Պայքար կոռուպցիայի դեմ
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 05:06, 01-06-2018

Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Այդ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։ Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը:
    
    Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն
    
    Կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկն ակնհայտորեն պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ համապատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։ Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավվածությունը կոռուպցիոն համակարգերի մեջ գործնականում երաշխավորում է կոռուպցիոն համակարգի պարտությունը, և կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում։ Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորվում են՝  

  • այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա:
      
  • այնպիսի նոր համակարգի ներդրումը, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության։
     
  • պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (նվիրատուների անունները/անվանումները, եկամուտ վճարողների անունները/անվանումները, գույքի գտնվելու վայրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը:


    Հանրային կառավարման, ֆինանսների և գնումների թափանցիկություն
    
    Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով կարևորվում է կառավարման այնպիսի էլեկտրոնային համակարգերի ներդրումը և աստիճանական ինտեգրացիան, որոնք կապահովեն պաշտոնյաների գործունեության, ինչպես նաև կառավարման մարմինների, օղակների և գործընթացների թափանցիկություն, տվյալների անփոփոխելիություն, միասնականություն և ավտոմատացում։
    
    Կառավարությունը նպատակ է դնում աստիճանաբար վերանայել պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող/հավաքագրվող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե և հետագայում՝ ըստ անհրաժեշտության այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից:
    
    Կառավարությունը նաև մտադիր է դիտարկել գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետևանքների կիրառման և դրանք պետական բյուջե հետ վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը։
    
    Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն
    
    Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը կարող է լինել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը։
    
    Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։ Անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։
    
    Մինչ նոր համակարգերի ներդրումը կառավարությունը Հայաստանի օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի և կաշառակերության դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան և կաշառակերությունը պետք է արժանան լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման: