dots

Պատմություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատմությունը սկիզբ է առնում 2013 թվականի հունվարի 24-ին, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակեց «Քաղաքացիական պայմանագիր» վերնագրով փաստաթուղթ՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ դրան: 


Միացած քաղաքացիների ակումբային քննարկումների արդյունքում ձևավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական նախաձեռնությունը։ 2013թ. դեկտեմբերի 9-ից հայտարարվեց ՔՊ 9-հոգանոց խորհրդի ձևավորման մասին, որն ըստ էության դարձավ նախաձեռնության մշտական գործող ղեկավար մարմին: Ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամը՝ նախաձեռնության գործունեությունը ֆինանսավորելու համար:





Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը կուսակցության վերածելու որոշում կայացվեց. հիմնադիր Համաժողովը տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 30-ին, Երևանում, «Էլիտ պլազա» համալիրում: Ընտրվեց Կուսակցության առաջին Վարչությունը՝ հետևյալ կազմով. Հակոբ Արշակյան, Նարեկ Բաբայան, Վիլեն Գաբրիելյան, Սուրեն Էյրամջյան, Արայիկ Հարությունյան, Մարինե Մանուչարյան, Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Ռոմանոս Պետրոսյան, Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան։ Վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, նախագահի տեղակալ՝ Լենա Նազարյանը:    




2016 թվականին կուսակցությունը մի շարք համայնքներում մասնակցեց ՏԻՄ ընտրություններին՝ հաղթանակ գրանցելով Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում, որտեղ կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը ընտրվեց գյուղապետ: 




Այնուամենայնիվ, ներկուսակցական քննարկումների արդյունքում տարբեր համայնքների, մասնավորապես Գյումրիի և Վանաձորի ընտրություններում ՔՊ-ի ցույց տված արդյունքները համարվեցին անբավարար, և կուսակցության Վարչությունը, իր վրա վերցնելով քաղաքական պատասխանատվությունը, հրաժարական տվեց: 


2016թ. հոկտեմբերի 30-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կուսակցության 2-րդ արտահերթ Համաժողովը, որտեղ ընտրվեց երկրորդ Վարչությունը՝ հետևյալ կազմով. Հովիկ Աղազարյան, Տիգրան Ավինյան, Զարուհի Բաթոյան, Արայիկ Հարությունյան, Վահագն Հովակիմյան, Արարատ Միրզոյան, Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Սուրեն Պապիկյան, Ռոմանոս Պետրոսյան, Գարիկ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան: Վարչության նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը, նախագահի տեղակալ՝ Սուրեն Պապիկյանը:    






2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Կուսակցությունը «Ելք» անունով նախընտրական դաշինք ձևավորեց «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ: Հատկանշական է, որ այս ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը ձևավորվեց այդ նպատակով կուսակցության Երևան, Սայաթ-Նովա 6 հասցեում տեղակայված գրասենյակում հրավիրված 3-րդ արտահերթ Համաժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը ստացավ շուրջ 7.7 տոկոս քվե և խորհրդարանական խմբակցություն ձևավորեց:  





2018 թվականի մեկնարկին, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս հրապարակային տված խոստման, պատրաստվում է առաջադրվել որպես ՀՀ վարչապետի թեկնածու, կուսակցությունը հեղափոխական գործընթաց ձեռնարկելու որոշում կայացրեց: 




Կուսակցության որոշմամբ՝ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան, որը 2018 թվականի մայիսի 8-ին ավարտվեց հաղթանակով. Կուսակցության Վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ:   







2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցեց «Իմ քայլը» դաշինքով, որը ձևավորվեց «Առաքելություն» կուսակցության հետ: Ընտրությունների արդյունքներում «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 70 տոկոսի ձայները և ձևավորեց բացարձակ խորհրդարանական մեծամասնություն: 




ՔՊ 4-րդ՝ արտահերթ Համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարի 24-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որի ընթացքում ամփոփվեցին Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքները և ուրվագծվեցին առաջիկա անելիքները:




Կուսակցության 5-րդ՝ հերթական Համաժողովը տեղի ունեցավ 2019թ. հունիսի 16-ին, կրկին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ընտրվեց երրորդ Վարչությունը՝ հետևյալ կազմով. Էդուարդ Աղաջանյան, Տիգրան Ավինյան, Հակոբ Արշակյան, Նարեկ Բաբայան, Արման Բոշյան, Վիլեն Գաբրիելյան, Արփի Դավոյան, Արսեն Թորոսյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Վահագն Հովակիմյան, Լիլիթ Մակունց, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Ռոմանոս Պետրոսյան, Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Նիկոլ Փաշինյան, Սիփան Փաշինյան։     


Վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը, նախագահի տեղակալներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը: 




2021թ. հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների  53.9 տոկոսը և ձևավորեց բացարձակ խորհրդարանական մեծամասնություն:   




Կուսակցության 6-րդ՝ հերթական Համաժողովը տեղի ունեցավ 2022թ. հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ընդունվեց ՔՊ նոր ծրագիրը և ընտրվեց չորրորդ Վարչությունը՝ հետևյալ կազմով. Վահագն Ալեքսանյան, Տիգրան Ավինյան, Արփինե Դավոյան, Արսեն Թորոսյան, Վաղարշակ Հակոբյան, Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան, Սուրեն Պապիկյան, Գևորգ Պապոյան, Ռոմանոս Պետրոսյան, Ռուբեն Ռուբինյան, Գնել Սանոսյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Նիկոլ Փաշինյան։ Վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, Վարչության նախագահի տեղակալներ՝ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը: