dots

Կանոնադրություն

article
Կանոնադրության կետերը
ՆԱԽԱԲԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ II. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ III. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ IV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ V. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ VI. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ VII. ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ VIII. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ IX. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ X. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ XI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ XII. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ XIII. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ XIV. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ԳՈՒՅՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ XV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
article

ՆԱԽԱԲԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ամրությունն ու հարատեւությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ և անվտանգ արարումն իր հայրենիքում, հիմք ընդունելով կուսակցության ծրագրում և կանոնադրության մեջ առաջադրված նպատակները և խնդիրները, ընդունում է սույն կանոնադրությունը:

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակն է հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու, հանրային, քաղաքական, պետական կյանքին մասնակցության այլ ձևերով Կուսակցության ծրագրի, նպատակների և խնդիրների իրագործման համար անհրաժեշտ հանրային ըմբռնում և աջակցություն ձևավորելը: 


2. Կուսակցության կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք), ինչպես նաև Օրենքին համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն) և Կուսակցության ծրագրով (այսուհետ` Ծրագիր):


3. Կուսակցության անվանումն է` 

հայերեն լրիվ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 

հայերեն հապավումը՝ ՔՊԿ, 

ռուսերեն լրիվ՝ Партия «Гражданский договор», 

ռուսերեն հապավումը՝ ПГД, 

անգլերեն լրիվ՝ “Civil Contract” Party, 

անգլերեն հապավումը՝ CCP: 


4. Կուսակցությունն ունի խորհրդանիշ, որտեղ պատկերված է ձեռքսեղմում։ Ձեռքսեղման պատկերը համադրված է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կամ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» գրությամբ (տես՝ հավելված 1): 


5. Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ն. Ադոնցի փողոց, շենք 6/2, բնակարան 194, էլ. փոստ` [email protected], հեռախոս` +374 91 56 79 87

II. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

6. Կուսակցության գործունեության նպատակներն են. 


1) Հայաստանի Հանրապետության հարատեւության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային պայմանների ապահովումը. 


2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինչպես նաև հանրահռչակ այլ իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, այդ պայմանների ստեղծմանն աջակցելը. 


3) օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված քաղաքացիական միասնության հաստատումը. 


4) հայկական ժողովրդավարության պաշտպանությունը. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:


7. Կանոնադրությամբ և Ծրագրով ամրագրված նպատակներն իրագործելու համար Կուսակցությունը շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (կազմավորմանը) մասնակցելու միջոցով: 


8. Կուսակցության խնդիրներն են. 


1) Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ տարածաշրջանային և միջազգային միջավայրի ապահովումը, տևական և համապարփակ խաղաղության հաստատումը. 


2) կրթության և ստեղծարար գործունեության խթանումը և խրախուսումը. 


3) Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանների ապահովումը. 


4) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացումը:

III. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Կուսակցության՝ որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Պետական գրանցման պահից Կուսակցությունը ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ: 


10. Կուսակցությունն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահից ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ: 


11. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով` 


1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը. 


2) ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից. 


3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ. 


4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները. 


5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ. 


6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ). 


7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ. 


8) կազմակերպելու հավաքներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և հանրային միջոցառումներ. 


9) իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները. 


10) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում․ 


11) իրականացնելու Կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ իրավասություններ։ 


12. Կուսակցությունն ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: 


13. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ։ 


14. Կուսակցությունն այլ պետություններում կարող է ունենալ ներկայացուցչություններ: 


15. Կուսակցության պարտականություններն են` 


1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները. 


2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվությունը: 


3) ընտրություններին մասնակցելիս կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:

IV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

16. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական: Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: 


17. Սույն գլխի պահանջներին համապատասխանող անձը կարող է անդամակցել Կուսակցությանն իր դիմումի հիման վրա: Դիմումի ձևը հաստատում է Կուսակցության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն): 


18. Դիմումը քննարկում և որոշում է կայացնում Վարչությունը՝ Կանոնադրությամբ և Վարչության որոշմամբ սահմանված կարգով: Վարչությունն իրավասու է դիմումի քննարկմանը հրավիրել դիմումատուին: Վարչությունն իրավասու է դիմումատուի համար սահմանել փորձաշրջան: 


19. Վարչությունն իրավասու է դիմումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր): 


20. Կուսակցությանն անդամակցելու պայմաններն են` 


1) բացակայում են կուսակցությանն անդամագրելու օրենքով նախատեսված արգելքները. 


2) դիմումատուն ծանոթ է Կանոնադրության և Ծրագրի դրույթներին. 


3) դիմումատուն չի հանդիսանում այլ կուսակցության անդամ. 


21. Կուսակցության անդամը հաշվառվում է իր նախընտրած տարածքային ստորաբաժանումներից (այսուհետ` Տարածքային կազմակերպություն) որևէ մեկում: 


22. Կուսակցությանն անդամակցությունը դադարեցվում է. 


1) օրենքով նախատեսված դեպքերում. 


2) Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա. 


3) Կուսակցությունից հեռացվելու դեպքում. 


4) Կուսակցության լուծարման դեպքում.


5) Եթե անձը դադարել է համապատասխանել Կանոնադրությամբ սահմանված՝ Կուսակցության անդամին ներկայացվող պահանջներին:

V. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23. Կուսակցության անդամն իրավունք ունի` 


1) ընտրելու Կուսակցության և Տարածքային կազմակերպությունների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ. 


2) ընտրվելու Կուսակցության և Տարածքային կազմակերպությունների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում. 


3) սահմանված կարգով ներկա լինելու կուսակցության Համաժողովի նիստերին, 


4) ծանոթանալու Կուսակցության մարմինների արձանագրություններին և ստանալ այդ մարմինների ընդունված որոշումների պատճենները, 


5) տեղեկություն ստանալու Կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ. 


6) Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնելու հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ. 


7) մասնակցելու այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր անձին վերաբերող հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ. 


8) կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու իր անդամակցությունը Կուսակցությանը. 


9) ստանալու փաստաթղթերի պատճեններ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, 


10) բողոքարկելու Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները, 


11) իրականացնելու օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ: 


24. Կուսակցության անդամը պարտավոր է՝ 


1) գործել Կանոնադրության և Ծրագրի շրջանակներում, չիրականացնել Կանոնադրությանն ու Ծրագրին հակասող գործողություններ. 


2) Վարչության որոշմամբ սահմանած կարգով, չափով և ժամկետներում կատարել վճարումներ (անդամավճար). 


3) քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք հայտնելու իրավունքը. 


4) կատարել Կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

VI. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

25. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: 


26. Կուսակցության մարմիններն են` 


1) Համաժողովը. 


2) Վարչությունը. 


3) Կուսակցության քաղաքական ժողովը (այսուհետ՝ Քաղաքական ժողով). 


4) Կուսակցության վերահսկող հանձնաժողովը (այսուհետ` Վերահսկող հանձնաժողով). 


5) Տարածքային կազմակերպությունները:

VII. ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

27. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Համաժողովն է, որի բացառիկ իրավասություններն են` 


1) Կանոնադրության հաստատումը և Ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը. 


2) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի կազմավորումը, այն է` անդամների թվի սահմանումը և ընտրությունը, կազմալուծումը. 


3) Վարչության նախագահի ընտրությունը, լիազորությունների դադարեցումը. 


4) Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը. 


5) Վարչության և Վերահսկող հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը: 


6) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը։ Հաստատման ընթացակարգը Վարչության առաջարկով որոշում է Համաժողովը: 


7) Օրենքով և Կանոնադրությամբ Համաժողովին վերապահված այլ լիազորությունների իրականացումը: 


28. Կուսակցության Համաժողովն իրավասու է քննարկել իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքն օրենքով կամ Կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։ 


29. Կուսակցության Համաժողովին կարող են մասնակցել Կուսակցության բոլոր անդամները, ինչպես նաև նրա անդամներից ընտրված պատվիրակները։ Կուսակցության անդամների՝ Համաժողովին մասնակցության կարգը Վարչության առաջարկով սահմանում է Համաժողովը: Համաժողովին մասնակցող պատվիրակները (այսուհետ` Պատվիրակ) ընտրվում են` 


1) Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի (այսուհետ` Ընդհանուր ժողով) կողմից` Վարչության սահմանած կարգով և համամասնությամբ. 


2) Վարչության որոշմամբ: 


30. Պատվիրակ կարող է ընտրվել բացառապես Կուսակցության անդամը: Պատվիրակների ցուցակը հաստատում է Վարչությունը: 


31. Համաժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:


32. Հերթական Համաժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ՝ Վարչության որոշմամբ սահմանված ժամկետում և օրակարգով: 


33. Համաժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի (վայրի) մասին ծանուցումը հրապարակվում է Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում՝ ոչ ուշ, քան Համաժողովի անցկացման օրվանից 20 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 10 օր առաջ՝ այլ հարցերով: Սույն կետում նշված ծանուցումն ուղարկվում է Կուսակցության անդամի՝ անդամակցության դիմումում նշած էլեկտրոնային հասցեին: 


34. Կուսակցության արտահերթ Համաժողով կարող է գումարվել Վարչության կողմից կամ Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև Խորհուրդների առնվազն կեսի նախաձեռնությամբ, որը ներկայացվում է Վարչության նախագահին: Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, ինչպես նաև Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, կամ Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում, գումարում է Վարչության արտահերթ նիստ: Վարչությունը Կուսակցության անդամների առնվազն մեկ երրորդի, կամ Խորհուրդների առնվազն կեսի՝ արտահերթ Համաժողով հրավիրելու պահանջի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Համաժողով` պահանջում նշված օրակարգով: 


35. Կուսակցության Համաժողովն իրավազոր է, եթե Համաժողովին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ/կամ Համաժողովին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։


36. Համաժողովը նախագահում է Վարչության կողմից որոշված Վարչության անդամը: Համաժողովը նիստն արձանագրելու համար իր կազմից ընտրում է քարտուղար, իսկ ձայների հաշվարկի համար` Համաժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով): Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:


37. Կուսակցության Համաժողովի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։


38. Կուսակցության կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ 


39. Համաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Վարչության անդամների և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության: Վերջիններս ընտրվում են գաղտնի-վարկանիշային քվեարկությամբ: 


40. Համաժողովի նիստերը բաց են, եթե Վարչությունը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: 


41. Վարչության կողմից սահմանվում է Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։ Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում կուսակցությունների անդամների, ինչպես նաև տարածքային կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները: 


42. Համաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից: 


43. Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները հրապարակում է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իսկ սույն կետով չնախատեսված քվեարկությունների արդյունքները հրապարակում է Համաժողովի նախագահողը: 


44. Համաժողովի որոշումները տեղադրվում են Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում: 


45. Համաժողովի նիստերի արձանագրությունները պահպանվում են Կուսակցությունում՝ անժամկետ:

VIII. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

46. Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները և Կուսակցության ընդհանուր ղեկավարումը: 


47. Վարչության անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով: 


48. Վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վարչության կազմը չի համալրվում:


49. Եթե Վարչության լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն նոր Վարչություն դեռ չի ընտրվել, ապա Վարչության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Վարչության ընտրվելը: 


50. Վարչության անդամը չի կարող լինել Վերահսկող հանձնաժողովի կամ Խորհրդի անդամ կամ Տարածքային կազմակերպության վերահսկող (այսուհետ` Վերահսկող): 


51. Վարչությունը` 


1) իրականացնում է Կուսակցության ընդհանուր ղեկավարումը. 


2) հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն. 


3) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը. 


4) Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ. 


5) իր կազմից ընտրում և Համաժողովի քվեարկությանն է ներկայացնում Վարչության նախագահի թեկնածուին. 


6) Վարչության նախագահի առաջարկությամբ նշանակում է Վարչության նախագահի երկու տեղակալներին. 


7) սահմանում է անդամավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները. 


8) որոշում է կայացնում հերթական և արտահերթ Համաժողով հրավիրելու մասին և հաստատում է Համաժողովի օրակարգի նախագիծը. 


9) որոշում է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը և դրույքաչափերը. 


10) որոշում է ընդունում Տարածքային կազմակերպություններ ստեղծելու և լուծարելու մասին, ինչպես նաև հաստատում է դրանց սահմանները և կանոնակարգերը, սահմանում է Խորհրդի անդամների թիվը. 


11) որոշում է ընդունում Կուսակցությանն անդամակցելու, Կուսակցության անդամակցությունը դադարեցնելու և Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին, սահմանում է Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը. 


12) ընդունում է որոշումներ Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, բացառությամբ նրանց, որոնք Համաժողովի կամ այլ մարմինների բացառիկ իրավասությունն են, 


13) Կուսակցության անունից հանդես է գալիս հայտարարություններով. 


14) որոշում է կայացնում Խորհրդի նախագահի թեկնածուի հաստատման կամ մերժման կամ լիազորությունների դադարեցման վերաբերյալ. 


15) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության թեկնածուներին և ավագանու ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակները. 


16) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն կանոնադրությամբ վերապահված չէ Համաժողովին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները․ 


17) փոփոխություններ է կատարում Համաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե Համաժողովի կողմից հաստատվելուց հետո կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով․ 


18) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե Համաժողովն իրավազոր չի եղել. 


19) հաստատում է Համաժողովի Պատվիրակների ցուցակը. 


20) հաստատում է Վերահսկողի թեկնածուներին. 


21) սահմանում է Վարչության անդամի և Վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման և գրանցման կարգը, քարոզարշավի սկզբունքները և կարգը. 


22) կարող է ստեղծել աշխատանքային խմբեր. 


23) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ: 


52. Վարչության հերթական նիստը գումարվում է Վարչության սահմանած օրերին և ժամերին՝ Վարչության նախագահի սահմանած օրակարգով: Վարչության հերթական նիստերի անցկացման ժամանակացույցի կամ վայրի փոփոխության դեպքում Վարչության անդամները պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում: 


53. Վարչության արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վարչության նախագահի կամ Վարչության անդամների առնվազն 1/5-ի պահանջով: Վարչության անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Վարչության նախագահին: Վարչության արտահերթ նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված Վարչության արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Վարչության նիստ` պահանջում նշված օրակարգով: Վարչության անդամը ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում է արտահերթ նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին: 


54. Վարչության նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: 


55. Վարչության որոշումներն ընդունվում են Վարչության նիստին մասնակցող Վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Վարչության նախագահի ձայնը վճռորոշ է:


56. Վարչության որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Վարչության նախագահի թեկնածուի ընտրության: Վերջինս ընտրվում է գաղտնի քվեարկությամբ: 


57. Վարչության նիստերը դռնփակ են, եթե Վարչությունը դռնբաց նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: Վարչության նիստերին կարող են ներկա գտնվել Վարչության հրավիրած և Կանոնադրությամբ նախատեսված անձինք:


58. Վարչության որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման հաջորդ օրը, եթե այլ ժամկետ չի նախատեսվում Վարչության որոշմամբ: 


59. Վարչության նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում է Վարչության նախագահը: 


60. Վարչության որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանում է Վարչությունը: 


61. Նորընտիր Վարչության առաջին նիստը գումարվում է ընտրվելուց անմիջապես հետո՝ մինչև Համաժողովի ավարտը, որի ժամանակ Վարչության անդամների կազմից ընտրվում է Վարչության նախագահի թեկնածուն և ներկայացվում Համաժողովի հաստատմանը: Վարչության առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: 


62. Վարչության նախագահն ընտրվում է Համաժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով, Համաժողովի սահմանած կարգով: 


63. Եթե Վարչության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց Վարչության նոր նախագահը դեռ չի ընտրվել, ապա գործող Վարչության նախագահը շարունակում է իր պարտականությունների կատարումը՝ մինչև Վարչության նոր նախագահի ընտրվելը: 


64. Վարչության նախագահը`


1) ներկայացնում է Կուսակցությունը. 


2) հրավիրում և վարում է Վարչության նիստերը. 


3) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագիր. 


4) Վարչության պատվիրակմամբ կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ. 


5) բանկում բացում է Կուսակցության հաշվարկային հաշիվ. 


6) ընդունում է որոշում Կուսակցության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցի վերաբերյալ. 


7) նշանակում և ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին. 


8) սահմանում է Կուսակցության աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը. 


9) Կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները. 


10) կազմում է և Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն և ֆինանսական հաշվետվությունը. 


11) Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը. 


12) իրականացնում է Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև Կուսակցության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:


65. Վարչության նախագահի բացակայության ընթացքում նրա հանձնարարությամբ Վարչության նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը: 


66. Վարչության անդամը պարտավոր է մասնակցել Վարչության նիստերին: 


67. Վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության: 


68. Վարչության անդամի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում` 


1) նրա մահվան. 


2) նրա հրաժարականի. 


3) Կուսակցությունում իր անդամակցությունը դադարեցվելու դեպքում. 


