Տնտեսություն
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 05:06, 01-06-2018

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ

Տևական ժամանակ փորձ է արվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ ցամաքային կապի բացակայությունը և արտաքին տնտեսաքաղաքական իրողությունները ներկայացնել որպես տնտեսական կայուն զարգացման, մարդկային ներուժը երկրում իրացնելու և հասարակական բարեկեցության աճի ապահովման գործում ձախողումների առաջնային պատճառ։ Չնսեմացնելով տարածաշրջանային խաղաղության և հարևանների հետ բաց սահմաններ ունենալու կարևորությունը` կառավարությունն ամրագրում է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։

Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցության պակասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զարգացման իրողություններով։ Մրցակցության և արդարության երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:

Ըստ այդմ, տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։ Հետևաբար, այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, և այդ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված և հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։

Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երևույթներ, և կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսևորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել դրանց հետևողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Քայլերը կարող են ներառել օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ, հրապարակային քննարկումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների գործարկում և այլն։

Կառավարությունը կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որևէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որևէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։ Այս իմաստով կառավարությունը կարևորում է կարգավորիչ մեխանիզմների գործարկումը։

Տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը տնտեսվարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումն է։ Այս ֆոնին կառավարությունը կարևոր է համարում հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարված հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։

Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում։

Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում

Տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը։ Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական։ Նման խնդրի իրագործման իրատեսականությունը հիմնավորվում է նրանով, որ հատկապես խոշոր բիզնեսում ստվերային շրջանառության ծավալները համաձայնեցված և որոշված են եղել իշխանության ներկայացուցիչների հետ։

Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում կառավարությունը նախատեսում է հետևյալ ուղղություններն ու առաջնահերթությունները՝
 

  • Ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից խիստ կարևորվում է հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը:
  • Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները:
  • Հարկային եկամուտների շարունակական աճ ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է նաև կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդումը:
  • Հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարող, օրինապահ հարկ վճարողների համար ստեղծվելու է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների վրա կառուցված հարկային միջավայր:
  • Գույքային հարկերի համակարգը կատարելագործելու, այն առավել արդարացի սկզբունքներով գործարկելու և ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կարևոր աղբյուր դարձնելու նպատակով իրականացվելու են համակարգային փոփոխություններ:
  • ԵԱՏՄ-ի շրջանակներում իրականացվող միասնական քաղաքականությանը մեր երկրի մասնակցությունը հիմնված է լինելու ազգային տնտեսության շահերի պաշտպանության, մրցունակության բարձրացման ու ամրապնդման սկզբունքների վրա:
  • Ակտիվ աշխատանքներ են իրականացվելու միջազգային հարկային հարաբերություններում՝ կարևորելով հատկապես կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանցի ընդլայնումը, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին վերաբերող և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրումը, երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանությունը:

Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում

Տնտեսական զարգացման կառավարության մոտեցումներն ու առաջնահերթություններն ուրվագծվել են ՀՀ վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած ծրագրային ելույթում։ Ըստ այդմ՝ կառավարությունը կարևորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը։ Տնտեսության զուտ վիճակագրական աճը, որն էական ոչինչ չի փոխում մարդկանց կյանքում, մնում է որպես սովորական վիճակագրություն։ Մինչդեռ, հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորությունը կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր վրա զգալու տնտեսական աճի հետևանքները։

Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ:

Տնտեսական զարգացման առաջնահերթություններ

Կառավարությունը վերահաստատում է տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները:

Առաջնահերթություն N 1. բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմաններն այսօր առկա են մեր երկրում։ Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կլինի ապահովելու մեր բանակի մարտունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիր ասելով պետք է հասկանալ ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլև նոր, հեղափոխական գաղափարների մշակումը։

ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև՝

  • Խրախուսել գիտության և իրական հատվածի միջև համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը` ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերի խրախուսման և բիզնես ներդրողներ ներգրավելու միջոցով։
  • Հայաստանում հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղափոխական տեմպերով զարգացումը՝ հիմք ընդունելով ներկայումս առկա նախապայմանները: Տնտեսության միջնաժամկետ և երկարաժամկետ կայուն աճի շարժիչ ուժը պետք է հանդիսանա նորարությունը և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ պետական կառավարումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և այլն: Միաժամանակ Հայաստանի նորարարական զարգացման հենասյունը կրթված և ազատ քաղաքացին է, ուստի նորարական զարգացումը պետք է սկիզբ առնի յուրաքանչյուր քաղաքացու վաղ տարիքից:
  • Խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը։
  • Խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղությամբ:
  • Նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ։

Առաջնահերթություն N 2. Գյուղատնտեսություն

Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը։ Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսություններից ու գյուղացիական կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների ու արտահանողների, կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կայուն ապահովումը։

Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել են անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։

Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պիտի լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի։

Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի համատարած ներդրումը հնարավորություն կտան էապես խնայել ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է հակակարկտային էֆեկտիվ համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։

Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու հողի աշխատավորին՝ ձգտելով համապարփակ և արդյունավետ աջակցություն ցույց տալ նրան՝ ապահովելով գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղատնտեսությամբ բարեկեցիկ կյանք ապահովելու համար հնարավոր օժանդակությունը։ Այս համատեքստում կառավարությունը կօգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում։ Կառավարությունն սկսել է աշխատանքը բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանց ունեցած գյուղացիական վարկային պարտավորությունների գծով տույժերի և տուգանքների համաներման, ինչպես նաև վարկային պատմությունների ճշգրտման ուղղությամբ։

Կառավարությունը նաև գործուն քայլեր կձեռնարկի մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ։

Առաջնահերթություն N 3. Զբոսաշրջություն

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։

Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձևավորվել է միջազգային հանրության մոտ։

Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Կառավարությունն զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում նաև օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարևորվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։

Նաև առանձնահատուկ կարևորվում է ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների աշխատանքը․ այս մարմինները հանրության հետ համագործակցված պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։ Հանրապետու-

թյունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս։

Տնտեսական այլ ուղղություններ

Տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություն է համարվում նաև վերականգնվող՝ մասնավորապես արևային էներգետիկայի զարգացումը։ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին` ավարտին հասցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր և ազատական մոդելին անցումը, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը:

Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են լինելու ենթակառուցվածքների՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի, բնական գազի և էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը, կորուստների նվազումը, ինտերնետի որակի և տարածվածության հարցերը, երկաթուղու սակագնային բարելավումը, ճանապարհների որակի հետևողական բարձրացումը, երկրի ողջ տարածքով պատշաճ տրանսպորտային ենթակառուցվածքների և որակյալ ու անվտանգ ծառայությունների ապահովումը, տրանսպորտային միջոցների հարմարավետությունը, հասանելիությունը և հարմարեցված լինելը։ Կառավարության համար կարևոր է Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը և հետագա ճյուղավորումը։ Կվերանայվի արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների պրակտիկան։ Առաջիկայում կքննարկվի ենթակառուցվածքների զարգացման հիմնադրամի ստեղծման և դոնորների համաժողով անցկացնելու հնարավորությունը։

Հանքարդյունաբերության ոլորտում Կառավարությունն առաջնորդվելու է բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: