«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
8–ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) 8–րդ արտահերթ Համաժողովը (այսուհետ՝ Համաժողով), առաջնորդվելով Կուսակցության Կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 25–րդ կետի 4–րդ ենթակետով եւ հիմք ընդունելով Կուսակցության Վարչության (այսուհետ՝ Վարչություն) առաջարկությունը,
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի (այսուհետ՝ ընտրական ցուցակ) թեկնածուներին Համաժողովի հաստատմանը ներկայացնելու նպատակով կազմակերպել երկփուլ քվեարկություն՝ փակ, գաղտնի, վարկանիշային կարգով։
2. Առաջին փուլի քվեարկությունը կազմակերպել Կուսակցության կենտրոնական գրասենյակում, 2026 թվականի փետրվարի 13–ից 15–ը ներառյալ, ժամը 10․00–ից 20․00–ն։ Քվեաթերթիկում ընդգրկել Վարչության կողմից գրանցված բոլոր թեկնածուների անունները։ Քվեարկելու իրավունք ունեն Համաժողովի պատվիրակները:
3. Առաջին փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է հիսուն թեկնածուների օգտին՝ 1–ից մինչեւ 50 թվանշաններով եւ/կամ v–աձեւ նշաններով։
4․ Սահմանել, որ առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձեւավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած՝ նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ, այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։ Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:
5. Երկրորդ փուլի քվեարկությունը անցկացնել Կուսակցության կենտրոնական գրասենյակում 2026 թվականի մարտի 27–ից 28–ը ներառյալ, ժամը 10․00–ից 20․00–ն։ Երկրորդ փուլի քվեաթերթիկում ընդգրկել սույն որոշման 4–րդ կետում սահմանված կարգով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառված թեկնածուների անունները։ Քվեարկելու իրավունք ունեն Համաժողովի պատվիրակները: Երկրորդ փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է երեսուն թեկնածուների օգտին՝ 1–ից մինչեւ 30 թվանշաններով եւ/կամ v–աձեւ նշաններով եւ սահմանված տեղում գրվել է վարչապետի թեկնածուի անուն, ազգանունը։
6․ Սահմանել, որ երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով՝
ա) կորոշվի ընտրական ցուցակի առաջինից հիսուներորդ համարների ներքո թեկնածուների անվանական ցանկը, ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաների պահպանմամբ: Եթե սույն որոշման 4–րդ կետով սահմանված կարգով առավելագույն ձայն ստացած թեկնածուների թիվը կգերազանցի հիսունը, եւ երկրորդ փուլի քվեաթերթիկում ընդգրկված կլինեն հիսունից ավելի անուններ, երկրորդ փուլի քվեաթերթիկում ընդգրկված բոլոր թեկնածուները ընտրական ցուցակում կզբաղեցնեն քվեարկության արդյունքներով իրենց ստացած տեղը՝ ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաների պահպանմամբ։ Ստացած ձայների հավասարության դեպքում վերջնական ցուցակը Համաժողովի հաստատմանը կներկայացվի Վարչության առաջարկած տարբերակով.
բ) ընտրական ցուցակի առաջին համարը կզբաղեցնի քվեարկությամբ սահմանված ձեւով ընտրված վարչապետի թեկնածուն:
7․ Սահմանել, որ ընտրական ցուցակի հիսունմեկերորդից հարյուրերորդ համարների ներքո թեկնածուների հերթականությունը կորոշվի Վարչության առաջարկության հիման վրա՝ ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաների պահպանմամբ։ Վարչությանը առաջարկում հիսունմեկերորդից հարյուրերորդ համարների ներքո տեղ զբաղեցրած թեկնածուների առաջին փուլի քվեարկության արդյունքում ստացած համարը կարող է տեղաշարժել ոչ ավել, քան հիսունմեկերորդից հարյուրերորդ համարների սահմաններում, բացառությամբ այն դեպքերի երբ առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկում սույն որոշման 4–րդ կետով սահմանված կարգով ընդգրկվել է հիսունից ավելի թեկնածու։
8․ Ընտրական ցուցակի հետագա համարները կձեւավորվեն Վարչության առաջարկի հիման վրա․ Վարչությունը ընտրական ցուցակի հետագա համարների իր առաջարկը ձեւավորելիս հաշվի կառնի առաջին փուլի քվեարկության արդյունքները, ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաների պահպանմամբ։ Մի քանի թեկնածուի կողմից հավասարաչափ ձայներ ստանալու դեպքում ցուցակը Համաժողովի հաստատմանը կներկայացվի Վարչության առաջարկած տարբերակով։
9․ Սահմանել, որ ընտրական ցուցակը կհաստատվի Կուսակցության 8–րդ արտահերթ Համաժողովի լիագումար նիստում, բաց քվեարկությամբ։
10․02․2026թ.