4) երեք ամիս անընդմեջ Վարչության նիստերից անհարգելի պատճառով նրա բացակայելու դեպքում: 


69. Վարչության անդամները կամ Վարչության կողմից լիազորված, կուսակցության անդամ հանդիսացող անձինք կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Խորհուրդների նիստերին:

IX. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

70. Կուսակցության Քաղաքական ժողովը խորհրդակցական մարմին է: 


71. Քաղաքական ժողովի անդամներն են. 


1) Վարչության անդամները. 


2) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամները. 


3) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի անդամները և մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները, խմբակցության քարտուղարը. 


4) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության մարզպետները. 


5) Կուսակցության անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները. 


6) Տարածքային խորհուրդների նախագահները։ 


72. Քաղաքական ժողովի նիստերը գումարվում են Վարչության որոշմամբ, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:


73. Քաղաքական ժողովը քննարկում է ընթացիկ, քաղաքական, առաջիկա ընտրություններին Կուսակցության մասնակցությանը վերաբերող և այլ օրակարգային հարցեր: 


74. Քաղաքական ժողովի նիստերը վարում է Վարչության նախագահը կամ նրա հանձնարարությամբ Վարչության մեկ այլ անդամ: 


75. Վարչության որոշմամբ Քաղաքական ժողովի նիստին կարող են հրավիրվել կուսակցության անդամ հանդիսացող եւ չհանդիսացող այլ անձինք:

X. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

76. Վերահսկող հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև Կուսակցության մարմինների անհատական որոշումների դեմ բողոքները քննող և լուծող մարմին է: 


77. Վերահսկող հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով: 


78. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վերահսկող հանձնաժողովի կազմը չի համալրվում: 


79. Եթե Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վերահսկող հանձնաժողովի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վերահսկող հանձնաժողովի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև Վերահսկող հանձնաժողովի նոր անդամների ընտրվելը: 


80. Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Վարչության ու Խորհրդի անդամ կամ Վերահսկող։ 


81. Վերահսկող հանձնաժողովը՝ 


1) քննարկում է Կուսակցության անդամին հեռացնելու մասին Վարչության որոշման դեմ ներկայացված բողոքը և կայացնում վերջնական որոշում. 


2) Կուսակցությունում անցկացնում է ստուգումներ. 


3) տալիս է եզրակացություն Կուսակցության գործունեության. ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ. 


4) քննարկում և որոշում է Վարչության անդամի՝ նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը. 


5) հաշվետվություն է ներկայացնում Համաժողովին. 


6) պահանջում է Վարչության անդամներից, այդ թվում՝ Վարչության նախագահից, Կուսակցության ցանկացած անդամից ու աշխատողներից հնգօրյա ժամկետում իրեն ներկայացնել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկություն. 


7) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:


82. Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, ով համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները: 


83. Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Վերահսկող հանձնաժողովի նախագահի սահմանած օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: 


84. Վերահսկող հանձնաժողովի անդամները ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են նիստի տեղի, օրվա ու ժամի մասին: 


85. Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վերահսկող հանձնաժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Վերահսկող հանձնաժողովի նախագահին: Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վերահսկող հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է 3 օրվա ընթացքում հրավիրել Վերահսկող հանձնաժողովի նիստ` պահանջում նշված օրակարգով: 


86. Վերահսկող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վերահսկող հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: 


87. Վերահսկող հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: 


88. Վերահսկող հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել Վերահսկող հանձնաժողովի կողմից հրավիրված և Կանոնադրությամբ նախատեսված անձինք: 


89. Վերահսկող հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման հաջորդ օրը: 


90. Վերահսկող հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում է Վերահսկող հանձնաժողովի նախագահը: 


91. Վերահսկող հանձնաժողովի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Վերահսկող հանձնաժողովի հաստատած ընթացակարգով:


92. Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Վարչության և Խորհուրդների նիստերին։ 


93. Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում` 


1) նրա մահվան. 


2) նրա հրաժարականի. 


3) Կուսակցությունում իր անդամակցությունը դադարեցվելու դեպքում:

XI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

94. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են տարածքային հատկանիշով։ Տարածքային կազմակերպության սահմանները (համայնք, բնակավայր, վարչական շրջան) սահմանում է Վարչությունը։ 


95. Տարածքային կազմակերպությունների մարմիններն են` 


1) Ընդհանուր ժողովը. 


2) Տարածքային կազմակերպության նախաձեռնող խումբը (այսուհետ՝ Տարածքային նախաձեռնող խումբ). 


3) Խորհուրդը. 


4) Վերահսկողը: 


96. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են և դրանց գործունեությունը դադարեցվում է Վարչության որոշմամբ:

XII. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

97. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինն Ընդհանուր ժողովն է, որի բացառիկ իրավասություններն են` 


1) Խորհրդի անդամների ընտրությունը՝ Վարչության հաստատած կարգի համաձայն. 


2) Խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության հաստատումը` Խորհրդի գործունեության մասին, 


3) Վերահսկողի ընտրությունը՝ Վարչության հաստատած թեկնածուների ցանկից, 


4) օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասությունների իրականացումը: 


98. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է Խորհրդի որոշմամբ սահմանված օրակարգով: Հերթական Ընդհանուր ժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ:


99. Ընդհանուր ժողովի օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի մասին ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամները` Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ, եթե օրակարգով նախատեսվում են ընտրություններ, կամ 5 օր առաջ` այլ հարցերով: 


100. Տարածքային կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով կարող է գումարվել Վարչության կամ Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Խորհրդի նախագահին: Արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջը, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում գումարում է Խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը սույն կետում նշված հիմքի առկայության դեպքում պարտավոր է 7 օրվա ընթացքում հրավիրել (հրավիրելու մասին որոշում կայացնել) Ընդհանուր ժողով` պահանջում նշված օրակարգով: 


101. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և ներկա է Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: 


102. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին ներկա Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների ձայների մեծամասնությամբ: 


103. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրության ժամանակ: Վերջիններս ընտրվում են գաղտնի քվեարկությամբ: 


104. Ընդհանուր ժողովի նիստերը դռնփակ են, եթե դռնբաց նիստ անցկացնելու որոշում Խորհուրդը չի ընդունել: 


105. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: 


106. Ընդհանուր ժողովի արձանագրությունները պահպանվում են Տարածքային խորհրդում` անժամկետ: 


107. Խորհուրդը Տարածքային կազմակերպության մշտապես գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Տարածքային կազմակերպության անունից իրականացնում է նրա լիազորությունները և Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը:


108. Խորհուրդն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ վարկանիշային քվեարկությամբ՝ երկու տարի ժամկետով: 


109. Եթե Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Խորհրդի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Խորհրդի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև Խորհրդի նոր անդամների ընտրվելը: 


110. Խորհրդի անդամը չի կարող լինել Վարչության կամ Վերահսկող հանձնաժողովի անդամ կամ Վերահսկող: 


111. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Խորհրդի կազմը չի համալրվում: 


112. Խորհուրդը` 


1) իրականացնում է Տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը. 


2) իր կազմից ընտրում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու և ներկայացնում Վարչության հաստատմանը. 


3) Վարչության որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցությանն անդամակցության դիմումները. 


4) ընդունում է որոշումներ Տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք Կանոնադրությամբ վերապահված են Ընդհանուր ժողովի և Վարչության բացառիկ իրավասությանը. 


5) Վարչությանն առաջարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կուսակցության կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուների և ավագանու ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակները. 


6) Վարչությանն է ներկայացնում Խորհրդի նախագահի պաշտոնանկության հարցը, 


7) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ: 


113. Խորհրդի նիստերը հրավիրվում են Խորհրդի նախագահի սահմանած օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: 


114. Խորհրդի անդամները նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում: 


115. Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Խորհրդի անդամների առնվազն 1/5-ի կամ Վարչության պահանջով: Վարչությունը կամ Խորհրդի անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Խորհրդի նախագահին: Արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Խորհրդի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Խորհրդի նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հրավիրել Խորհրդի նիստ` պահանջում նշված օրակարգով:


116. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: 


117. Խորհուրդը որոշումներն ընդունում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։ 


118. Խորհրդի նիստի ժամանակ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Խորհրդի նախագահի ընտրության: Վերջինս ընտրվում է գաղտնի քվեարկությամբ: 


119. Խորհրդի նիստերը բաց են, եթե Խորհուրդը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: 


120. Խորհրդի նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ, որը ստորագրվում է Խորհրդի նախագահի կողմից: 


121. Խորհրդի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Խորհրդի կողմից: 


122. Խորհրդի նախագահը ընտրվում է 2 տարի ժամկետով՝ 


1) ղեկավարում է Խորհրդի գործունեությունը, 


2) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը, 


3) ներկայացնում է Տարածքային կազմակերպությունը. 


4) իրականացնում է Տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը. 


