dots

Ծրագիր

article
article

Ծագում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետեւ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնեց 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: 


Կուսակցության պատմությունը սկիզբ է առնում 2013 թվականի հունվարի 24-ին, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագիր» վերնագրով փաստաթուղթ, որը քաղաքացիներին հնարավորություն էր տալիս միանալ դրան: 


Միացած քաղաքացիների ակումբային քննարկումների արդյունքում ձեւավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական նախաձեռնությունը: 


Ի վերջո, նախաձեռնությունը կուսակցության վերածելու որոշում կայացվեց. հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 30-ին, Երեւանում:


2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Կուսակցությունը «Ելք» անունով նախընտրական դաշինք ձեւավորեց «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ: 


Ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը ստացավ շուրջ 7.7 տոկոս քվե եւ խորհրդարանական խմբակցություն ձեւավորեց:

Հեղափոխություն

2015 թվականին ընդունված ծրագրում Կուսակցությունը որպես ներքաղաքական առանցքային խնդիր արձանագրել էր Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, որի արտահայտումը իշխանության պարբերական փոփոխության հնարավորությունն է՝ խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով, ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:


Կուսակցությունը որպես նպատակ հռչակել էր ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի իրական լծակներով օժտելու անհրաժեշտությունը, արձանագրելով, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը. «Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ»,- ասված է Կուսակցության հիմնադիր համաժողովում ընդունված ծրագրում:


2016 թվականին Կուսակցությունը մասնակցություն ունեցավ ՏԻՄ ընտրություններին, ապա՝ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին, արձանագրելով այն հիմնարար խնդիրը, որ ժողովուրդը, քաղաքացին չի հավատում իշխանության կրողի իր ուժին, ժողովրդի կամքով փոփոխությունների հնարավորությունը համարելով ուտոպիա: 


Այս իրավիճակի խորքային պատճառներից մեկը 2000 թվականից ի վեր Հայաստանում պարբերաբար ծավալվող «ժողովրդական հեղափոխությունների» ալիքներն էին, որոնք փոփոխությունների խոստումներով մարդկանց հրավիրում էին հրապարակ բայց հռչակված նպատակը անկատար էր մնում: Կուսակցության հիմնադիրները մասնակից լինելով նախորդ շրջանի, ըստ էության, բոլոր ժողովրդական շարժումներին, որդեգրեցին «միայն մեկ անգամ» մարտավարությունը, պարտավորվելով հեղափոխական ճանապարհով քաղաքական փոփոխություններ խոստանալ միայն մեկ անգամ:


Այս մարտավարությունը կուսակցությանը հնարավորություն տվեց սահմանափակ ռեսուրսները չմաշել անարդյունավետ գործընթացների վրա: 


2018 թվականի մեկնարկին, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս հրապարակային տված խոստման, պատրաստվում է առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու, կուսակցությունը հեղափոխական գործընթաց ձեռնարկելու որոշում կայացրեց: 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երեւան, որը 2018 թվականի մայիսի 8-ին ավարտվեց հաղթանակով. Կուսակցության Վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ:

Իշխանություն. հաջողություններ

Կուսակցությունը իշխանությունը ստանձնեց ժողովրդական էյֆորիայի պայմաններում: Ժողովրդի շրջանում լավատեսական տրամադրությունների թռիչք տեղի ունեցավ: Քանի որ Կուսակցությունը Ազգային ժողովում ուներ միայն 4 պատգամավոր, ձեւավորվեց համաձայնության մեծամասնություն՝ «Ելք», ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների եւ ՀՀԿ խմբակցությանը անդամակցած պատգամավորների մասնակցությամբ: Ձեւավորվեց համաձայնության կառավարություն, որը համաժողովրդական միասնության պայմաններում որդեգրեց ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը, միեւնույն ժամանակ որդեգրելով «յուրաքանչյուրը պետք է ստանա հնարավորություն» սկզբունքը, որի պայմաններում պետական կառավարման համակարգում կադրային զտումներ տեղի չունեցան: Այս պայմաններում մեկնարկեց համակարգային դիմադրություն, ինչի կուլմինացիան դարձան 2018թ. հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, երբ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդությամբ շրջափակեց Ազգային ժողովի շենքը եւ ձեռքբերվեց 2018թ. դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն:


Լեգիտիմությունը դարձավ Կուսակցության հաջողությունների անկյունաքարը: 2018թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքով՝ ստանալով ընտրողների ձայների 70 տոկոսը: Տեղի ունեցած ընտրությունները միջազգային հանրության կողմից ճանաչվեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջը փակվեց, եւ հաստատվեց ժողովրդավարություն:


2019 թվականը ոսկե տարի դարձավ Հայաստանի համար: Համակարգային կոռուպցիայի եւ մենաշնորհների հաղթահարման պայմաններում Հայաստանի Հանրապետությունն արձանագրեց եվրասիական տարածաշրջանի ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.6 տոկոս: Մեկնարկեցին մասշտաբային ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնց պայմաններում 2020 թվականը նույնպես մեկնարկեց բարձր տնտեսական աճի պայմաններում:

2020թ. համավարակ, պատերազմ, 2021թ. արտահերթ ընտրություններ

2020 թվականի մարտին նոր տիպի կորոնավիրուսային համավարակը մուտք գործեց Հայաստան: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համավարակը փոխեց կյանքի տրամաբանությունը եւ ընթացքը: Համավարակը դարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին նպաստող գործոններից մեկը: Միջազգային ուշադրությունը կենտրոնացած էր աշխարհը համակած այս նոր մարտահրավերի վրա: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը տեւեց 44 օր, եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ կանգ առավ՝ հայկական կողմի համար ծանր կորուստներով: Պատերազմի ընթացքում հայկական կողմը շուրջ չորս հազար զոհ ունեցավ, 1994 թվականից ի վեր ԼՂ տիրապետության տակ գտնվող տարածքները եւ ԼՂԻՄ տարածքի մի հատված դուրս մնացին ԼՂ տիրապետությունից: Պատերազմի ծանր հետեւանքները Հայաստանը կանգնեցրին սոցիալ-հոգեբանական եւ քաղաքական ճգնաժամի առաջ: Կորուստների ֆոնին առաջնահերթ խնդիր էր պետականության, ինքնիշխանության, ժողովրդավարության պահպանումը: Այս պայմաններում վարչապետը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով հրաժարական տվեց: 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կուսակցությունը հաղթեց՝ ստանալով ավելի քան 53 տոկոս քվե եւ ձեւավորելով բացարձակ խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն:


Իրադարձությունների զարգացման այս սցենարը ապացուցեց կառավարման խորհրդարանական ձեւի արդյունավետությունը: Այդ համակարգը թույլ տվեց ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնել ժողովրդին եւ կառավարություն ձեւավորել ժողովրդի վստահության քվեի հիման վրա:

Պատերազմի պատճառները

2020թ. 44-օրյա պատերազմի առանցքային պատճառը դարձավ այն, որ Ադրբեջանը չէր համաձայնվում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ պարտավորություն ստանձնել, կամ Հայաստանը չէր համաձայնվում 7 շրջանները Ադրբեջանին հանձնել առանց Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ/կամ վերջնական կարգավիճակի ճշգրտման երաշխիքների: 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացում առկա միակ հնարավորությունը Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը անորոշ ապագային թողնելն էր՝ 7 (5+2) շրջանների վերադարձի պայմաններում: Մինչ անորոշ ապագայի վրա հասնելը Լեռնային Ղարաբաղը առնվազն դե յուրե անխուսափելիորեն պիտի արձանագրվեր որպես Ադրբեջանի մաս: Այս պայմաններում, ետահայաց վերլուծությամբ, պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կտար միայն ԼՂ հարցի հայկական տեսլականից հրաժարվելը եւ նոր տեսլական ձեւավորելը, որի բովանդակությունը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միացման գաղափարից հրաժարումը:

Պարտության պատճառները

44-օրյա պատերազմում պարտության խորքային պատճառը ռազմական հավասարակշռության խախտումն էր հօգուտ Ադրբեջանի: Վերջինս ԼՂ հիմնախնդրի հետ կապված Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում էր հետեւյալ սկզբունքով. բանակցային եղանակով տվեք ինձ այն, ինչ ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես դա կստանամ պատերազմով: Այս խոսույթի շրջանակներում Ադրբեջանը հետեւողականորեն բարեփոխում էր բանակը, ձեռքբերում ժամանակակից սպառազինություն: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ, չնայած ակնհայտ հեռանկարին, երկար տարիների ընթացքում Հայոց բանակը ոչ բարոյահոգեբանական, ոչ ռազմատեխնիկական, ոչ մարտավարական առումով չի պատրաստվել իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարին: 2018 թվականին իշխանությունը ստանձնելով՝ Կուսակցությունը (Կառավարությունը) որդեգրեց «Ամեն ինչ բանակի համար» սկզբունքը: Ու չնայած ժամանակի սղությանը, վերլուծությունը ցույց է տալիս, որ նաեւ երկար տարիներ բանակում արմատավորված կոռուպցիոն մեխանիզմները, ինչպես նաեւ բանակում արմատավորված հնացած մտածողությունը թույլ չտվեցին հասնել հատկացված հսկայական միջոցների տեղաբախշման արդյունավետությանը: Իսկ 2018-ին ժառանգված ռազմաքաղաքական իրավիճակում կտրուկ փոփոխությունները բանակում անխուսափելիորեն վակուում էին առաջացնելու՝ բերելով առավել ծանր հետեւանքների: 2016 թվականի քառօրյա պատերազմը ազդարարել էր ԼՂ հակամարտության սառը փուլի ավարտը:

Հետեւություններ պատերազմից

Պատերազմը ավելի սրեց Հայաստանի արտաքին անվտանգային խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ ի հայտ է գալիս հայեցակարգային հետեւյալ հիմնախնդիրը. ձգտել հարցերի այնպիսի լուծումների, որոնք «երազանքի լուծում» են, թե ձգտել այնպիսի լուծումների, որոնք հնարավոր են: Երկու տարբերակներն էլ իրենց հետ բերում են անվտանգային նոր մարտահրավերներ: «Երազանքի լուծման» ձգտումը նշանակում է ձգտել պարտության մատնել հակառակ կողմին, ինչը բերելու է անխուսափելի բախման, երկրորդ տարբերակը նշանակելու է նորանոր զիջումների ակնկալիք ստեղծել դիմացինի համար: Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման միջոցը, ըստ այդմ, համակեցության բանաձեւի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին անմիջական հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարեւանների համար, հարեւանները չպետք է սպառնալիքի աղբյուր դիտվեն Հայաստանի համար: Տեսական այս պնդման գործնականացումը Կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:

Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը

Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը զարգացման պոտենցիալը լիարժեք իրագործելու հնարավորություն կունենա բաց ճանապարհներով՝ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք բեռնային եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաև հեռահաղորդակցության և էներգետիկ հաղորդակցության ենթակառուցվածքների համար բաց երկիր լինելու պարագայում: Կուսակցությունը կիսում է Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեգանպատակները եւ տեսլականը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի եւ արցախցի: Հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ ներգրավվածությամբ։

Կուսակցության գործունեության նպատակներն են.

1) Հայաստանի Հանրապետության հարատեւության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական պայմանների ապահովումը:

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինչպես նաեւ հանրահռչակ այլ իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, այդ պայմանների ստեղծմանն աջակցելը:

3) Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավելու կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված քաղաքացիական միասնության հաստատումը: 

4) Հայկական ժողովրդավարության պաշտպանությունը. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն.

Կուսակցության խնդիրներն են․

1) Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ տարածաշրջանային, միջազգային անվտանգային միջավայրի ապահովումը, տեւական եւ համապարփակ խաղաղության հաստատումը:

2) Կրթության եւ ստեղծարար գործունեության խթանումը եւ խրախուսումը:

3) Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանների ապահովումը:

4) Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացումը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ բանակի եւ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը, ազգային անվտանգության եւ իրավակարգի ապահովման կառույցների բարեփոխումը:

Կուսակցության միջնաժամկետ առաքելությունը

Կուսակցության գործունեությունը բազմաշերտ է, որն արտահայտված է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում, կառավարության գործունեության 2021-26թթ. Գործունեության ծրագրում: 


Սույն ծրագրով կուսակցությունը 2021-26թթ. համար որդեգրում է երեք առաջնահերթություն. 


1) Համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատումը՝ համաձայն սույն ծրագրում հաստատված սկզբունքների

2) Բարձրորակ եւ հասնելի կրթական համակարգի ձեւավորում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

3) Պրոֆեսիոնալ, մարտունակ բանակի ստեղծումը՝ համաձայն Կառավարության 2021- 26թթ. ծրագրի: 


Ըստ այդմ՝ առաջնային խնդիրներ են բանակում ծառայության գրավչության, հեղինակության շարունակական բարձրացումը, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների էական բարելավումը, զինվորական ծառայության նոր ստանդարտների եւ որակական չափանիշների պահանջը, բանակի տեխնոլոգիականացումը, ռազմական կրթության արդիականացումը, այդ թվում՝ միջազգային լայն համագործակցության միջոցով, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը:


Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության առանցքային գործոններ են:


Որդեգրված քաղաքականությունները կարող են վերանայվել այնպես, որ առավելագույնս նպաստեն վերը նշված առաջնահերթությունների սպասարկմանը եւ չհակասեն դրանց:

Կուսակցության գաղափարական հենքը

Կուսակցության գաղափարական հենքը ՀՀ Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներն են եւ տեղավորվում են անհատ, քաղաքացի, պետություն շրջագծում: 


Մենք հենվում ենք այն համոզման վրա, որ պետության հարատեւության հիմնարար գործոնը պետություն ունենալու՝ քաղաքացիական կամքն է եւ այդ կամքի զարգացումն ու ամրացումը համարում ենք հիմնարար նպատակ: Անհատի երջանկությունը, քաղաքացու ազատությունը, պետության ինստիտուցիոնալ հզորությունը ամբողջացնում են Կուսակցության գաղափարական հենքը: Հայրենիք եւ պետություն հասկացությունների նույնականացումը գաղափարական այս հենքի նյութականացման կարեւոր միջոց է: Հայաստանի Հանրապետությունը ունի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է: Հայաստանի Հանրապետության պետական շահը որոշումների կայացման առանցքային ուղենիշ է:

Կուսակցության գործունեությունը

Կուսակցությունը շարունակելու աշխատանքը քաղաքական ուժեղ ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ: Տարածքային կազմակերպությունները պետք է դառնան հանրության հետ անմիջական հաղորդակցության հիմնական միջոց: Նման գործառույթի արդյունավետ իրագործումը ենթադրում է կուսակցության անդամների գաղափարական պատշաճ պատրաստվածություն: Կուսակցության անդամները պիտի խորությամբ տիրապետեն Կուսակցության ծրագրին, կանոնադրությանը, պատմությանը: Կուսակցությունը պիտի ակտիվ գործունեություն ծավալի ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ ավագանիներում:


Պիտի ակտիվանա աշխատանքը քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ուսանողության հետ: Կուսակցության միջազգային կապերի ակտիվացումը կարեւոր է: Կուսակցության գործունեության այս ուղղությունները կազմակերպելու համար կստեղծվեն ինստիտուցիոնալ կառույցներ:

Կուսակցության կերպարը

Իշխող կուսակցություն լինելը առանձնահատուկ պատասխանատվություն է: Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ իշխանության հասած ուժը պիտի հոգ տանի իր հավաքական եւ կուսակցության անդամների բարեվարքության մասին պահպանելով բարձր չափանիշներ: Կոռուպցիայի կանխարգելումը եւ անողոք պայքարը կոռուպցիայի դեմ կուսակցական էթիկայի մաս է:

Կուսակցության ծրագիրը

Սույն ծրագիրը ընդունված է 2022թ. հոկտեմբերի 29-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած 6-րդ, հերթական համաժողովում: «ՔՊ» հիմնարար փաստաթուղթը, Հիմնադիր համագումարում ընդունված եւ 3-րդ հերթական համագումարում փոփոխությունների ենթարկված ծրագիրը Կուսակցության արժեքային, գաղափարական, ծրագրային բովանդակության մաս են եւ կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում սույն ծրագրին:


Կուսակցության Վարչությունը իրավունք ունի որոշում կայացնել սույն պարբերության երկրորդ նախադասության մեջ հիշատակված փաստաթղթերում առկա այս կամ այն դրույթի՝ սույն ծրագրին հակասելու կամ անհամապատասխանության մասին: