news inner

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ,


7-րդ համաժողովի հարգելի պատվիրակներ, Կուսակցության հարգելի անդամներ, ովքեր մեզ հետեւում եք համացանցում, սիրելի ժողովուրդ,


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ 6-րդ Համաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 29–ին։


Այդ համաժողովն ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերին անցկացնել, բայց սեպտեմբերի 13–ի պատերազմի, տարածաշրջանի ռազմաքաղաքական լարված իրավիճակի բերումով հնարավոր եղավ անցկացնել նախատեսվածից ավելի քան մեկ ամիս ուշացումով, եւ կրկին՝ լարված տարածաշրջանային եւ ներքաղաքական իրավիճակում, և պետք է ուղիղ ասել` գոյութենական անորոշությունների պայմաններում։


Կուսակցության այս՝ 7–րդ Համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում Հայաստանի Հանրապետությունը իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թեւակոխել, այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։


Այդ խաղաղությունն, իհարկե, հաստատվել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ եւ աջակցությամբ` իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված Հռչակագրով, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը։


Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել, ու չի վիրավորվել, հարգելի գործընկերներ, 1 տարի յոթ ամիս։


Անկախացումից ի վեր, մենք որեւէ նման 1 տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի։


Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը եւ մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է՝ այնպես անել, որ այս 1 տարի յոթ ամիսը դառնա 2 տարի յոթ ամիս, երեք տարի յոթ ամիս, չորս տարի յոթ ամիս, հինգ տարի յոթ ամիս, հիսուն տարի յոթ ամիս, հարյուր տարի յոթ ամիս, երկուհարյուր տարի յոթ ամիս եւ այսպես շարունակ եւ սա վերաբերվի Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ, 6–րդ Համաժողովին հաջորդած ժամանակաշրջանում էր, երբ հայտարարում էի, որ եթե մեզ հաջողվի երկու–երեք տարի ապահովել մեր պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես  մեր պետության լինելիությունը կապահովենք։

 

Այդ հայտարարությունից 3 տարի անց, ահա, Ձեր առաջ կանգնած եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում Կառավարող կուսակցության Համաժողովում, մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի յոթ ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել, Ադրբեջանի հետ խաղաղության Հռչակագիրը ստորագրված է, Խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը նախաստորագրված եւ մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական եւ առանցքային հատկանիշները։


Ես Հայաստանի Հանրապետության ժողովրդին շնորհավորում եմ այս առիթով ու Ձեզ բոլորիդ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ այսօրը հնարավոր է դարձել նախեւառաջ այն բանից հետո, որ մեր, Հայաստանի դժոխային օրերին Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք։


Բայց, հարգելի՛ կուսակցական ընկերներ, աներևակայելի էր` ինչպե՞ս էր հնարավոր չսասանվել, դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել, ինչպե՞ս կարողացաք կանգուն մնալ Ձեր ոտքերի վրա, ինչպե՞ս կարողացաք տանել այդ բեռը, այդ տառապանքն ու ցնցումը։


Ինչպե՞ս կարողացաք անցնել այդ ամենի միջով։ Ձեզ եւ Ձեր ընտանիքների անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ, զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ։ Սա է այն գործիքակազմը, որ Ձեր դեմ կիրառում էին եւ կիրառում են։ 


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ Համաժողովի հարգելի պատվիրակներ, Կուսակցության հարգելի անդամներ, որ մեզ հետեւում եք համացանցով, ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ, Ձեր ընտանիքների անդամների առաջ, որովհետեւ համոզված եմ, նույնիսկ ես ամբողջությամբ չգիտեմ, թե ինչերի միջով եք անցել եւ անցնում 2020 թվականի այն դժնդակ օրերից ի վեր։


Եղան մարդիկ, ովքեր քանդվեցին, փլուզվեցին, բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, գիտե՞ք ինչու, որովհետեւ մեր նշված պայմաններում հենց դա էր տրամաբանականը, հենց դա էր սովորական–մարդկայինը, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելով հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէ տանել, հնարավոր չէ վերապրել։


Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետեւ կանգուն մնալն անհնարին էր, կատարելապես անհնարին։ Եվ նրանց փլուզումն անակնկալ չէր ու հասկանալի էր նույնիսկ։


Բայց Դուք կանգնեցիք, ասել է թե, Դուք արեցիք անհնարինը, եւ սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու առանձնահատկությունը։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելն անհնարինն անելու կուսակցություն է, եւ մենք իրար հետ արել ենք և անում ենք անհնարինը եւ ահա Հայաստանի Հանրապետությունը կանգուն ու ծաղկուն է՝ որպես ազատ, ինքնիշխան ու խաղաղ պետություն։

 

Քավ լիցի, հանկարծ չմտածեք, թե մոռացա մեր ժողովրդի, մեր սիրելի, մեր հարազատ, մեր թանկագին, մեր ուժեղ ու կամային ժողովրդի վաստակն ու իմաստությունը։ Ոչ ամենեւին, եւ ես դրա մասին այսօր կխոսեմ ամբողջական ու մանրամասն, բայց պատմությունը, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը, շատ է տեսել իրավիճակներ, երբ ի հեճուկս իր ներքին մղման, ցանկությունների ու համոզմունքի, ժողովուրդը չի կարողացել ոչինչ անել, որովհետեւ մնացել է առանց առաջնորդության։


Ուշադրություն դարձրեք, ոչ թե առանց առաջնորդի, այլ առանց առաջնորդության, որովհետեւ առաջնորդն ու առաջնորդությունը թեև տարբեր բաներ չեն, բան ունեն էական տարբերություններ։


Եվ Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, ստանձնեցիք, կատարեցիք, ապահովեցիք այդ առաջնորդությունը, եւ դա մեծագույն եւ բարձրագույն գնահատանքի է արժանի։


Եվ ես հիմա այստեղ, պատկառանքով, խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների անդամների առջեւ, բոլորիդ առջեւ։  


Դե իսկ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության իմաստուն ու խորաթափանց ժողովուրդը Խաղաղության ռազմավարության, Խաղաղության օրակարգի, Խաղաղության քաղաքականության հեղինակն է, իրական հեղինակը, եւ ինձ համար սրանում որեւէ կասկած չկա։


Ճիշտ է այս մասին մի քանի անգամ խոսել եմ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ Համաժողովն այս թեման ամբողջացնելու ամենապատեհ տեղն է եւ էլի պիտի խոսեմ 2021 արտահերթ թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այն տեսարանների մասին, երբ մեր նախընտրական հանրահավաքների առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր տարիքի բազմաթիվ կանանց։


Արդեն չորսուկես տարի շատ հաճախ այդ մասին մտածելով չեմ կարողանում գտնել նրանց ամենադիպուկ բնորոշող բառը կամ արտահայտությունը, որը նրանց կբնորոշեր, բայց այս ելույթը պատրաստելիս երկար մտածեցի ու եկա համոզման, որ ճիշտ բնորոշումը, որքան էլ գիտականորեն դա ճշգրիտ չի հնչի, «ալմա մատեր»–ն է։


Սնուցող մայր, բայց խոսքը այս դեպքում այն մայրերի մասին է, ովքեր հաց են դնում ոչ միայն իրենց ամուսինների ու զավակների, այլեւ իրենց մեծ գերդաստանների առաջ։


Մեր իրականության մեջ կան այդպիսի բազմաթիվ մայրեր, ովքեր գերդաստանների լուռ առանցքն են, գերդաստանների կյանքը կառուցվում ու պտտվում է նրանց շուրջ։ Նրանք լուռ են, որովհետեւ խոսելու ժամանակ չունեն։ Ընդ որում, այո ժամանակ չունեն, ոչ թե իրավունք։


Իրավունք չունեին, երբ նորահարս էին, բայց ահա այս կետում նրանք խոսելու այդ իրավունքը վաստակել են, որովհետեւ դարձել են գերդաստանի սնուցողներ, բայց հիմա էլ խոսելու ժամանակ չունեն, որովհետեւ նրանց վրա է գերդաստանի հոգսը, գերդաստանի կյանքի ռազմավարական պլանավորումը։


Լուռ են, որովհետեւ տոլմա պիտի փաթաթեն, լուռ են, որովհետեւ խաշ պիտի դնեն, լուռ են, որովհետեւ լավաշ ու հաց պիտի թխեն, լուռ են, որովհետեւ թթու պիտի դնեն, լուռ են, որովհետեւ մուրաբա պիտի եփեն, լուռ են, որովհետեւ թոռնիկների հոգսը պիտի հոգան, լուռ են, որովհետեւ խոսելը երբեմն իմաստ չունի։


Լուռ են, որովհետեւ ո՞վ է իրենց լսելու։ Լուռ են, որովհետեւ հայկական առածն ասում է՝ ասողին լսող է պետք։


Եվ ահա, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրերից սա ինձ համար դարձավ թիվ մեկ հարցը, որը պետք է պարզաբանվեր։ Ինչո՞ւ են այս մայրերը, գերդաստանների սնուցող մայրերը գալիս մեր նախընտրական հավաքներին։


Երբեմն տանու շորերով ու երբեմն մաշիկներով՝ ակնհայտ լինելով, որ ուղիղ խոհանոցից են գալիս, ակնհայտ լինելով, որ գալու որոշումը կայացրել են վերջին պահին, 5 րոպե առաջ եւ ոչ թե նախապես պլանավորված, եւ նրանց գալը պոռթկում է, պոռթկման հետեւանք, եւ նրանք ասելու բան ունեն ակնհայտորեն։


Եվ ես այդ քարոզարշավի առաջին օրերից հասկացա, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ հիմնական անելիքը նրանց լսելն է, նրանց լսելը եւ նրանցից լսածը գործնական քաղաքականություն դարձնելը։


Ու նրանցից լսածն ինձ ցնցեց։ Ընդ որում, տարբեր մարզերի ու համայնքների, տարբեր ընտանիքների, բայց նույն գործառույթն ու դերն ունեցող տարբեր մարդիկ, սնուցող մայրերը նույն բանն էին ասում եւ ասում էին ընդամենը երկու բան


Առաջին – Շնորհակալություն էին ասում 2020թնոյեմբերի 9–ի փաստաթուղթը ստորագրելու եւ պատերազմը կանգնեցնելու համար։


Սա իսկական ցնցում էր ինձ համար։ Հայաստանի քաղաքական եւ մշակութային էլիտայի մի էական հատվածն ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ Հայաստանի սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին ասում։ Երկուսն էլ նույն բանի համար։


Ու ես այդ մայրերին հարցնում էի՝ ինչի՞ համար եք շնորհակալություն ասում։ Ու նրանց պատասխանը կոնկրետ էր տասնյակ հազարավոր զինծառայողների կյանքեր փրկելու, պատերազմը կանգնեցնելու եւ Հայաստանն, իրենց ասելով, փրկելու համար։ Ես հակադարձում էի իսկ հազարավոր զոհերը, իսկ այն, որ պատերազմը սկսելուց առաջ չէինք կարողացել կանխել։ Նրանք էլ ինձ էին հակադարձում, թե այդ կետից առաջ ոչ ոք դա չէր հասկանա, եւ զոհերն էլ կրկնակի ու եռակի կլինեին եւ Հայաստանն էլ չէր փրկվի։


Ես հակադարձում էի, թե Հայաստանի ապագան էլ է այդ պահին անորոշ ու այստեղ է, որ նրանք ասում էին երկրորդ բանը խաղաղություն, գնա խաղաղության ետեւից, գնա խաղաղության ետեւից։ Նրանք ասում էին, որ մեզ անհրաժեշտ է միայն ու միայն խաղաղություն, բացառապես խաղաղություն։


Էլի եմ ընդգծում, այսպես խոսում էին տարբեր մարզերի, տարբեր համայնքների, ներառյալ Երեւանի, տարբեր ընտանիքների, բայց միեւնույն դերակատարում ունեցող սնուցող մայրերը, եւ ես հասկացա, որ այդպես խոսում է ժողովուրդը։


Այո՛, ժողովուրդը, ներառյալ տղամարդիկ, գերդաստանի նահապետ տղամարդիկ, բայց նրանք նույնն ասում էին էականորեն զգույշ, այլաբանորեն, որովհետեւ էստեղ ուրիշ նրբություն կա


նրանք պիտի՛ լինեին, պարտավոր էին լինել զգույշ, որպեսզի որեւէ մեկը չմտածի, թե երկնչելուց է, որ այդպես են ասում և խոսակցություն բերեն իրենց վրա:


Իսկ սնուցող մայրերը նման մտավախություն չունեին, որովհետեւ, բարեբախտաբար, մեր կանանց շրջանում տարածված չեն այսպես կոչված գողական բարքերը, ընկերության, համարձակության ու արժանապատվության մասին եղկելիության աստիճանի կեղծ պատկերացումները, որոնց ապավինելով, մեր շատ երիտասարդներ, ցավոք, այսօր թաղերում ու փողոցներում, բանակում ու համայնքներում կոտորում են իրար, «ի՞նշ կա ախպեր, ընշի՞ ես տենց նայում» փնթի խոսույթի ներքո։ Տասնյակ, տասնյակ խոսակցություններ են տեղի ունենում այս փնթի խոսույթի ներքո: Այդ կեղծ, իբր արժանապատվության, իբր ընկերասիրության:


Բայց թույլ տվեք ասել, այսպես վարվում են վախկոտները, այս նույն կատեգորիան է, որ տասնյակներով, չասեմ ավելի, փախել է մարտի դաշտից՝ ներքին հույս փայփայելով, թե Հայաստանը կդարձնեն մերձգողական մարտերի մարտադաշտ։


Գիտե՞ք ինչով է ավելի հարմար Հայաստանն այդպիսի մարտադաշտ դարձնելը, որովհետեւ քուչայական այդ մարտերից փախչելը ոչ միայն ամոթալի չէ, այլեւ ամենաընդունելի գործելակարգն ու արարողակարգն է։ Փախածների եւ փախնողների գաղափարաբանությունն է սերմանվել եւ սերմանվում մեր երիտասարդների շրջանում։


Ես էդ կատեգորիան տեսել ու դրանց հետ շփվել եմ Կոշի եւ մյուս գաղութներում, եւ էդ կատեգորիայի գաղափարաբանությունը Հայաստանից արմատախիլ անելը համարում եմ կարեւորագույն քաղաքական առաքելություն, մեր քաղաքական առաքելությունը և իմ քաղաքական առաքելությունը:


Բայց, վերադառնալով  2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պիտի արձանագրեմ, որ մենք նախընտրական պայքարի մեջ մտանք ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին, գերդաստանների մայրերին։


Հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում, բայց նրանք նաեւ հարստացրին մեր քաղաքական միտքը, նոր քաղաքական ուժ եւ հայացք տվեցին մեզ եւ պարտադրեցին փոխել մեր ռազմավարությունն ու ընկալումները։


Դա իհարկե, մի օրում, կամ նույնիսկ մի տարում տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ երեք երկար ու ձիգ երեք տարիների ընթացքում։


Այդ երեք տարիների մտորումների, առերեսումների, հայեցման արդյունքում է, որ ծնվեց Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը կենարար եւ խաղաղարար դարձավ Հայաստանի Հանրապետության համար։


Այդ գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել այն խաղաղությունը, որը մենք այսօր ունենք, սիրելի գործընկերներ։


Խաղաղությունն, իհարկե, երկկողմանի գործընթաց է եւ այս խոսույթով պատմում եմ խաղաղության մեր պատմությունը, ներկայացնում եմ խաղաղության մեր ճանապարհը, պատմության մեր բաժինը, թե Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունն ինչպես, ինչ ճանապարհով հասավ այդ կետին։


Բայց ամբողջացնելու համար մենք պետք է անդրադառնանք նաեւ նախորդող շրջանի մի քանի հանգուցային կետերի նույնպես, հակառակ դեպքում այս պատմությունը ամբողջական չի լինի։


Այս ամենն ասելիս, չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Առիթներ ունեցել եմ իմ այս արտահայտությանն անդրադառնալու, բայց կարծում եմ, ամբողջացնելու կարիք կա։


Ինչո՞ւ եմ ուրեմն, այսօրվա խաղաղությամբ բերկրանք ապրելով, 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Սա պետք է շատ կոնկրետ պատճառ և բացատրություն ունենա եւ բացատրություն, իրոք շատ կոնկրետ է։


Այդ արտահայտություն, արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետեւ հայրենասեր եմ եղել։


Իսկ հարց է ծագում՝ իսկ  ի՞նչ է, հիմա հայրենասեր չե՞մ։ Իհարկե, հայրենասեր եմ։


Բայց ավելի՞, թե պակաս հայրենասեր եմ։ Ոչ ավելի, ոչ պակաս նույնքան հայրենասեր եմ։  


Ինչպես ուրեմն լուծել այս դիլեման, որն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության բանաձևը, հայրենասիրության մոդելը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։


Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, 2019–ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով, բայց ով է հանձնարարել հայրենասիրության այդ մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը: Այդ մոդելը Խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի եւ Բրեժնեւի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։


Մենք չենք էլ նկատել, հարգելի ներկաներ,  որ մինչեւ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած մեր հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս փաստի վրա, 1940–1980–ական թվականներին ձեւավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի, ֆիլմերի ու պիեսների վրա։


Մեր մեծերն, իհարկե, ոչ մի կասկած, մեծ ջանք են դրել ու բազմաթիվ օրգանիկ, մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձեւակերպել այդ գործերում, բայց այդ ամենն ի վերջո, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, պարփակված է եղել Խորհրդային միության գլավլիտով, գլավլիտը մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, բոլոր նկարները, բոլոր ֆիլմերը, բացարձակապես ամբողջ բովանդակությունը: Եվ այն, ինչ չէր անցնում այդ գլավլիտի քավարանով` ինքը չէր հրապարակվում: Եվ հետևաբար, այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, այդ բոլոր ստեղծագործությունները և խոսույթները ձևավորվել են գլավլիտի պայմաններում: Եվ հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությամբ եւ կառուցված են այդ առանցքի շուրջ։


Այս է պատճառը, որ անկախության հռչակագրի ընդունման 35–ամյակի առիթով հղած իմ ուղերձում գրել եմ հետևյալը  (մեջբերում եմ)«Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։

 


Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։


 

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, ինձնից սկսած և շարունակած մյուսներով, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին և այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը, սա շատ կարևոր է, Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել» (մեջբերման ավարտ)։ Սա իմ օգոստոսի 23-ի ելույթից էր մեջբերումը: Պարզ է չէ՞, Հայաստանում կային օրգանիկ հայրենասիրական մղումներ բնականաբար, և բավականին ուժեղ հայրենասիրական: Խորհրդային միությունը համարեց, որ կարելի է հաճելին օգտակարի հետ համատեղել: Եվ ամբողջ իմաստն այն էր, ի՞նչ էր ասում, ասում էր հայրենասեր եք, խոսքը հայկական ՀԽՍՀ-ի մասին է, և ըստ էության, որի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեր, ասում էր` հայրենասեր ե՞ք, շատ լավ, ձեր հայրենասիրությունը եկեք ուղղորդենք դուրս, Հայաստանի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունից դուրս` դեպի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ:


 

Սա է ամբողջ պատմությունը, կուսակցական սիրելի ընկերներ, սիրելի ժողովուրդ, երբ հայրենասիրության կայսերական մոդելը մեզ ասում էր, հայրենասե՞ր ես, սիրու՞մ ես հայրենիքդ, ահա ուրեմն փնտրիր քո հայրենիքը թեկուզ խորհրդային, բայց Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Փնտրիր քո հայրենիքը որտեղ ուզում ես՝ հյուսիսում, հարավում, արեւելքում, արեւմուտքում, բայց ոչ երբեք Հայաստանի թեկուզ խորհրդային Հանրապետությունում, որովհետեւ եթե դու քո հայրենիքը փնտրես ու տեսնես Հայաստանի թեկուզ խորհրդային Հանրապետությունում ու նրանով պարփակված, դու կարող ես պետություն դառնալ, դու կարող ես ինքնիշխան դառնալ, դու կարող ես անկախ ու զարգացած դառնալ, իսկ դա արդեն վտանգավոր է։ Ու՞մ համար է վտանգավոր, Խորհրդային Միության, Խորհրդային կայսրության։


Եվ Խորհրդային Միությունը գտավ հաճելին օգտակարի հետ համատեղելու էֆեկտիվ մի բանաձեւ։ Հայկական օրգանական հայրենասիրությունն ուղղորդել առավելապես Հայաստանի թեկուզ Խորհրդային Հանրապետության սահմաններից դուրս, սրանով հայ ժողովրդին շարունակաբար դարձնելով ԽՍՀՄ մեծապետական ամբիցիաների գործիք, իսկ մյուս կողմից Խորհրդային Միության ներսում գործուն պահելով «բաժանիր, որ տիրես» հազարամյակներով փորձարկված բանաձեւը։


Սա էր այն մոդելը, որ պետք է անհնար դարձներ Հայաստանի իրական պետության գոյությունը, եւ Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշխանությունն անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել, պետականություն անհնարին դարձնող հանգույցն ենք մենք քանդել  եւ այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այսկողմ։ Սա է պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ, Հայաստանի ֆիզիկական եւ բովանդակային կառուցապատման ֆոնին։ Հայաստանում երբեք, շատ վաղուց առնվազն այս ծավալի շինարարություն չի եղել, հարգելի գործընկերներ, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ: Ինչո՞ւ, որովհետև Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքն այն բանի շնորհիվ, որ հազարամյակների խաչմերուկում, երբ թվում էր, թե պատմական ավանդույթի ու շրջափուլի բերումով Հայ ժողովրդի պետությունը գնում է դեպի հերթական անխուսափելի կործանման, ի հայտ եկավ բացարձակապես անսպասելի մի գործոն, Հայաստանի սնուցող մայրերի գործոնը, ովքեր կործանելով ուրիշների կողմից մեզ պարտադրված, մեզ համար պատրաստած հայրենասիրության մոդելը մեզ պարտադրեցին ձեւակերպել պետականակենտրոն հայրենասիրության ուղերձը «Հայրենիքը պետությունն է սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»։


Խոհանոցից քաղաքական հրապարակ աճապարած Հայաստանի մայրերն էին, որ մեզ պարտադրեցին դուրս գալ դեգերողի պանդխտային տրամաբանությունից, երբ  շարունակաբար հաց ու երջանկություն ենք փնտրում ուրիշ  երկրներում, Հայաստանին վերապահելով նվիրական, բայց տխուր ու դժբախտ սրբավայրի կարգավիճակ։ Սա է եղել մեր հայրենասիրության հիմնական մոդելը:

 

Հենց խոհանոցից քաղաքական հրապարակ աճապարած Հայաստանի մայրերն են, որ մեզ պարտադրեցին ձեւակերպել պետականակենտրոն հայրենասիրության ու կյանքի հաջորդ ուղերձը «Այստեղ հայրենիք այստեղ հաց, այստեղ պետություն այստեղ կաց»՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաց ստեղծելու տեղ է, եւ ոչ թե հացի ետեւից պանդխտելու մեկնակետ։


Հենց Հայաստանի սնուցող մայրերը եւ նրանց թիկունքում լուռ, խոհուն ու մռայլ կանգնած նահապետ հայրերն էին, որ մեզ պարտադրեցին վերցնել թուղթն ու գրիչը, ձեւակերպել, քաղաքական խոսույթ ու գաղափարախոսություն դարձնել իրենց ասածը եւ որ կարեւոր է՝ իրենց լռածը։


Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի սնուցող մայրերի ասածի եւ նրանց թիկունքում խոհուն ու մռայլ կանգնած նահապետ հայրերի լռածի քաղաքական, հայեցակարգային ձեւակերպումն է։ Եվ սա  խաղաղության մեր պատմության հաջորդ կարեւորագույն հատվածն է, հարգելի գործընկերներ։


Եվ այս պատմության համար, կուսակցական սիրելի ընկերներ, թույլ տվեք իմ եւ բոլորիդ անունից խոնարհվել Հայաստանի մայրերի եւ նրանց թիկունքում կանգնած հայրերի եւ, ընդհանրապես, Հայաստանի ժողովրդի առաջ։ Ընդ որում, այսօր Հայաստանի ժողովուրդ ասելով հավասարապես նկատի ունեմ  Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության՝ չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ եւ այսօր այո՛, այդ թվում՝ մեր աջակցությամբ, փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ։


Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժն ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը, Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը։


Եվ ուրեմն, մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ, 7-րդ համաժողովի հարգելի պատվիրակներ, Կուսակցության հարգելի անդամներ, ովքեր մեզ հետեւում եք համացանցում, սիրելի ժողովուրդ


Շատ կարեւոր է, որ այն, ինչ ասացի իրական, իսկական, օրգանիկ պատմություն է եւ սրանում համոզվելու համար պետք է ուղղակի դիտարկենք այն զարգացումը, որ մենք ունեցանք 2021 թվականի նախընտրական ծրագրից մինչեւ Կառավարության գործունեության 2021–2026 թվականների ծրագիրը։

 

2021 թվականի նախընտրական ծրագիրը գրվել եւ ստեղծվել էր քարոզարշավից առաջ, իսկ Կառավարության ծրագիրն արդեն քարոզարշավից, ընտրություններից հետո եւ իր վրա կրել նախընտրական շրջանի եւ ժողովրդի հետ ունեցած երկխոսության ուղիղ ազդեցությունը։


Այդ ազդեցությունն եմ նկարագրել 2021 թվականի օգոստոսի 24–ին՝ որպես նորանշանակ վարչապետ Ազգային ժողովում Կառավարության 2021–ից 2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս։


Ներողություն եմ խնդրում, իհարկե, կրկին ինքս ինձնից մեջբերում անելու համար, բայց Ազգային ժողովում հետեւյալն եմ ասել 2021 թվականի օգոստոսի 24–ին: Սա շատ կարևոր է նաև ընթացիկ, քաղաքական դաշտում գոյություն ունեցող մի շարք հարցերի պատասխանելու համար: Մեջբերումը հետևյան է, որ ունեցել եմ Ազգային ժողովում 2021 թվականի օգոստոսի 24-ին: (մեջբերում)․  

 

«․․․տեղի ունեցած արտահերթ ընտրությունների կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք ունեցանք մի քարոզարշավ, որի ընթացքում հսկայական նոր քաղաքական բովանդակություն գեներացվեց:



Ինձ համար տեղի ունեցողը ոչ այնքան կամ ոչ միայն նախընտրական քարոզարշավ էր, այլեւ բաց եւ ուղիղ երկխոսություն ժողովրդի հետ, հատկապես երկխոսություն, որովհետեւ այս ընտրություններում մեր քաղաքական հարթակը ոչ միայն ասողի, այլեւ լսողի դերում էր:

 

Նախընտրական քարոզարշավի եւ նախընթաց շրջանում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ հետ հաղորդակցության ընթացքում իր սեփական ասելիքը ձեւակերպեց եւ ձեւավորեց ու, ըստ էության, մեզ լիազորեց լինել այդ ասելիքի խոսափողը, քվեարկության արդյունքներով մեզ լիազորեց դառնալ այդ անելիքի իրագործողը:


Ո՞րն է այդ անելիքն ուրեմն: Ստանդարտ քաղաքագիտական պատասխանը հետեւյալն է. այն՝ ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ինչը ճիշտ է:

 

Բայց ընտրողների, ըստ էության, 100 տոկոսը նախընտրական քարոզարշավից առաջին հերթին հիշում եւ արձանագրում է եւ հարցման դեպքում կհիշատակի 2 բան, քաղաքական մեծամասնության ստանձնած 2 բանավոր պարտավորություն


1. Օրենքի եւ իրավունքի դիկտատուրա:


2. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը:


Ահա, տիկնայք եւ պարոնայք, սա է ժողովրդի քվեարկության արդյունքներով ձեւավորված Կառավարության ստացած մանդատի կարճ նկարագրությունը, եւ պիտի արձանագրենք, որ Կառավարության ծրագիրը ձեւավորվել է հենց այս երկու հիմնական ասելիքի համատեքստում:


Մնացած ամեն ինչը, ըստ էության, որեւէ ձեւով, ուղղակի կամ անուղղակի առնչվում է այս երկու հիմնաքարերի հետ, եւ Կառավարությունը գործելու է հենց այս տրամաբանությամբ» (մեջբերման ավարտ):


Իսկ արդեն Ազգային ժողովի կողմից հաստատված Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում կարդում ենք, այն ծրագիրը, որն ընդունել ենք 2021 թվականի օգոստոսի քննարկումների ընթացքում: (մեջբերում Կառավարության ծրագրից, որն այս պահին էլ գործում է)


 «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է» (մեջբերման ավարտ):

 

Սա, կրկին ընդգծում եմ, Կառավարության 2021 թվականին ընդունված եւ այսօր էլ գործող Ծրագրի մեջ ֆիքսված, դե յուրե ֆիքսված, մեր Կառավարության մեծագույն առաքելությունն է, ինչպես մեջբերեցի։


Այսինքն, խաղաղ զարգացման դարաշրջան բացելը դեռեւս 2021 թվականին մեր ստանձնած բարձրագույն անելիքն էր, մեր գերագույն խնդիրը։

 

Հարգելի գործընկերներ, և ուրեմն՝ Խաղաղ զարգացման դարաշրջանը, հարգելի ներկաներ, ահա բացված է։ Ասել է, թե ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է։

 

Ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է։

 

Իհարկե, ասել եմ եւ ասում եմչենք մոռանում, որ Խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու ջանքեր պետք է գործադրենք։ 2025 թվականի օգոստոսի 8–ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվեց եւ հաջորդ հանգրվանն այդ փաստաթղթի ստորագրումն է, ինչի ուղղությամբ մեր ջանքերն ու աշխատանքը չեն նվազելու բնականաբար:

 

Հիմա ուզում եմ անդրադառնալ 2021–ի նախընտրական շրջանի երկրորդ հիմնասյունինօրենքի եւ իրավունքի դիկտատուրային։


Հարցը հետեւյալն է իսկ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրել եւ արդյունքներ արձանագրել ենք այս առումով։


Ես չեմ բացառում, որ եթե նույնիսկ մեր կուսակցության մեջ հարցում անենք, չեմ բացառում, որ պատասխանը կլինի, ինչպես ասում են, ոչ յուղոտ։


Բայց ուզում եմ ոչ թե վիճարկել այս պատասխանը, այլ ուշադրություն հրավիրել հենց 2021–ի օգոստոսի 24–ի իմ ելույթի ձեւակերպմանը, որտեղ ասել եմ ոչ միայն օրենքի, այլեւ իրավունքի դիկտատուրա։ Միեւնույն ժամանակ եւ օրենքի, եւ իրավունքի դիկտատուրա։


Միայն օրենքի դիկտատուրա հաստատելը շատ հեշտ է ընդունում ես օրենքը, առավել ևս՝ ունենալով խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, եւ դա իրագործում բոլոր հնարավոր մեթոդներով:


Իսկ երբ սա հակակշռված է իրավունքով՝ խոսքի ազատության իրավունքով, սեփականության իրավունքով, արդար դատաքննության իրավունքով, լսված լինելու իրավունքով, հավաքներ կազմակերպելու իրավունքով․․․


Ժողովրդավարմամբ եւ մարդու իրավունքներով, կարճ ասած՝ դա բոլորովին ուրիշ պատմություն է։


Մենք երբեք չենք խոստացել հաստատել պարզապես դիկտատուրա եւ չենք էլ ցանկացել, մենք երբեք չենք խոստացել հաստատել միայն օրենքի դիկտատուրա եւ չենք էլ ցանկացել, մենք ցանկացել եւ խոստացել ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Մեծ հաշվով, ինչ-որ առումով կրկին ստանձնել ենք կրկին անհնար մի հանձնառություն, համատեղել թվում է անհամատեղելին։ Եվ մենք գնացել ու էական հաջողությունների ենք հասել այս ճանապարհին։


Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը՝ ներառյալ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ քրեական գործերով գույքի բռնագրավման մեխանիզմներով լիարժեքորեն գործարկված է, դրա մասին տեղեկատվությունը լիուլի է, այդ թվում՝ իմ ֆեյսբուքյան էջի #հատիկառհատիկ խորագրում։


Բայց ես հիմա չեմ ուզում նորից թվեր ու հասցեներ թվարկել, գույքեր հիշատակել, որովհետեւ դա արել եմ, անում եմ, կանեմ այլ ձեւաչափով։


Այստեղ, կառավարող ուժի Համաժողովում, ավելի կարեւոր բան եմ ուզում արձանագրել


թալանվածը վերադարձնելու համակարգ է գործարկված, եւ այդ համակարգն անկասելի է ու ժողովրդից թալանվածը արդեն իսկ հատիկ առ հատիկ ետ է բերում։


Բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ։ Ինչո՞ւ հատիկ առ հատիկ, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել եմ, այդ թալանվածը մի սենյակում կամ մի տեղում չի դրված, եւ նույնիսկ միանգամից չի թալանվել, այլ հընթացս, հատիկ առ հատիկ է թալանվել, ապա թաքցվել է, քողարկվել, նույնպես հատիկ առ հատիկ:  


Եվ մենք հիմա հատիկ առ հատիկ վերադարձնում ենք, չնայած, ոնց որ թե հասել ենք մեծ ու հսկայական կտորներին, վերջին օրինակը` Հայաստանի Էլեկտրական ցանցերը:


Այս պրոցեսը շարունակվելու է անկասելիորեն։ Ինչպես ասել եմ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու ու չի պլստում։


Թալանված ոչ մի մեծ ու փոքր կտոր գույք դուրս չի մնալու, Մարտի 1–ի ու այլ աղմկոտ դեպքերի ոչ մի ոճրագործ պատժիչ չի խուսափելու։ Տեսեք ինչ է տեղի ունենում Հայաստանում 30 տարվա վաղեմության սպանություններ են բացահայտվում։ Բայց սա արվում է ոչ թե դիկտատուրայի, այլ օրենքի եւ իրավունքի հավասարակշռված տրամաբանությամբ։


Եվ այսպիսով, կուսակցական սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, պողպատե մանդատը եւ նրա խորհրդանիշ մուրճը տեղում է եւ գործում է, կյանքի է կոչում մեր ժողովրդի տված պատգամն ու հանձնարարականը։


Մուրճը գործում է հանուն օրինականության, հանուն իրավունքի, մուրճը գործում է հանուն անկախության ու ինքնիշխանության, հանուն բարեկեցության ու տնտեսական զարգացման։


Ոմանք, ի դեպ, փորձում են մուրճի սիմվոլը ներկայացնել որպես քանդելու գործիք։ Այդ մարդիկ տարրական գիտելիքներ անգամ չունեն շինարարական գործիքների մասին, որովհետև մուրճը միայն ու միայն, բացառապես կառուցելու մասին է: Համենայնդեպս մեր իրականության մեջ մուրճը քանդելու նպատակով չի օգտագործվում, այլ կառուցելու, միայն ու միայն կառուցելու։


Այդ մուրճի ստեղծարար ուժն է, որ կառուցում է դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու ջրագծեր, լուսավորում է փողոցներ, ցեխի միջից դուրս է հանում մեր բազմաթիվ գյուղեր, որովհետեւ բազմաթիվ բնակավայրերում սալապատվում կամ ասֆալտապատվում են փողոցներ, որ մեր հազարամյա պատմության մեջ երբեք սալապատ կամ ասֆալտապատ չեն եղել այդ փողոցները: Պատկերացնում եք` տասնյակ հարյուրավոր գյուղեր իրենց ողջ պատմության ընթացքում սալիկապատ փողոցներ կամ ասֆալտապատ փողոցներ չեն ունեցել:


Այդ մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ Հայաստանի Հանրապետությունը էական բաժնեմաս ունի ԶՊՄԿ–ում,  Ամուլսարում, «Վիվա Արմենիայում», այդ մուրճի ստեղծարար ուժով է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը եղել եւ շարունակում է մնալ տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, եւ միակ տարին, որտեղ մենք էական եւ շոշափելի տնտեսական աճ չենք գրանցել, եղել է քովիդի համավարակի տարին։


Նույնիսկ հետպատերազմական ճգնաժամի, սահմանային էսկալացիաների ժամանակներում մենք չենք կորցրել մակրոտնտեսական կայունությունը եւ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։


Այս տարվա օրինակը բերեմ, միայն այս տարվա օրինակը, որպեսզի պատկերը կոնկրետ այսօրվա մասին լինի․ 2025 թվականի առաջին կիսամյակի բյուջեի հարկային  հավաքագրումներն, օրինակ՝ 2018 թվականի առաջին կիսամյակի նկատմամբ ավել է 136 տոկոսով կամ 781 միլիարդ դրամով։ Սա ուղիղ երկու միլիարդ դոլար է, սիրելի գործընկերներ, ուղիղ երկու միլիարդ դոլար, 24 անգամ ավել։


Բայց չեմ ուզում կենտրոնանալ տնտեսական թվերի ու ցուցանիշների վրա, որովհետեւ դրա համար լիուլի հնարավորություն ունեմ Կառավարության եւ Ազգային ժողովի նիստերում։


Այս անդրադարձը կատարեցի ընդամենը ցույց տալու համար օրենքի եւ իրավունքի դիկտատուրայի ստեղծարար ուժը, մուրճի ստեղծարար ուժը։


Բայց որ ժողովրդի տված պողպատե մանդատը գործում է լիուլի, երեւում է միայն այն փաստի բերումով, որ այն գործում է թե միլիարդատերերի եւ թե, որքան էլ ցավալի է ասել, արքեպիսկոպոսների դեպքում։


Ամեն պարագայում, գործում է հանուն Հայաստանի պետականության, հանուն Հայաստանի անկախության, հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Հայաստանի ժողովրդի եւ նրա ապագայի։


Բայց այդ մուրճն ու դրա խելացի կիրառումն է, որ թակարդից հանել են մեր պետականությունը, ապագան բերել այսօր։ Մուրճը երբեք քանդելու համար չի եղել, այլ միայն ու միայն կառուցելու, եւ մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, քաղաքական ռազմավարություն ու բովանդակություն, պետական ռազմավարություն ու բովանդակություն։


Ոչ միայն վաղվա համար, այլեւ այսօրվա, որովհետեւ ապագան այսօր է, այսօրվա խաղաղությամբ է, որ կանխորոշում ենք վաղվա խաղաղությունը, այսօրվա անկախությամբ է, որ կանխորոշում ենք վաղվա անկախությունը, այսօրվա պետականությամբ է, որ կանխորոշում ենք վաղվա պետականությունը, պետության հարատեւությունը։ Ու այսպես լինելու է միշտ։ Ու սա լինելու է մեր գործելակերպը:


Բայց քանի որ արդեն խոսեցի, ուզում եմ ամբողջական անդրադարձ կատարել էմիսար միլիարդատերերի  թեմային։


Նմանատիպ թեմաներին անդրադառնալով՝ ոմանք հարցնում են, ինչ է կատարվում եւ ինչո՞ւ՝ նկատի ունենալով հարցի սոցիալ–քաղաքական կողմը, և ես կանդրադառնամ միայն հարցի սոցիալ-քաղաքական կողմին,  որովհետեւ իրավական մասը մեր քննության առարկան չէ։


Իսկ տեղի է ունենում շատ էական մի բան, մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք, Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում։ Եվ ոչ մի թիզ ավել։ Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար «յախտա» կամ «սամալյոտ» չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, գնում ենք։


Նրանք՝ ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի եւ կդնի համապատասխան տեղերում, այնպես որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա։


Ինչ վերաբերվում է արքեպիսկոպոսներին, մեզ համար ցավ է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում, մեծ ցավ է։


Բայց սա է օրենքի եւ իրավունքի դիկտատուրան, սա ուժեղ ժողովրդավարական պետություն է։ Եվ պետք է չփորձարկեն պետությունը, նրա մեխանիզմները և նրա վճռականությունը:


Ընդ որում, նաեւ արքեպիսկոպոսները, ինչպես բոլորը, իրենց իրավունքները լիարժեք կիրառելու հնարավորություն են ունեցել։ Երթեր ու ցույցեր են արել, հայտարարություններ։ Պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքն ու իրավունքն արհամարհվել են։ Ու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գործել այս տրամաբանությամբ։


Սիրելի կուսակցական ընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանում կա օրենքի եւ իրավունքի դիկտատուրա։ Եվ լինելու է։ Բայց խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ոչ միայն օրենքի, այլեւ իրավունքի, այնպես որ քավ լիցի, հանկարծ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը հանկարծ չվնասվի, տնտեսական զարգացումը հանկարծ չվտանգվի, ժողովրդի իշխանությունը հանկարծ չվտանգվի, որովհետև ժողովրդի իշխանությամբ է, այնուամենայնիվ, սահմանափակված:


Չեմ ժխտի, մեր փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ թավշյա մոդելն արդյունավետ է, եւ երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ։


Այդ միջոցներից է, օրինակ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման սկսված եւ, ընդ որում, անկասելի գործընթացը։ Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան, բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսն անկասելի է եւ աներկբա գնալու է մինչեւ վերջ։ Երկու հնարավոր սցենարներից մեկով։


Սցենար համար մեկ – ՀԷՑ–ը ազգայնացվում է եւ հանձնվում պրոֆեսիոնալ եւ հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական։


Սցենար թիվ երկու – ՀԷՑ–ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Այս դեպքում, բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում Կառավարության ռազմավարական ներկայությունը։


Այս երկրորդ սցենարով, ընդ որում, կգնանք միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի ծախսերը պետական բյուջեի համար անհամաչափորեն մեծ են։


Բոլոր դեպքերում, այս պահին արդեն ՀԷՑ–ի ստուգումների արդյունքում բացահայտված խարդախությունները բավարար են արձանագրելու համար, որ ՀԷՑ–ի կառավարման նախորդ շրջանի հետ կապված մեր մտավախությունները հիմնավոր են եղել:


Չնայած, դեռ ահագին ժամանակ առաջ   մարզային բազմաթիվ այցերի ընթացքում էի  համոզվել, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի անորակ մատակարարումը ձեզ հայտնի ուժերի համար եղել են ժողովրդի շրջանում քաղաքական դժգոհություն գրգռելու, ժողովրդին Կառավարության դեմ հանելու գործիք։ Թույլ չենք տա Հայաստանի Հանրապետության հետ նման խաղեր խաղալ, պարզապես թույլ չենք տա, թող բոլորն իրենց ականջներին օղ անեն ու համապատասխան հետեւություններ։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ, 7-րդ համաժողովի հարգելի պատվիրակներ, Կուսակցության հարգելի անդամներ, ովքեր մեզ հետեւում են համացանցում, սիրելի ժողովուրդ


«Վեհարանը վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգեւոր, ապաքաղաքական օրակարգ է, եւ այս հարցը Կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա։


Բայց այս թեման ունի նաեւ պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգեւոր օրակարգի հետ ե՛ւ առնչվում է, ե՛ւ չի առնչվում։


Առիթ ունեցել եմ ասելու, որ Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ստեղծվել է որպես Հայաստանի պետական ինստիտուտ, ստեղծվել է պետական, ավելի կոնկրետ՝ Տրդատ Մեծ արքայի որոշմամբ:


Առիթ ունեցել եմ ասելու, որ Հայ առաքելական եկեղեցին մինչև 372 թվականը և 301 թվականից հետո  ընդհանրական եկեղեցու ներքո է եղել: 372 թվականին ընդհանրական եկեղեցուց անկախություն ստացել է կրկին պետական որոշմամբ, երբ Պապ թագավորը վերացրել է հայոց եպիսկոպոսապետին Կեսարիայի մետրոպոլության, այսինքն՝ բյուզանդական կայսրության կողմից նշանակվելու ավելի վաղ ձեւավորված ընթացակարգը եւ Պապ թագավորի որոշմամբ եպիսկոպոսապետին սկսել են ընտրել Հայաստանում։ Այն ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել:


Այսինքն, իր ստեղծման առաջին օրերից ու դարերից Հայ առաքելական եկեղեցին եղել է եւ պիտի լիներ պետական տրամաբանության մեջ գտնվող ինստիտուտ։


Բայց մեր պատմական դժբախտության բերումով Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1724 տարիների մեծ մասը անցկացրել է Հայոց պետականության բացակայության եւ/կամ ծայրահեղ թուլության պայմաններում եւ այս հանգամանքներում ավելի հաճախ եղել է որպես կայսերական ինստիտուտ։


Ընդ որում, սա չեմ ասում մեղադրական ենթատեքստով։ Տեղի ունեցածը նույնիսկ հասկանալի է, որովհետեւ Հայ առաքելական եկեղեցին մեր պետականության չգոյության պայմաններում մեր ժողովրդի ձայնն ու շահերը կայսերական ատյաններում բարձրաձայնելու եւ պաշտպանելու գործառույթ է ունեցել, իր կարողությունների եւ հնարավորությունների սահմաններում։


Այստեղ մեր եկեղեցու դերն ու նշանակությունն անգնահատելի է, պարզապես հնարավոր չէ այդ դերը գերագնահատել։


Բայց պրոբլեմը հենց այստեղ է, որ ցավոք, մեր եկեղեցու,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդության մի հատված, Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ՝ թերեւս այն պատճառով, որ թրծվել ու ձեւավորվել են Խորհրդային Միության շրջանում եւ նրա սրատես հայացքի ներքո։


Բայց սա պրոբլեմի ամբողջ նկարագրությունը չէ, որովհետեւ դառնությամբ է պետք արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն  եւ նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում։


Բայց էլի եմ ասում, այս հատվածը խնդրի հոգեւոր մասն է, որը Կուսակցական միջոցառման ժամանակ քննարկելը պատեհ չեմ համարում։


Իսկ քաղաքական եւ պետական մասը եւ օրակարգը հետեւյալն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ եւ պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու, եւ այս օրակարգը մենք պետք է անպայման իրագործենք։


Իհարկե, սա սովորական օրակարգ չէ, սա շատ նուրբ օրակարգ է, եւ նրա իրագործմանը պետք է վերաբերվենք շրջահայաց, սիրով ու համբերատար, մի արձանագրումով, որ այլ տարբերակ չկա, Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր եւ առանց ժողովրդական ներգործության։ Բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։


Ի դեպ, հենց կայսերական տրամաբանությունն է, որ բոլորիս ուշադրությունից դուրս է դրել մի պարզ, բայց էական հանգամանք, սիրելի ժողովուրդ, սիրելի ներկաներ, որ եկեղեցին հոգեւորականները չեն միայն, այլ հավատացյալ ժողովուրդը, համայնքը, հոտը, իսկ հոգեւորականները միայն ծառայություն են իրականացնում ժողովրդին եւ Աստծուն։


Խնդիրը հենց այն է, որ Կտրիճ Ներսիսյանը ոչ Աստծուն է ծառայում, որովհետեւ վստահ է, որ նա գոյություն չունի, ոչ ժողովրդին, որովհետեւ վստահ է, որ նա իշխանություն չունի իր վրա։


Բայց մենք Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա եւ ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա։ Ու սա ընդամենը ժամանակի հարց է։ Նուրբ հարց է եւ այստեղ պետք է գործել նրբորեն։


Այնուամենայնիվ, կուզենայի քաջալերել եւ ողջունել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր այն հոգեւորականներին, ովքեր ընդունում են այս օրակարգը եւ պատրաստվում են միանալ դրա իրագործմանը։ Եկեք քաջալերենք նրանց նաեւ Կառավարող ուժի համաժողովից։


Կուսակցական սիրելի ընկերներ,


2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեր որդեգրած հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էական գործոն է, որը մեզ հնարավորություն է տվել հասնել խաղաղության։


Այդ քաղաքականության նկարագրությունն ու արդյունավետությունը ցույց տալու համար պարզապես ուզում եմ թվարկել 2025 թվականի իմ արտաքին շփումների շրջանակը։ Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Եվրոպական Միություն եւ անդամ երկրներ, Չինաստան, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստան, Ադրբեջան, Ճապոնիա, Հնդկաստան, Վիետնամ, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Ղազախստան։


Արտաքին քաղաքականությունն, իհարկե, երկրի պետական շահերը սպասարկելու, աշխարհը հասկանալու եւ աշխարհին ավելի հասկանալի լինելու գործիք են։


Բայց, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ էական են արժեքները, արժեքային համակարգը։ Այդպիսի արժեք է, օրինակ՝ խաղաղությունը, եւ այս արժեքն են սպասարկում մեր խաղաղության օրակարգը եւ տարածաշրջանացման քաղաքականությունը։


Արտաքին քաղաքականության արժեք է նաեւ անվտանգությունը, որի ամենագործուն միջոցը, ինչպես ասել եմ, խաղաղությունն է։ Խաղաղությունն է, որ մեզ տալիս է, կարող է տալ անվտանգության երաշխիքներ։


Բայց միեւնույն ժամանակ մենք աչքաթող չենք անում մեր երկրի պաշտպանունակության օրակարգը։ Եվ այս առումով, պաշտպանության ոլորտի մեր քաղաքականությունները երբեք ավելի բազմազան չեն եղել։ Մենք այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ստեղծել բազմաթիվ երկրների հետ, միեւնույն ժամանակ շարունակում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, որի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել։


Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, գտնվում են տրանսֆորմացիայի, փոխակերպման փուլում եւ թույլ տվել համոզմունք հայտնել, որ դա կառուցողական փոխակերպում է։


Այս հենքի վրա մենք գնալու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամրացնելու ճանապարհով եւ մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։


Վերադառնալով պաշտպանության թեմային, իհարկե պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է, ու վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ ու զարգացումներ են տեղի ունեցել, որոնք աննախադեպ են ոչ միայն ծավալով, այլեւ բովանդակությամբ։


Բանակի բարեփոխումների մեր ռազմավարության կարեւոր նորությունն այն է, որ մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է լուռ ու հետեւողական։


Բայց ռազմավարական, քաղաքական մակարդակում մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ նպատակի համար է մեզ հարկավոր բանակը, քաղաքական ի՞նչ խնդիր լուծելու համար, եւ այստեղ էլ մենք հենվում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։


Իսկ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընդգծում է, որ մեզ համար հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի քաղաքական, այժմ արդեն իրավական արտահայտումը 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն է։


Մենք պետք է հստակ արձանագրենք, որ այսօր եւ երբեւէ Հայաստանի Հանրապետության բանակն այս տարածքից դուրս որեւէ խնդիր չունի եւ չի ունենալու։


Մենք հենվում ենք Ալմա-Աթայի Հռչակագրով հաստատված մեր սահմանների անձեռնմխելիության տրամաբանության վրա, արձանագրելով, որ այդ սահմաններն անձեռնմխելի են թե դրսից, թե ներսից։


Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այդ սահմաններն անձեռնմխելի եւ անխախտելի են թե դրսից, թե  ներսից։ Եվ սա է այն նոր հայեցակարգը, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության պետականության հարատեւության կարևորագույն բաղադրիչը:


Հայաստանի Հանրապետության բանակը միայն ու միայն այս սկզբունքների շրջանակում է մնալու ու գործելու, պաշտպանունակությունը, միայն ու միայն պաշտպանունակությունը՝ բացառապես պաշտպանունակությունը դարձնելով իր թիվ մեկ խնդիրը։ Եվ այս խնդիրը լուծվում է արդյունավետ կերպով, ամեն օր ամենժամյա աշխատանքով:


Բայց մենք պետք է, ի վերջո, արձանագրենք, որ բանակը պաշտպանության ոչ թե առաջին, այլ վերջին բնագիծն է։


Լեգիտիմության վրա հիմնված միջազգային քաղաքականությունը, խաղաղությունը, խաղաղության օրակարգը, տարածաշրջանացումը, այն է՝ հարեւանների հետ կարգավորված հարաբերությունները, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, աշխարհի եւ տարածաշրջանի հետ փոխկապակցվածություններն են անվտանգության ապահովման առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ բնագծերը։


Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը եւ ովքեր չեն հավատում սրան, թող գնան Տավուշի մարզ, գյուղ Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում ու ֆուտբոլ խաղում։


Ունե՞ն նրանց ծնողներն անվտանգության մտահոգություններ։ Չունեն, հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ եւ ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ մեր սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ։


Եթե Կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի ու ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային։ Բայց դիմանալու կարիք չկա, որովհետեւ կա խաղաղություն եւ խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է։


Հետ գնացեք մեկուկես տարի եւ հիշեք, թե Ոսկեպարի եկեղեցու եւ Կիրանցի մասին ինչեր էին գուժում ոմանք, ինչ բառապաշարով եւ ինչ տոնայնությամբ։ Եվ հիշեք, թե ինչ էինք ասում մենք։


Ու այսօր գնացեք Կիրանց եւ տեսեք, թե ում ասածն է իրականություն եւ ում ասածը սուտ դուրս եկավ։


Ու մենք պիտի շարունակենք սահմանազատման գործընթացը։ Այո՛ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ճշգրիտ այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված, վավերացված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Եվ բազմիցս եմ ասել նաև, որ մեր օկուպացված տարածքների խնդրի լուծումն ինչպես պատկերացրել, այնպես էլ պատկերացնում ենք այս պրոցեսի շրջանակում, այն սկզբունքների շրջանակում, որ հիշատակեցի և որոնց մասին ասել եմ:


Անվտանգությունը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացումն ու ապաշրջափակումն է, եւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը մեզ հնարավորություն է տալու ինտեգրվել աշխարհին, երկաթուղային կապ ունենալ Հայաստանի տարբեր հատվածների, բայց եւ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի հետ եւ դառնալ խաղաղության խաչմերուկ։ Ի դեպ, առաջարկում եմ` եկեք նախագահ Թրամփին ծափահարենք իր աջակցության և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման իր ջանքերի համար:


Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով՝ նաեւ Եվրոպական Միության հետ։


Սա նույնպես վճռական եւ կարեւոր գործոն է, առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ այս տարի ընդունեցինք եւ Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ է «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը եւ մենք արդեն ակտիվացրել ու ակտիվացնելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։


Օրենքը լրացուցիչ երաշխիք է, որ մենք` կառավարող մեծամասնությունն ավելի կակտիվացնի իր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի առաջ բոլորի հավասարության, հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ։


Սա հատուկ եմ ընդգծում, որովհետեւ կոռուպցիան իշխանության հատկանիշ է հիմնականում եւ մենք հակակոռուպցիոն քաղաքականության մեջ պետք է սկզբունքային լինենք ոչ միայն նախկին, այլեւ ներկա, այսինքն՝ մեր իշխանության պարագայում։


2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները մեզ համար առանցքային են, անառարկելի, եւ մենք ունենք ընմբռնումը եւ պետք է ավելի ամրապնդենք, որ մենք մեր նկատմամբ ավելի պահանջկոտ պետք է լինենք, քան ուրիշների եւ մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Այլ բան, որ սա շատերը փորձում են օգտագործել մեր դեմ, մեր կողմից նախաձեռնվող ամեն ստուգում փորձելով ներկայացնել որպես նախկին բարքերի վերադարձ։


Նախկին բարքերը Հայաստանից հեռացել են անդառնալիորեն, Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին։ Կոռուպցիայի մակարդակը պետք է հետեւողականորեն եւ անխուսափելիորեն զրոյացվի, բոլոր դեպքերը պետք է հետեւողականորեն քննվեն եւ մեղավորները պետք է պատժվեն։


Սա է ժողովրդի առաջ մեր ստանձնած հաջորդ կարևոր պարտավորությունը, եւ այս պարտավորությունից մենք մի միլիմետր չենք նահանջել ու չենք նահանջելու:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի հարգելի անդամներ, 7-րդ համաժողովի հարգելի պատվիրակներ


Ինչպես արդեն ասացի, այսօրվա համաժողովում մենք կայացնելու ենք կարևոր որոշումներ: Ես նախ այստեղ ֆորմալ առումով ներկայացնում եմ նաև կուսակցության վարչության գործունեության հաշվետվությունը, վարչության քաղաքական հատվածն, ըստ էության, ներկայացրեցի: Վիճակագրական հատվածը մեր կանքում տեղադրված է որպես աշխատանքային փաստաթուղթ: Ձեզ թվերով չեմ ուզում ծանրաբեռնել, մանավանդ, որ արդեն ոնց որ թե ծանրաբեռնեցի: Խնդրում եմ ծանոթանալ: Բայց ունենք էական նշանակություն ունեցող որոշումներ, որոնց մասին պետք է զեկուցեմ և որոնց կանդրադառնամ:


Առաջինը, որ կցանկանայի հիշատակել, կուսակցության Կանոնադրությունն է՝ նոր խմբագրմամբ։ Փաստաթուղթը, նախագիծը հրապարակվել է, այսպիսով՝ հասանելի է եղել ոչ միայն կուսակցականների, այլեւ հանրության համար։ Իհարկե, խմբերում էլ ենք տեղադրել, մեր աշխատանքային խմբերում սոցիալական ցանցերի, բայց նաև հրապարակել ենք ահագին ժամանակ առաջ կուսակցական պաշտոնական կայքում:


Երկու առանցքային փոփոխության մասին, այնուամենայնիվ, կուզենայի հիշատակել։ Առաջինը, մենք լրջորեն վերանայում ու վերափոխում ենք Համաժողովի ինստիտուտը, այն մի քանի ժամանոց կամ թեկուզ մեկ օրանոց հավաքի փոխարեն վերածելով տեւական, բազմադրվագ մի հարթակի, որտեղ լիագումար նիստն ընդամենը համաժողովի ավարտն է, կուլմինացիան:


Սա, ի դեպ, այն է, ինչ իրականում արդեն իսկ հաստատված է մեր Կուսակցությունում, պարզապես նրան տվել ենք Կանոնադրական եւ ավելի համակարգված տեսք եւ սրանով քաղաքական նորագույն կուլտուրա է ձեւավորվում Հայաստանի Հանրապետությունում:


Նոր Կանոնադրության մեջ մենք նաեւ արձանագրել ենք Երիտասարդական կառույցը՝ որպես Կուսակցության մարմին, որովհետև նախկինում կառույցը նշված չէր կանոնադրությունում, ընդլայնում ենք Վերահսկող հանձնաժողովի լիազորությունների կանոնադրական շրջանակը, ընդլայնել ենք Քաղաքական ժողովի անդամների շրջանակը, շտկել ենք մի շարք կազմակերպչական անհարթություններ եւ Կանոնադրության մեջ հղում ենք ավելացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, որպես ՔՊ գործունեության հենակետ եւ գաղափարական տեսլական։


Այսօր ընդունում ենք նաեւ Կուսակցության նոր ծրագիր, կամ ավելի ճիշտ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը որդեգրում ենք որպես Կուսակցության ծրագիր։


Սա նույնպես մի փաստաթուղթ է, որ ամիսներով ոչ միայն կուսակցական, այլեւ հանրային լայն քննարկման է դրվել:


Փաստաթղթի վերջնական տարբերակում արվել են քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ, առաջարկներ են ավելացվել, և հիմնական լրամշակումն ու ծրագիրը, որը կուզեի այստեղ անպայման ներկայացնել, նախաբանն է, որ չնայած նույնպես քննարկվել է, բայց ըստ էության, նախկինում եթե չեմ սխալվում` չի հրապարակվել: Եվ կարծում եմ՝ էական է այդ ասելիքը, և դա պետք է անպայման ասվի: Իսկ դա հետևյալն է.


Այստեղ առանձնահատկություն կա, որ ծրագիրն ունի բնաբան մինչև բուն տեքստին անցնելը: Ես բնաբանը և նախաբանը, որը նորություն է`ուզում եմ ներկայացնել:

 

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։

 

Ահա այս նախաբանը և ծրագիրը, որը նույնպես կարևոր է:

 

Ծրագիր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

 

Իրական Հայաստանի սույն գաղափարախոսության իրագործումը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  քաղաքական եւ պատմական առաքելությունն է:

Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է` միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի Հանրապետության առաջընթացի եւ զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է եւ պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Սույն Ծրագրով (այսուհետեւ՝ Ծրագիր) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետեւ՝ Կուսակցություն) ստանձնում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարման հայեցակարգ, եւ 2026թ. հերթական խորհրդարանական ընտրություններում այս ծրագրով եւ գաղափարախոսությամբ Քաղաքացիներից ակնկալելու է Հայաստանի Հանրապետության  կառավարման մանդատի երկարաձգում եւս 5 տարով»:

Այո, սիրելի ընկերներ, մեր կուսակցության նոր ծրագիրը երազանքների հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է, որովհետեւ այսօր ահա մենք գտնվում ենք մեր երազանքների հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում եւ այլեւս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանզի մեր երազանքների հայրենիքը գտնված է։

Դա այսօր, այստեղ, հիմա գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հարատեւի։

Բայց սա կարգախոս չէ միայն, այլ անելիք եւ 2025 թվականի օգոստոսի 8–ին հաստատված խաղաղությունից հետո Հայաստանի Հանրապետության հարատեւությանը, ազատությանն ու երջանկությանն ուղղված հաջորդ քայլը պիտի անենք, որն իմ կարծիքով այսօր մեր խոսույթի կուլմինացիան է:

Այսօր պետք է ընդունենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հռչակագիրը։ Խնդրում եմ հատուկ եւ համակ ուշադրություն, որովհետեւ ներկայացնում եմ Հռչակագրի, ՔՊ Վարչության կողմից հաստատված եւ Համաժողովի հաստատմանը ներկայացված նախագիծը։

ՆԱԽԱԳԻԾ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

(ընդունված է Կուսակցության 7–րդ Համաժողովում 20092025)

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

       ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, 

       առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով,

       առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը,

       վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,

       հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, 

       ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը,

       ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ  երջանկությունը,

       ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը,

       հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

 

ՀՌՉԱԿՈՒՄ Է


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ


ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ

 

Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

 

1 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն:


2 Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։


3 Հենվելու է 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։


4 Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։


5 Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։


6 Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները։


7 Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները՝ ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցային եւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։


8 Խթանելու է կրթության եւ աշխատանքի միջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը, աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը՝ ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։


9Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝  խաղաղությամբ, ինքնիշխանությամբ՝ տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը։


 

Փա՛ռք նահատակներին եւ
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։