5) երեք ամիսը մեկ անգամ Վարչությանը և Խորհրդին գրավոր տեղեկություններ է հաղորդում Տարածքային կազմակերպությունում հաշվառված Կուսակցության անդամների անդամավճարների գանձման և գույքի օգտագործման վերաբերյալ. 


6) հրավիրում և վարում է տարածքային նախաձեռնող խմբի նիստերը, 


7) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ: 


123. Տարածքային կազմակերպությունները ձևավորում են Տարածքային նախաձեռնող խմբեր: Տարածքային նախաձեռնող խմբի նիստերին կարող են ներկա գտնվել նաև տվյալ Տարածքային կազմակերպությանը կցված՝ Կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացրած անձինք (Համակիրները): 


124. Վերահսկողը Տարածքային կազմակերպության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձն է: 


125. Վերահսկողն ընտրվում է Վարչության հաստատած թեկնածուների կազմից Ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով:


126. Վերահսկողի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Ընդհանուր ժողովը ընտրում է նոր Վերահսկող: 


127. Վերահսկողը չի կարող լինել Վարչության, Վերահսկող հանձնաժողովի կամ Խորհրդի անդամ: 


128. Վերահսկողը` 


1) Տարածքային կազմակերպությունում անցկացնում է ստուգումներ, 


2) տալիս է եզրակացություն Տարածքային կազմակերպության գործունեության, ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ, 


3) հաշվետվություն է ներկայացնում Ընդհանուր ժողովին, 


4) իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավասություններ:

XIII. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

129. Կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության ծրագրին հակասող գործողություն կատարելու դեպքում Կուսակցության անդամները կարող են Կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության: 


130. Կուսակցության անդամը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչության որոշմամբ: 


131. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Վարչության նախագահն ընդգրկում է Վարչության նիստի օրակարգում սեփական նախաձեռնությամբ կամ Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա: 


132. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն ինչպես դիմում ներկայացրած անձը, այնպես էլ Կուսակցության այն անդամը, ում վերաբերյալ հարցը քննարկվում է: Վերջիններս իրավունք ունեն տալ բանավոր բացատրություններ և ներկայացնել հիմնավորումներ: 


133. Վարչությունը, քննարկելով Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը, իրավասու է որոշում կայացնել դիմումը մերժելու կամ Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու մասին: 


134. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու արդյունքում Վարչությունը կարող է Կուսակցության անդամի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը`


1) նկատողություն. 


2) խիստ նկատողություն. 


3) Կուսակցությունից հեռացում: 


135. Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Վարչության որոշումը կարող է բողոքարկվել Վերահսկող հանձնաժողով:

XIV. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ԳՈՒՅՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

136. Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, անդամավճարները, Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, Օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։ 


137. Սույն գլխում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են Կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։ 


138. Կուսակցության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։ 


139. Վարչության նախագահը, Տարածքային կազմակերպությունների ղեկավարները Կուսակցության գույքը տնօրինում են Կանոնադրությամբ և Վարչության որոշմամբ սահմանված կարգով: 


140. Կուսակցության գույքը վաճառելու կամ ձեռք բերելու կամ այլ գործարք կատարելու դեպքում, եթե գույքի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա Վարչության նախագահը պետք է նախապես ստանա Վարչության համաձայնությունը (որոշումը): Այլ անձինք Կուսակցության անունից իրավասու չեն գույք ձեռք բերել կամ վաճառել կամ այլ գործարք կատարել: 


141. Վարչության նախագահը Կուսակցության ֆինանսական միջոցները կարող է օգտագործել միայն Վարչության կողմից հաստատված բյուջեին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Վարչության նախագահը կարող է դիմել Վարչությանը` բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար:

XV. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

142. Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումն ու առանձնացումը) կատարվում է Համաժողովի որոշմամբ՝ Օրենքով սահմանված կարգով։ 


143. Կուսակցությունը կարող է լուծարվել Համաժողովի որոշմամբ, ինչպես նաև Օրենքով սահմանված այլ դեպքերում ու կարգով։ 


144. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված Համաժողովն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության Վարչությունը: Իսկ Վարչության իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության համաժողովը կամ Վարչությունը այլ որոշում չի կայացրել: 


145. Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է Օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ 


146. Լուծարման դեպքում Կուսակցության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը ուղղվում է Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։

Հավելված 1
Հավելված 1